«Դիսկուրս» բառի գիտական բացատրությունները շատ են ու ժամանակի ընթացքում փոփոխվում են։ Փորձենք դրա ամենապարզ տարբերակը հասկանալ, ինչն ուղղակիորեն արտահայտվում է այդ բառեզրի հայերեն թարգմանության միջոցով՝ «խոսույթ»։ Այսինքն՝ դիսկուրսի տակ պետք է հասկանալ, թե տվյալ հասարակության մեջ կամ խմբում մարդիկ ինչի մասին ու ինչպես են խոսում, քննարկումների ժամանակ ինչ փաստարկներ են բերում, ինչ եզրութաբանություն են օգտագործում կամ, պարզ ասած, ինչի շուրջ է քննարկումն ընթանում, որոնք են թեման ու նպատակները։
Մինչեւ 2018 թվականը Հայաստանի քաղաքական խոսույթի հիմնական թեման ինշխանափոխությունն էր եւ կոռուպցիան, այսինքն՝ կոռուպցիայի դեմն առնելու համար պետք է իշխանափոխություն իրականացնել՝ վատ մարդկանց փոխարինել լավերով։ 2018-ից հետո «բաղձալի» երազանքը կատարվեց. տեղի ունեցավ իշխանափոխություն եւ, կարծես թե, հանրությունը պետք է իրեն բավարարված զգար ու լծվեր երջանիկ ապագայի կառուցման գործին:
Սակայն՝ չունենալով ապագային միտված ծրագիր, նորելուկ «հեղափոխականները» ստիպված էին «երջանիկ ապագայի կառուցման» գործը միառժամանակ հետաձգել: Այսինքն՝ միառժամանակ մի կողմ դնել հայտարարված ուղիղ ժողովրդավարությունը, ժողովրդի իշխանության հաստատումը, տնտեսական հեղափոխությունը, անցումային արդարադատությունը, անհասկանալի վեթթինգը, կարճ ասած՝ Նոր Հայաստանի կերտումը, եւ լծվել պայքարի՝ ընդդեմ «նախկին իշխանությունների» հնարավոր ռեւանշի։ Բնականաբար, քանի դեռ «հակահեղափոխական» ուժերին վերջնականապես «չեն պառկեցրել» ասֆալտին, ոչ մի առաջընթաց չէր կարող լինել։ Ուստիեւ «պառկեցման» գործընթացը սկսեց լայն թափ ստանալ:
Այսպիսով՝ քաղաքական դիսկուրսը լցվեց «հեղափոխություն-հակահեղափոխություն», «սեւեր-սպիտակներ», «ժեխեր-էլիտաներ» դրամատիկ պայքարի բովանդակությամբ, մինչեւ որ վրա հասավ Արցախի երկրորդ պատերազմն իր դաժան ավարտով, ինչը քաղաքական խոսույթը հարստացրեց նոր բովանդակությամբ՝ «կապիտուլյանտ», «դավաճան», «հողատու», «նախկինների թալանած բանակ», «Հայրենիքի փրկության շարժում», «Նիկոլի գրպանը գցված պարտություն» եւ այլն: «Նախկինները» նոր իշխանափոխության խնդիր դրեցին, սակայն հունիսին տեղի ունեցած ընտրություններն այդ ողջ «քաղաքական խոսույթն» ի չիք դարձրին։ «Հեղափոխականները» զրկվեցին իրենց անգործության մեղքը «նախկինների» վրա գցելու հնարավորությունից, իսկ «հակահեղափոխականներն»՝ իրենց կարեւոր հաղթաթղթից, թե իշխանափոխությունը հանրային պահանջ է։
Այսպիսով՝ Հայաստանի քաղաքական դիսկուրսն ընտրություններից հետո սպառվեց: Այժմ ստեղծվել է նոր իրավիճակ, որտեղ պետք է ձեւավորվեն նոր քաղաքական խոսույթ, նոր «սեւեր ու սպիտակներ», նոր նպատակներ ու նոր դժգոհություններ։ Գործող իշխանությունն ու գործող ընդդիմությունը հայտնվել են ինտելեկտուալ դատարկության մեջ: Ինտելեկտուալ դատարկության մեջ է հայտնվել նաեւ հասարակությունը։ Գաղափարական սնանկությունն ամենավատ բանն է, որ կարող է լինել քաղաքական դերակատարների համար, այդ պայմաններում նրանց գոյության քաղաքական իմաստը վերանում է, սակայն «ի պաշտոնե» պետք է խորհրդարանում ինչ-որ բան խոսեն, ինչ-որ բանի շուրջ բանավիճեն կամ գոնե քաղաքական պայքարի պատրանք ստեղծեն։
Քաղաքական դիսկուրսի բացակայության պատճառով քաղաքական համակարգ չի կարող գոյություն ունենալ, իսկ նոր դիսկուրսի ձեւավորումը ենթադրում է նոր քաղաքական դաշտի կառուցում եւ նոր դերակատարներ։ Կստացվի՞ դա, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը։