Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Նախընտրական քարոզարշավը «ֆեյքերի» գերության մեջ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Նախընտրական քարոզարշավը Երեւանում անցավ չափազանց նյարդային մթնոլորտում: Ի սկզբանե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառված «հակահեղափոխության դեմ պայքարի» հայեցակարգը բավական հաջող կաշկանդեց ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի գործողությունները: Ազատ ընտրություններին մասնակցելու փորձ չունեցող կուսակցությունները շփոթվեցին եւ տրվեցին վարչապետի ինտրիգին: Մի շարք կուսակցությունների նախընտրական քարոզարշավը հանգեց վարչապետի թիմից անվերջ բողոքների եւ նրա հետ «գժտվելու» սպառնալիքների: Նախեւառաջ դա վերաբերում է իշխանական կոալիցիայի անդամ կուսակցություններին՝ «Բարգավաճ Հայաստան»-ին, «Հանրապետությանը» եւ «Լուսավոր Հայաստան»-ին: Փաշինյանին առաջարկվեց ներողություն խնդրել այդ կուսակցությունները «սեւ ուժերի» ճամբարին դասելու համար: Ավելին՝ միանշանակ հայտարարվեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ համաձայնությունը կարող է վերանայվել:

Ինչո՞ւ նշյալ կուսակցությունները նման բանավեճի կարիք ունեցան: Չէ՞ որ արդյունքում նրանք բոլորը դիրքավորվել էին որպես վարչապետի հակառակորդներ՝ ակամա նույնանալով «սեւ ուժերի» հետ: Ավելի տրամաբանական կլիներ անտեսել Փաշինյանի ինտրիգը եւ անցկացնել ինքնուրույն ընտրարշավ, առանց հաշվի առնելու վերջինիս գործողություններն ու հայտարարությունները: Այդ պարագայում հանրահավաքներում վարչապետի հեղափոխական ելույթներն ու կոչերը կկորցնեին ընտրողների գիտակցության վրա ազդելու՝ իրենց արդյունավետությունը: Ի դեպ, հենց այդպես վարվեցին շատ այլ կուսակցություններ՝ հեռու մնալով «հեղափոխություն-հակահեղափոխություն» գծից:  Եվ չհաջողվեց նրանց հրահրել Փաշինյանի հետ արհեստական դիմակայության:

Ըստ երեւույթին, կոալիցիոն գործընկերները չկարողացան ըմբռնել Փաշինյանի նախընտրական ռազմավարության իմաստը եւ գնահատեցին այն որպես անխոհեմ «փողոցային ծեծկռտուք»: Վարչապետն ինքն ամեն կերպ ամրապնդում էր կոալիցիոն իր գործընկերների այս սխալ գնահատանքը՝ շռայլորեն հնչեցնելով այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «պատերով կտանք», «կպառկեցնենք ասֆալտին» եւ այլն: Նախկին ընտրություններում նախընտրական կաշառքներ բաժանելու մասին Փաշինյանի կողմնակիցների անընդհատ հիշեցումներն անուղղակիորեն միտված էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որն այդպես էլ չկարողացավ ձերբազատվել նախընտրական կաշառք տվող ուժի կերպարից: Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ այդ կուսակցություններն ընկրկեցին անանուն աղբյուրների վարկաբեկումների ալիքի գրոհի առջեւ, չկարողացան մնալ բարձունքում եւ ընկան «ֆեյքերի աշխարհը»:

Նախընտրական քարոզարշավի ավարտին կուսակցական գործիչների իրական քաղաքական աշխարհը սեղմվեց մինչեւ սոցիալական ցանցերի «ֆեյքերի» աշխարհի շրջանակները: Զվարճալի էր լսել թեկնածուների հանրային բողոքներն իրենց քարոզարշավը վարկաբեկող «ֆեյքերից»: Ընտրողների հետ կառուցողական խոսակցության հարթակն ի չիք դարձավ՝ ընտրողների հետ հանդիպումները հանգեցնելով բողոքների՝ բացասական տեղեկատվության այդ վիրտուալ աղբյուրներից: Նույնիսկ սպառնալիքներ էին հնչում, որ այդ «ֆեյքերին» կգտնեն ու կպատժեն:

Բայցեւայնպես, վերջին տասնամյակների ընթացքում երկրում առաջին ազատ ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում գործող քաղաքական դասը պատրաստ չէ նոր իրողություններին: Նախորդ ընտրություններին բնորոշ մեթոդները, ինչպիսիք են շանտաժն ու ընտրողների կաշառումը, վարչական ռեսուրսների կիրառումը, գործող իշխանությունների հետ գործարքները եւ այլն, անհնար են կամ անարդյունավետ: Համոզիչ ծրագրերի միջոցով ընտրողների գիտակցության վրա ազդելու ունակություն չդրսեւորվեց: Հետեւաբար՝ նախընտրական արշավն անխուսափելիորեն այլափոխվեց վիրտուալ սպառնալիքների պատկերների վրա հիմնված հանրային ինտրիգի:

Թե ինչպես հասարակությունը վերաբերվեց այս ամենին՝ ցույց կտա քվեարկությունը: Մնում է միայն հուսալ, որ ընտրողներն ավելի ողջամիտ կգտնվեն ու չեն փոխարինի իրենց իրական աշխարհը քաղաքական գործիչների «նկարած» վիրտուալ սպառնալիքների աշխարհով:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: