Պատերազմից հետո հայ ժողովուրդը հայտնվել է մի տեսակ ցնցակաթվածի մեջ, եւ այս ընթացքում՝ շուրջ երեք տարի, վտանգները չեն նվազում, եթե չասենք դառնում են ավելի շոշափելի ու սպառնալից: Մենք պարբերաբար ունենում ենք զոհեր, Արցախի 120 հազար մեր հայրենակիցները գերության մեջ են, ու նրանց կյանքը վտանգված է՝ չհաշված այն զրկանքները, որ կրում են ամեն օր: Ապագայի կանխատեսումները, ցավոք, էլ ավելի մռայլ են:
Ամեն օր՝ մի նոր մարտահրավեր, մի նոր թնջուկ, մի նոր ողբերգություն… Եվ դա՝ հակամետ, թշնամական ճամբարների բաժանված այնպիսի հանրությունում, որտեղ գեներացվում է ատելության խոսքը, բացակայում է գործող կառավարության հանդեպ ժողովրդի վստահությունը, իսկ ընդդիմությունը կամ ընդդիմությունները չեն կարողանում ելք առաջարկել՝ որպես հուսալի ապագայի նախագիծ: Անորոշությունը ծնում է ընկճախտային (դեպրեսիվ) հոգեվիճակ, որը սովորաբար առաջանում է ոչ թե կորուստների դեպքում, այլ շարունակական կորուստներից ելք չգտնելու պատճառով:
Այս պայմաններում հանրությանը սկսել են հետաքրքրել հարցեր, որոնք նախկինում դուրս էին համընդհանուր ուշադրությունից՝ դրանք մեր պատմության ընթացքին առնչվող հարցեր են: Արդյո՞ք այն, ինչն այսօր կատարվում է՝ կանխորոշված է մեր անցյալի սխալ քայլերով եւ արդյո՞ք մենք մեզ պատշաճ կերպով չենք պահել վաղ անցյալում, ինչը մի քանի անգամ հանգեցրել է հայկական պետականության կորստի: Իսկ միգուցե խնդիրը մե՞ր մեջ է՝ մեր մտածողության, աշխարհընկալման, արժեքային համակարգի: Թեպետ ոչ երկրորդական նշանակության գործոն կարող են դիտարկվել նաեւ մեր աշխարհագրական դիրքը եւ թշնամի հարեւանները:
Եթե պատճառն, այնուամենայնիվ, մեր մեջ է՝ ինչն ամենահավանականն է բոլոր վարկածներից, ապա դրա բացահայտումը մեզ կարող է շանս տալ՝ ապագայում խուսափելու սխալներից եւ շտկելու իրավիճակը: Պատճառն, անտարակույս, մեր մեջ է՝ թեկուզ այն առումով, որ մենք հետանկախական տասնամյակներում բաց ենք թողել շատ հնարավորություններ, չենք ամրացրել ու արդիականացրել բանակը, տնտեսությունը, դիվանագիտությունը, չենք կարողացել քանդել մեր դեմ ձեւավորվող արտաքին ուժերի կոալիցիան ու չենք հաջողել կառուցել հարաբերությունները հնարավոր դաշնակիցների հետ:
Սրանք են այն հարցերը, որոնց մասին սկսել ենք նոր-նոր խոսել ու գրել, ինչն առաջ չէր արվում: Գուցե հիմնական սխալը հենց դա է, որ ուշացումով ենք սկսել խոսել բացթողումների ու չարածների մասին: Մենք մեզ նման հարցեր պետք է տայինք ամեն օր եւ ամեն օր դրանց պատասխանները գտնեինք ու կառուցեինք անվտանգության մեր համակարգը, մյուս բոլոր համակարգերը՝ նմանապես:
Հիմա շատ է կրկնվում այն միտքը, թե խոսելու ժամանակն անցել է, եկել է գործելու ժամանակը եւ պետք է գործ անել: Առաջ նույնպես չէինք խոսում, չէինք գրում ու չէինք իմաստավորում խոսքը, «գործ» էինք անում՝ ով ինչպես հասկանում էր այդ «գործը»: Արդյունքը, ինչպես տեսնում ենք, անմխիթարական է, որովհետեւ բաց է թողնվել խոսելու, դատելու, ուսումնասիրելու ժամանակը: Մինչդեռ ցանկացած գործ պետք է հիմնված լինի «խոսքի» վրա, որի հենքին են կառուցվում բոլոր հայեցակարգերը, ռազմավարություններն ու մարտավարությունները:
Որպես քրիստոնյա քաղաքակրթության մասնիկ՝ գոնե սովորեինք Ավետարանից, որտեղ գրված է. «Ի սկզբանէ էր Բանն…», այսինքն՝ խոսքը: Դրանից հետո միայն Աստված ստեղծեց մեր այս մեղավոր աշխարհը: «Խոսքն» այս իմաստով պետք է հասկանալ իբրեւ ապագայի Նախագիծ: Կունենա՞նք այդպիսի Նախագիծ, որն ի զորու կլինի երկիրը դուրս բերել փակուղուց՝ ցույց կտա ժամանակը: