Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Աֆղանական թնջուկ. ի՞նչ է այն խոստանում մեր տարածաշրջանին

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Այսօր աշխարհի թիվ մեկ իրադարձությունը Աֆղանստանից Միացյալ նահանգների զորքերի հապշտապ դուրսբերումն է (ոմանց կարծիքով՝ փախուստը)։ Բազմաթիվ փորձագիտական շրջանակներ արդեն կանխատեսում են ԱՄՆ համաշխարհային տիրապետության ավարտի սկիզբը։ Պարզ է, որ համաշխարհային «Ոստիկանը» չի կարող ընկրկել հետամնաց ցեղերի առջեւ, բայց եթե դա տեղի է ունենում, ուրեմն ինչ-որ լուրջ բան է փոխվում։ Իսկ ի՞նչ է փոխվում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ աշխարհակարգի վրա այդ փոփոխությունը. սա է առաջատար տեսաբանների քննարկման բուն թեման։

Եթե մոլորակի թիվ մեկ գերտերությունը սկսում է զիջել դիրքերը, ապա դատարկ տեղի համար նոր հավակնորդներ են ի հայտ գալիս, եւ մենք մտնում ենք բազմաբեւեռ աշխարհակարգ։ Դա նման է Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներից առաջ ստեղծված իրավիճակին, երբ Եվրոպայի այն ժամանակվա առաջատարության հավակնորդները ներքաշվեցին ամենաարյունահեղ պատերազմների մեջ։ Դեռեւս դժվար է ասել՝ կլինի՞ արդյոք Երրորդ համաշխարհայինը, թե՞ առաջատարության նոր հավակնորդներին, այնուամենայնիվ, կհաջողվի փոխադարձաբար պայմանավորվել խաղի նոր կանոնների շուրջ։

Նոր գերտերությունների հավակնություններ ունեցող երկրների շահերի, իսկ միգուցե նաեւ ռազմական բախման գլխավոր թատերաբեմն արդեն ոչ թե Եվրոպան է լինելու, այլ, առաջին հերթին, Մեծ Մերձավոր Արեւելքն ու Մեծ Միջին Ասիան, որտեղ է նաեւ Հայաստանը։ Ռազմավարական ներունակ հաղորդակցությունների առումով մեր երկիրը խաչմերուկ է հանդիսանում։

Հայաստանի համար սա տեսական հարց չէ, Արցախի երկրորդ պատերազմը նման զարգացումների առաջին ազդանշանն էր, երբ Հայաստանի դեմ պատերազմում էր միջազգային կոալիցիա, որոնցից յուրաքանչյուրն իր ավանդն ուներ. մեկը՝ ուղիղ կամ փորձագիտական մասնակցության, մյուսը՝ զենքի մատակարարման, երրորդը՝ դիվանագիտական տանիքի ապահովման ձեւով եւ այլն։ Մենք այդ դասը պետք է սերտենք՝ դրանից համապատասխան հետեւություններ անելով, ինչը, ցավոք սրտի, չի արվում։

Հնարավոր մեծ բախման դեպքում ովքե՞ր են լինելու մեր դաշնակիցները եւ ովքեր՝ թշնամիները, առճակատումն ի՞նչ տեսք է ընդունելու, ո՞վ է անմիջականորեն ներգրավված լինելու դրանում եւ ո՞վ է կարողանալու չեզոք երկիր մնալ, ովքե՞ր են արդյունքում կրելու կորուստներ եւ ովքեր են ունենալու ձեռքբերումներ. թերեւս՝ այս հարցերն են ներկայում ամենակարեւորը, որոնք պետք է դառնան հանրային ու քաղաքական խոսույթի առանցքային թեմաներ:

Իսկ մի բան հաստատ է՝ գլխավոր խաղացողների ցանկում լինելու են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը (այս ցանկը կարելի է շարունակել), իսկ մենք նշված երեքի հատման կիզակետում ենք։ Կկորցնե՞նք, թե՞ կշահենք՝ կախված կլինի մեր ճիշտ հաշվարկներից ու ճիշտ դիրքավորվելուց:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: