Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Նոր աշխարհակարգը եւ հին, չապաքինված վերքերը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Կա տեսակետ, որ վերջին հարյուրամյակում եղել է ընդամենը մեկ Համաշխարհային պատերազմ: Երկրորդ համաշխարհայինը, ըստ այդ տեսակետի, ընդամենը Առաջին համաշխարհայինի շարունակությունն էր եւ սկսվել էր դրա արդյունքում չլուծված բազմաթիվ խնդիրների պատճառով: Նկատենք նաեւ, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ Գերմանիան, ի տարբերություն Երկրորդի, անվերապահ կապիտուլյացիայի չէր ենթարկվել, այլ հանձնվել էր որոշակի պայմաններով եւ պահպանել իր ռազմական ներուժի մեծ մասը:

Սա գոյության իրավունք ունեցող տեսակետ է, եւ եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա կարելի է համարել, որ 1945-ին հաստատված աշխարհակարգը նմանապես «մեծ ընդմիջում» էր, եւ գերտերությունների միջեւ այսօր առկա աշխարհաքաղաքական թնջուկները ոչ այլ ինչ են, քան նախկինում սառեցված կամ անուշադրության մատնված հարցեր ու հարեւան երկրների միջեւ չլուծված պահանջներ, որոնք ԱՄՆ-ի հեգեմոն դիրքերի սասանման հետեւանքով բացվել են՝ որպես հին, չապաքինված վերքեր:

Ավելի հստակ է հնչում այն կարծիքը, թե այժմ ընթանում է Երրորդ աշխարհամարտը, պարզապես՝ միջուկային երկրների առկայությամբ պայմանավորված, ուղղակի բախում տեղի չի ունենում, սակայն կիրառվող տնտեսական պատժամիջոցները, տեղեկատվական պատերազմը, թշնամու կերպարներ ստեղծելու փորձերն ու երրորդ երկրներում միջնորդավորված բախումները դրա վկայությունն են:

Իսկ ի՞նչ է դա նշանակում եւ ի՞նչ վտանգներով է հղի: Դա նշանակում է, որ ողջ աշխարհը վերածվում է հակամարտային գոտու, եւ Արցախի 44-օրյա պատերազմը դրա նախերգանքն էր՝ սկիզբը: Դա տիպօրինակն էր, թե ինչպես են հետայսու լուծվելու վիճելի հարցերը: Ահա թե ինչու արցախյան պատերազմի արդյունքները ոգեւորությամբ ընդունեց ուկրաինական հանրությունը՝ մտածելով, որ դա իրենց խնդիրը լուծելու լավ նախադեպ է, եւ համարելով, որ Ադրբեջանի հաջողության հիմնական պատճառը «Բայրաքթար»-ներն են: Ուկրաինան սկսեց մեծ քանակությամբ գնել այդ զինատեսակից, ինչպես նաեւ մերձենալ Թուրքիային՝ հուսալով, որ այդ երկիրը, ինչպես Ադրբեջանին, այդպես էլ իրեն կօգնի (իհարկե, մտքում ունենալով նաեւ Մեծ Բրիտանիայի աջակցության տարբերակը):

Սա նախադեպերի վրա հիմնված մտածողություն է, եւ հիմա որոշ երկրներում «մտքում ունենալով» արդեն Ռուսաստանի օրինակը, կարող են տրվել իրենց վիճելի խնդիրները պատերազմի միջոցով լուծելու գայթակղությանը: Արեւմուտքը նման վտանգ է տեսնում Թայվանի պարագայում: Այստեղ հետաքրքիր է Գերմանիայի ու Ճապոնիայի պահվածքը: Լինելով աշխարհի 3-րդ եւ 4-րդ տնտեսություններն ունեցող երկրներ՝ նրանք սկսել են զարկ տալ իրենց ռազմական հզորությանը, ինչը եւս ցույց է տալիս, որ 1945 թվականից ի վեր ստեղծված ստատուս-քվոն խախտվում է, այդ երկրների նկատմամբ ձեռնարկված սոցիալ-տնտեսական եւ քաղաքական սահմանափակումները նրանց ռազմական առաջընթացի վրա, կարծես թե, չեն ազդում: Ակնհայտ է նաեւ Թուրքիայի ավելի անկախ ու ավելի նախահարձակ քաղաքականությունը:

Մեծ պետություններից Հայաստանի նման փոքր երկրների կախվածությունը գնալով մեծանում է, եւ նժարի վրա ոչ միայն նրանց պետական ինքնիշխանության, այլեւ գոյաբանական հարցն է դրված: Փոքր երկրներին մնում է ուշադիր հետեւել համաշխարհային վայրիվերումներին, նոր կոալիցիաների ու նոր բաժանարար գծերի առաջացման տրամաբանությանը: Նման պայմաններում առաջին պլան են դուրս գալիս դիվանագիտությունն ու իրադարձությունները կանխատեսելու ունակությունը:

Դե, իսկ ռազմական հնարավորությունների մեծացման մասին, բնականաբար, չպետք է մոռանալ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: