Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Փոխվստահության ցուցիչը եւ քաղաքական գործընթացները

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հետեւելով Հայաստանի ներկայիս զարգացումներին, կարող ենք ցավով արձանագրել, որ մեզանում քաղաքական գործընթացներ՝ որպես այդպիսիք, գոյություն չունեն: Եթե «քաղաքական գործընթաց» ասելով՝ հասկանանք խարդավանքները, դերակատարների փոխադարձ մեղադրանքներն ու վիրավորանքները, հանրահավաքները, երթերը, ապա կարելի է բացճակատ հայտարարել, որ Հայաստանում բուռն քաղաքական գործընթացներ են գնում: Բայց եթե փորձենք բանաձեւել, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում «քաղաքական գործընթաց» երեւույթը, ապա հակառակ եզրակացության կարող ենք հանգել:

Եվ այսպես՝ ի՞նչ է նշանակում «քաղաքական գործընթաց»: Այն կազմակերպված հանրային խմբերի մրցակցությունն է, ինչի համար պետք է լինեն.

  1. ապագայի նախագծեր, մտքերի ու տեսակետների գեներացում, բովանդակային բանավեճեր, հասարակական կարծիքի ձեւավորում.
  2. կազմակերպման վստահելի հանրային-քաղաքական ձեւաչափեր, որոնք լայն մասնակցային են, որոշումների ընդունման եւ ներքին ընտրական մեխանիզմներ:

Նշվածներից թե՛ մեկը եւ թե՛ մյուսը Հայաստանում չկան, սակայն կա մրցակցություն, որն արտահայտվում է միմյանց դեմ «սեւ» PR-ի իրականացմամբ: Դա պատկերացնենք գազոնի տեսքով, երբ որեւէ բույս գլուխը բարձրացնում է, մյուսները փորձում են այն կտրել՝ բերելով ընդհանուր հավասարության: Ընդորում հավասարություն՝ առանց բովանդակության: Անտարակույս՝ բանավեճերը լավ էլ բուռն են, բայց մեր պատմության վերջին երեսնամյա ավանդույթների համաձայն՝ դրանք ընդամենը իշխանության համար պայքար են, այլ ոչ թե ապագայի նախագծերի շուրջ որակական ու հիմնավոր բանավեճեր:

Պետությունները շարժման մեջ գտնվող կենդանի օրգանիզմներ են, որոնք զարգանում են քաղաքական նախագծերի միջեւ մրցակցային պայքարի շնորհիվ, եւ այդ նախագծերի կազմման հոլովույթն էլ կոչվում է «քաղաքական գործընթաց», իսկ փոխվստահություն ապահովող մեխանիզմների ու կանոնների վրա հիմնված կազմակերպություններն այն գործիքներն են, որոնք միջոցով այդ «քաղաքական գործընթացը» սկսում է նյութականանալ կոնկրետ գործերում:

Առհասարակ՝ հայաստանյան հասարակության մեջ փոխվստահության աստիճանը չափազանց ցածր է: Դա վերաբերում է նաեւ միջանձնային, միջկառույցային եւ ներկառույցային ոլորտներին: Հետաքրքիր հետազոտություններ կան պետությունների ու հանրությունների վերաբերյալ, որոնցից բխում է, որ վերջիններիս զարգացածության մակարդակը պայմանավորված է հանրության վստահության աստիճանի ցուցիչով: Որքան մեծ է վստահությունը՝ այնքան բարձր է զարգացածության մակարդակը:

Եզրակացությունը պետք է որ պարզ լինի՝ մեզ հարկավոր են ապագայի նախագծեր առաջարկող, հանրային վստահություն վայելելու համար կոնկրետ մեխանիզմների հիման վրա գործող քաղաքական սուբյեկտներ, որոնք հասարակության առջեւ բաց են ու թափանցիկ, եւ ունեն որոշումների կայացման հստակ կանոններ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: