Ակնհայտ է, որ հետխորհրդային տարածքում կոմպլեմենտարիզմի ժամանակներն այլեւս ավարտվել են։ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման օրոք, շատերը կհիշեն, Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգի հիմնական թեզը կոմպլեմենտարությունն էր՝ միաժամանակյա բնականոն հարաբերությունների պահպանումն ու զարգացումը թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ: Ավելին՝ չնայած Իրանի դեմ Արեւմուտքի կիրառած պատժամիջոցներին, մեզ հաջողվում էր դարավոր հարեւանի հետ եւս պահպանել հնարավորինս լավ հարաբերություններ:
Ամեն դեպքում կոմպլեմենտարության հիմնադրույթի վրա, կարծես թե, հնարավոր էր տեւապես համակշռված հարաբերություններ կառուցել: Պաշտոնական Երեւանն իր վարած «ե՛ւ-ե՛ւ»-ի քաղաքականությունը Արեւմուտքին հիմնավորում էր նրանով, որ շրջափակման մեջ գտնվող Հայաստանը չի կարող սահմանափակել Իրանի եւ ՌԴ-ի հետ իր տնտեսական ու ինտեգրացիոն կապերը: Նույն կերպ բացատրում էր Ռուսաստանին, որ Արեւմուտքը, որտեղ ունենք նաեւ մեծ Սփյուռք, Հայաստանի գլխավոր ֆինանսական դոնորն է, հետեւաբար հարաբերությունների սահմանափակումը խիստ բացասաբար կանդրադառնա երկրի կենսագործունեության վրա: Իրանը նմանապես հասկանում էր մեր մտավախությունները եւ ներողամտություն էր դրսեւորում, երբ հարկադրաբար միանում էինք իր դեմ կիրառվող պատժամիջոցներին:
Այժմ իրավիճակը փոխվել է: Արեւմուտքը բոլորից պահանջում է հստակ ընտրություն կատարել. կամ Ռուսաստանի հետ ես, կամ Ռուսաստանի դեմ։ Մի կողմի հետ տված խաղերի համար մյուս կողմի պատիժը չի ուշանա, եւ ընդհակառակը: Չինաստանի հզորացմամբ՝ ԱՄՆ-ը կորցնում է իր գերիշխող դերը, սակայն հասկանում է, որ չի կարող նման բան թույլ տալ թե՛ ներքին, թե՛ արտաքին եւ թե՛ տնտեսական դրդապատճառներով: Չինաստանի տնտեսական եւ Ռուսաստանի միջուկային հզորությունը ԱՄՆ-ի համար լուրջ մարտահրավեր է: Ուկրաինայում փաստացի հակամարտության մեջ են Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը. ԱՄՆ-ը՝ միջնորդավորված, Ռուսաստանն՝ ուղղակիորեն, եւ տեղի է ունենում կենացմահու առճակատում:
Բնականաբար՝ երկրների մեծ մասը չի ցանկանում գնալ նման ընտրության, սակայն փոխվող միջազգային կարգն այդ ընտրությունը դարձնում է հարկադրական՝ «կա՛մ-կա՛մ»-ի սկզբունքով: Ընտրություն կատարելու դեպքում ամենահավանականն այն է, որ կարող ես կամ հայտնվել «մսաղացում», ինչպես այսօր Ուկրաինան է, կամ ենթարկվել տնտեսական պատժամիջոցների՝ եթե թիրախային երկրում «հակաավտորիտար» հեղափոխություն կազմակերպել չստացվի։ Սա է ընդհանուր իրավիճակը։
Հիմա գանք մեր տարածաշրջան։ Վրաստանում ցանկանում էին հակառուսական ճակատ բացել, սակայն իշխանությունը թույլ չտվեց: Նա, ով հետեւում է Վրաստանի դեպքերին, գիտի ԱՄՆ ու ԵՄ դեսպանների հետ կապված աղմկոտ պատմությունը, երբ Վրաստանի իշխող կուսակցության մի քանի պատգամավորներ դեսպաններին մեղադրեցին, իրենց խոսքով, Վրաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու փորձերում։
Դիվանագիտական առումով՝ Թուրքիան կարողացել է լարախաղացի ճշգրտությամբ մանեւրել Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ՝ միջնորդ դառնալով կամ, ավելի ստույգ, այդպիսին ձեւանալով ռուս-ուկրաինական հակամարտությունում: Թուրքիա ասելով՝ պետք է հասկանանք նաեւ Ադրբեջան։ Հիմա ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանը Թուրքիա-Ադրբեջան զույգի հետ առճակատման չեն գնա, երկուսն էլ մեծ կորուստներ կունենան դրանից։ Թուրքիան հնարավորությունների եզրագծի վրա է խաղում։ Սա Ադրբեջանի աստեղնային ժամն է, որից պետք է օգտվի առավելագույնս, ինչը տեսնում ենք Արցախում Ադրբեջանի լպիրշ ու հանդուգն պահվածքում։
Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները, զիջում եւ համաձայնության են գալիս միմյանց հետ։ Սա աշխարհի օրենքն է՝ լինի միջպետական հարաբերություններում, թե անհատական մակարդակում։ Հայաստանը միաժամանակ ներազգային տրոհումների մեջ է, չունի դիվանագիտություն, տնտեսություն, քաղաքական համակարգը տապալված է, որտեղ իշխանությունը պարտության քարոզչություն է տանում, քաղաքական, հանրային դաշտը ներծծված է արտաքին շահերը սպասարկող ազդեցության գործակալներով, մամուլը՝ նույնպես։
Դաժան է, բայց սա է իրականությունը։ Բնության մեջ լինում են դժվարլուծելի հարցեր, լինում են գրեթե անլուծելի թվացողներ, մինչդեռ ելք միշտ գտնել կարելի է՝ ցանկացած իրավիճակից։ Երբեմն դասավորվող հանգամանքներն են ինքնին թելադրում լուծումը:
2023-ի հունիսի 8-ին Թուրքիայում նախագահական ընտրություններ են, եւ այդ երկիրն արդեն ընկղմվել է ընտրական պառակտումների հորձանուտը: Եթե վերընտրվի Էրդողանը, Թուրքիան բազմաթիվ խնդիրների բերումով առճակատման մեջ է մտնելու Արեւմուտքի հետ: Արեւմտամետ գործչի ընտրվելու դեպքում սրվելու են Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչն անդրադառնալու է նաեւ Հայաստանի ու Արցախի խնդիրների վրա: Մի խոսքով՝ աշխարհաքաղաքական վիճակը փոփոխական է, եւ մեզ մնում է պատրաստ լինել ցանկացած զարգացման, ճիշտ կողմնորոշվել եւ կարողանալ դուրս գալ թույլ օղակից: