Ըստ բազմաթիվ հետազոտությունների՝ երկրի տնտեսական բարգավաճման, անձնային անվտանգության, պաշտպանվածության աստիճանը բնութագրվում է հասարակության ներսում առկա փոխվստահության ցուցիչով (ինդեքս): Նման պայմաններում կարող են ձեւավորվել եւ արդյունավետ աշխատել հանրային ու քաղաքական հաստատությունները, իրավապահ համակարգը եւ այլն: Վստահության ճգնաժամի իրադրությունում ճիշտ հակառակ գործընթացներն են տեղի ունենում, եւ վստահության ցուցիչի գահավիժումը բոլոր բնագավառներում հանգեցնում է պարտությունների ու հասարակությունների կազմաքանդման: Պարզ է, որ մարդկանց միջեւ, ինչպես նաեւ հանրային ինստիտուտների հանդեպ վստահության ճգնաժամի առկայության դեպքում ոչինչ հնարավոր չէ ստեղծել:
2018-ին մի շարք երկրներում սոցհարցումներ էին անցկացվել, թե արդյոք կարելի է մարդկանց մեծամասնությանը վստահել: Տարբեր երկրներում պատկերը տարբեր էր: Օրինակ՝ Ռուսաստանում այդ հարցին դրական պատասխան էր տվել հարցվածների 28 տոկոսը, Լեհաստանում` 22, Ճապոնիայում՝ 36, Չինաստանում եւ Շվեդիայում՝ 60-ական տոկոսը: Վստահության գործակիցն առհասարակ բարձր է Սկանդինավյան երկրներում. այդտեղ բիզնես պայմանավորվածության համար հաճախ անգամ պայմանագիր չեն կնքում, բանավոր խոսքն արդեն իսկ հիմք է համատեղ գործունեության համար: Որպես կանոն, վստահության գործակիցը բարձր է լինում նաեւ փակ եւ պահպանողական համայնքների ներսում, որտեղ հանրային պարսավանքի գործոնը բարձր է:
Հայաստանում նմանատիպ ուսումնասիրության անցկացման մասին տվյալներ չունենք, սակայն դժվար չէ կռահել, որ վստահության աստիճանը բավական ցածր պետք է լինի հատկապես պետական, իրավապահ համակարգի, քաղաքական կառույցների, իսկ 2018-ի իշխանափոխությունից հետո՝ նաեւ հասարակական կազմակերպությունների նկատմամբ: Վերջինիս պատճառը նույնպես բացատրելի է՝ ՀԿ-ների շատ ներկայացուցիչներ 2018-ից հետո մտան խորհրդարան, կառավարություն, իսկ մի զգալի հատված դարձավ գործող իշխանության ջատագովը:
Ինչպես բիզնեսի ու իշխանության սերտաճումն է քայքայում պետությունը, նույնը կարելի է ասել հասարակական կազմակերպությունների ու իշխանության սերտաճման դեպքում: Սոցիալական ցանցերում եւ մամուլում փոխադարձ թշնամության խորացումը նմանապես գումարվում է այս վիճակին՝ անվստահության ու թշնամանքի երեւույթը իջեցնելով արդեն միջանձնային հարաբերությունների մակարդակի:
Սա խորքային ճգնաժամ է, որին մենք մոտեցանք երկար տարիների ընթացքում, սակայն պատերազմը այդ ամենն ավելի ցցուն դարձրեց: Մենք մեր հավաքական որակների համար հատուցեցինք ազգային ողբերգությամբ, բայց, ցավոք սրտի, հետեւություններ չարեցինք եւ, արդյունքում, փոխադարձ վստահության վիհը սկսեց ավելի արագ թափով խորանալ:
Միգուցե եկել է պահը, որ մենք կա՞նգ առնենք, փորձենք հասկանալ, թե ինչու միմյանց չենք վստահում եւ ինչը պետք է փոխել իրար հանդեպ պատշաճ վստահության մակարդակ հաստատելու համար, առանց որի մեր անկումը հնարավոր չի լինի կասեցնել: