Հայաստանում աղմկահարույց պաշտոնանկություններ են սկսվել։ Հայկական հեղափոխության «Ձերժինսկին»՝ Վանեցյանը, եւ Փաշինյանի վստահությունը վայելող ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրաժարականներ են ներկայացրել։ Երկուսն էլ հրաժարականների պատճառների մասին խոսելիս շեշտել են «սպայի պատվի» գործոնը։ Պետք է հասկանալ, որ հրաժարական ներկայացնելով` պաշտպանել են սպայի` իրենց պատիվը։ Մամուլը լի է ապագայում սպասվող նոր հրաժարականների մասին կանխատեսումներով, իսկ հանրությունը չի կարողանում կողմնորոշվել նոր իրողություններում։ Ի՞նչ է Հայաստանում փոխվում` տակավին անհասկանալի է, բայց այն, որ կտրուկ փոփոխություններ են ընթանում, կարծես թե, ոչ ոք չի կասկածում։
Հեղափոխությունից հետո «իրավիճակների» փոփոխություններ հաճախակի են տեղի ունենում, եւ հասարակությունը, ինչպես նաեւ քաղաքական գործիչները, չեն հասցնում կամ չեն կարողանում մարսել ու գնահատել Հայաստանում սրընթաց փոփոխվող իրականությունը։
Մինչհեղափոխական շրջանում ամեն ինչ պարզ էր՝ կար հանրության վստահությունը չվայելող իշխանություն, եւ ով դեմ էր այդ իրականությանն ու դրա պատասխանատու իշխանությանը, «սպիտակ» էր, մնացածը կամ «սեւ» էին, կամ էլ, եթե հարմարվել են քաղաքական ճահճին` «գորշ»։ Հռչակված հեղափոխության եւ անմիջապես դրան հաջորդած` հեղափոխական թմբիրի ժամանակաշրջանում նույնպես կյանքը հստակ էր ու հասկանալի` կան հաղթանակած «սպիտակներ» եւ պարտված «սեւեր», որոնք ցանկանում են ռեւանշ իրականացնել։ Հանրության դերակատարությունը նույնպես պարզ էր` չպետք էր թույլ տալ, որ «սեւերը» վերադառնան։ Հետագայում այդ պարզությունը սկսեց մշուշվել, «սեւերի» ու «սպիտակների» սահմանագիծը հետզհետե լղոզվեց, գրեթե անէացավ։
Հեղափոխական «օրակարգն» առաջին անգամ սասանվեց Ամուլսարի խնդրով, երբ «սպիտակների» ճամբարում ճեղք առաջացավ։ Երկու իրարամերժ կարծիքները հատման կետ չունեն, եւ կոնսենսուսը դարձավ անհնարին։
Հիմա բաժանարար գծերը սկսել են անցնել «հեղափոխական» թիմի միջով եւ մարդկանց համար դժվար է հասկանալ, թե ում դեմ պետք է «ընկերություն» անել։
Հեղափոխության կարգախոսներն արտահայտվում էին «մերժիր» ու «պատժիր» բառերով եւ երկար ժամանակ դրանք բավական էին զանգվածներին միավորելու եւ մոտիվացնելու համար, սակայն ժամանակի ընթացքում կյանքը ստիպում է վարել նոր կարգախոսների վրա հիմնված քաղաքականություն։ Դրա անհրաժեշտությունը սկսեց զգացվել հատկապես վերջերս՝ Վանեցյանի եւ մյուս հրաժարականների առիթով: Զանգվածներին պետք է բացատրվեր, թե ինչ բաժանումներ են սկսվել «հեղափոխական» թիմում, ինչի շուրջ է ընթանում վեճը կամ անհամաձայնությունը։
Պարզունակ` «մերժիր» եւ «պատժիր» կարգախոսներն արդեն անցյալում են։ Կառավարությունը պետք է իր քաղաքական ուղեգծում հստակություններ մտցնի, առանց որի առաջ շարժվել չի կարող։ «Հեղափոխական» թիմը, ի վերջո, պետք է հանրությանը պարզաբանումներ տա, թե ինչ հասկանալ «Նոր Հայաստան» ասելիս։
Լուրջ խոսակցության ժամանակը հասունացել է։