Համավարակի պայմաններում, երբ Հայաստանի վիճակը աշխարհի երկրների շարքում վատագույներից մեկն է, քաղաքական կյանքը գնալով ավելի է թեժանում: Նույնիսկ COVID-19-ով վարակվելու վտանգն ի զորու չէ զսպել մարդկանց կրքերը:
Հասկանալի է, որ Կառավարությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը: Այդ ուղղությամբ ձեռնարկված կազմակերպական միջոցառումները եւ սոցիալական աջակցության ծրագրերն անարդյունավետ դուրս եկան, ինչի մասին վկայում են թե´ ամենօրյա վիճակագրությունը, թե´ հանրային դժգոհությունները: Հասկանալի է նաեւ, որ առաջիկայում լրջագույն բարդություններ են սպասվում սոցիալ-տնտեսական ոլորտում, Արցախի խնդրում եւ մի շարք այլ ուղղություններում:
Կայացած ազգը նման իրադրությունում համախմբվում է մարտահրավերներին դիմակայելու հրամայականի շուրջը, սակայն մեզանում ճիշտ հակառակն է։ Ավելին` արդեն խոսվում է ոստիկանապետության հաստատման մասին, եւ ոչ միայն խոսվում է, այլեւ ակնհայտ են դրա բոլոր նախանշանները: Բնութագրական է, որ այս օրերին ամենահաճախ օգտագործվող բառերն են դարձել «բռնաճնշում»-ը, «դիկտատուրա»-ն, «վենդետան» եւ այլն։ Հայաստանի ապագան քաղաքացիների համար անորոշ է, լի հոռետեսական կանխատեսումներով։
Պարզ է, որ այդպես շարունակվել չի կարող: Խոշոր հաշվով` անորոշություն է տիրում նաեւ քաղաքական դաշտում: Արտաքնապես երեւացող դերակատարները նույնպես չգիտեն իրենց անելիքը, չունեն գաղափարներ ու ծրագրեր, այլապես հանրության դատին կներկայացնեին իրավիճակը փրկելու իրենց ռազմավարությունը։ Իրականում սա ճգնաժամ է, եւ այն ունի մի քանի հարթություններ։ Փորձենք մանրամասնել:
Առաջին հարթություն` գաղափարական ճգնաժամ։ 2018-ի իշխանափոխության կարգախոսները տարաբնույթ «մերժումներն» ու «ընդդեմներն» էին, սակայն չկար այն «հանուն»-ը, որն կհամախմբեր բոլորին, այդ թվում` պարտված քաղաքական կողմին եւ, բնականաբար, հանրության մեծամասնությանը։ Հիմա մենք չունենք միավորող գաղափար, չունենք ապագայի տեսլական, ինչն ատոմիզացնում է հանրությանը։
Երկրորդ` խորհրդարանական ճգնաժամ։ Այսօր ունենք մի Ազգային ժողով, որը մնացել է 2018 թվականում, երբ հանրային թմբիրը (էյֆորիա) բացարձակ իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին։ Այդ խորհրդարանը չի արտահայտում հանրության մեջ ներկա պահին առկա քաղաքական խճանկարը։ Այդպիսի իրադրությունում օրենսդրական մարմինը չի կարող կատարել իր բնական գործառութային դերը` լինել քաղաքական պայքարի քաղաքակիրթ հարթակ։ ԲՀԿ-ի դեմ սկսված արշավը նույնպես խորացնում է այդ ճգնաժամը։ Կայացած երկրներում նման վիճակի դեպքում կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում, կամ քաղաքական պայքարը տեղափոխվում է փողոց։
Երրորդ` Հայաստանում ծավալվող գործընթացների խորապատկերին փոխվում է նաեւ աշխարհը։ Միացյալ Նահանգները երկփեղկված է հակադիր ճամբարների եւ, անգամ, կան քաղաքացիական պատերազմի կանխատեսումներ։ Եվրոպական Միությունը նույնպես պառակտումների փուլում է, երբ յուրաքանչյուր անդամ երկիր փորձում է «վերմակն իր վրա քաշել»։ Թուլանում են վերազգային գլոբալիստական կառույցները։ Անշուշտ` համաշխարհային քաղաքականության համակարգային ճգնաժամն իր ազդեցությունն է ունենում նաեւ Հայաստանի վրա։
Եվ վերջինը: Հայաստանում, ինչպես որ ամբողջ աշխարհում, սպասվում է հուժկու տնտեսական ճգնաժամ, որով պայմանավորված` սրվելու են աշխարհաքաղաքական ու սոցիալական հակասությունները։
«Ճգնաժամերի» ցանկը, ցավոք, կարելի է շարունակել, էլ չենք խոսում համավարակի գործած ու գործելիք ավերածությունների մասին։ Այսօրինակ պայմաններում երկրի քաղաքական միտքը պետք է զբաղված լիներ իրավիճակից ելքեր գտնելու կարեւոր գործով, սակայն այս խնդիրների մասին մենք չենք էլ մտածում, ավելին` շատ քչերն են գիտակցում դրանք։ Ընդհանուր առմամբ` ՀՀ քաղաքական ուժերի հիմնական մտահոգությունը մինչեւ «զանգի հնչելը» իշխանություն ունենալն է:
Չնայած պարզ չէ, թե իշխանություն ունենալու դեպքում ինչ են անելու դրա հետ ճգնաժամային այս դժվար, անկանխատեսելի ժամանակներում: