Սիրիայում իրավիճակը գնալով լարվում է՝ Թուրքիան ռազմական գործողություններ է սկսում Հյուսիսային Սիրիայում, Եփրատի հարավում` դա հիմնավորելով իր սահմաններն ահաբեկչական խմբավորումներից պաշտպանելու հանգամանքով: Ամենայն հավանականությամբ` նկատի ունի սիրիացի քրդերին։
ԱՄՆ-ը հայտարարում է, որ չի աջակցում Թուրքիային եւ իր ռազմական փոքրաթիվ ստորաբաժանումները հեռացնում է այդ տարածքներից։ Թրամփը` բացատրելով զորքերի հեռացումը, ասում է, որ քրդերին սատարելը շատ թանկ է արժենում իրենց համար: Հետո հավելում է, թե քրդերն իրենց հետ մեկտեղ կռվել են ահաբեկիչների դեմ, բայց ԱՄՆ-ը շատ փող է ծախսում այդ նպատակով, նաեւ քրդերին թանկարժեք տեխնիկա է մատակարարում: Վերջում էլ հայտարարում է, թե իրենք քրդերին մենակ չեն թողնի։
Իրանը Թուրքիայի սահմանին չծրագրված զորավարժություններ է սկսում, իսկ Իրանի պատասխանատուները քրդերին կոչ են անում համագործակցել սիրիական բանակի հետ։ Իրաքի քրդերի առաջնորդ Բարզանին կոչ է անում Ռուսաստանին` պաշտպանել իրենց։
Սրանք լրահոսից քաղված սահմանափակ պատառիկներ են, որոնք, սակայն, վկայում են, որ իրավիճակը գնալով բարդանում է։ Քրդերի շուրջ ծավալվող զարգացումները մեզ հետաքրքրում են այլ համատեքստում` իսկ ովքե՞ր են քրդերը։ Պարզ է, որ քրդերն այդ տարածաշրջանի մեծաքանակ ժողովուրդներից են` բաղկացած բազմաթիվ ցեղախմբերից, որոնք հոծ բնակվում են Թուրքիայում, Իրանում, Սիրիայում եւ Իրաքում։ Դա հասկանալի է: Իսկ քաղաքական առումով ովքե՞ր են քրդերը։ Արդյո՞ք քրդերն ինքնորոշված ժողովուրդ են եւ արդյո՞ք հասկանալի են նրանց քաղաքական ձգտումներն ու նպատակները։ Այս հարցերի պատասխանից է հետեւություն արվելու թե մյուս պետություններն ու միջազգային հանրությունն ինչպես կվերաբերվեն քրդերին՝ որպես ցեղախմբերի՞, ժողովրդի՞, թե՞ ինքնորոշված ազգի, որն ունի նպատակ եւ քաղաքական ներկայացուցչություն։
«Պետական սուվերենություն» հասկացությունն առաջինը ձեւակերպել է XVI դարի ֆրանսիացի մտածող Ժան Բոդենը, ով դրա իմաստի ներքո հասկացել է ֆեոդալական իրավունք, այսինքն` ֆեոդալն իր վասալների սյուզերենն է եւ իրավասու է որոշել նրանց ճակատագիրը, ու ոչ ոք չի կարող միջամտել սյուզերենի «ներքին» գործերին։ Ասել է թե` սուվերենության սուբյեկտը տիրակալն է։
Հաջորդ փուլում «Պետական սուվերենություն» ձեւակերպումն առաջին անգամ պաշտոնական փաստաթղթերում հայտնվել է 1648-ին՝ Վեստֆալյան խաղաղության պայմանագրի փաստաթղթերում, 30-ամյա կրոնական պետերազմից հետո, որտեղ եվրոպական տերությունները պարտավորվում են չմիջամտել միմյանց ներքին գործերին։
Այնուհետեւ XVIII դարում ձեւակերպվեց «Ժողովրդական սուվերենություն» հասկացությունը, որի հեղինակը Ժան-Ժակ Ռուսոն էր։ Ըստ նրա, Սուվերենը հավաքական մարմին է, որը բաղկացած է մասնավոր սուբյեկտներից: Նրանցից կազմված ընդհանրությունը նա անվանում է Ժողովուրդ։ «Ժողովրդական սուվերենության» էությունը պետության հանդեպ ժողովրդի կամքի գերակայությունն է:
Հասկանալի է, որ նախ պետք է ինքնորոշվի անհատը՝ ձեռք բերելով ազատություններ ու ստանձնելով պարտավորություններ, որից հետո ինքնորոշված անհատները ձեւավորում են իշխանություն կամ, որ նույնն է, քաղաքական իմաստով վերածվում են ազգի։
Հիմա նորից գանք քրդերին: Արդյո՞ք քրդերը կարողացել են ինքնորոշվել որպես ազգ, թե` ոչ։ Վերջերս նման փորձ արեցին Իրաքի քրդերը, սակայն ներազգային համաձայնության գալ չհաջողվեց։ Թուրքիայի, Սիրիայի, Իրանի քրդերը եւս չեն հայատարարել իրենք քաղաքական նպատակները եւ չեն ինքնորոշվել։ Չինքնորոշված ազգերը չեն կարող միջազգային հարաբերությունների մեջ մտնել եւ պաշտպանել իրենց իրավունքները։ Չինքնորոշված ժողովուրդների հարցն իր նշանակալիությամբ հումանիտար խնդիրներից այն կողմ չի անցնում, ինչի համար էլ Սիրիայում միջազգային հանրությունն ընդամենը պատրաստակամություն կհայտնի քննարկելու քրդերի հումանիտար խնդիրը, իսկ Թուրքիան` խոսելու իր սահմանների անվտանգության ու ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի մասին։
Ինչ վերաբերում է Հայաստանին ու Արցախին, ապա նկատենք, որ Արցախի ժողովուրդը եւ քաղաքական ղեկավարությունը ժամանակին ընդունել են այն հիմնարար որոշումը, որը ցայսօր քրդերն ի զորու չեն կայացնել, ինքնորոշվել են ու հայտարարել իրենց ինքնիշխանությունը` այն, ինչի հետ միջազգային հանրությունը չի կարող հաշվի չնստել: Ուստիեւ Արցախի հիմնահարցը մտել է միջազգային քաղաքականության օրակարգ։ Խնդիրը ճանաչվել է, որի հիման վրա ստեղծվել է գերտերությունների ներկայացուցիչներից բաղկացած` ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Պարզ է, որ եթե Արցախը չինքնորոշվեր` միջազգային քաղաքականության մեջ ճանաչում չէր գտնի, ընդամենը կմնար որպես հումանիտար խնդիր եւ Ադրբեջանի ներքին հարց։ Ամենատարօրինակն այն է, որ Հայաստանի հանրությունն այդ որոշման ու դրա հետեւանքների կարեւորությունը լավ չի գիտակցում։ Արցախը Հայաստանի մարզ ճանաչելու պահանջը, հակահեղափոխության, ահաբեկչության, անօրինականությունների օջախ որակելու կոչերը, որոնք հնչում են Հայաստանի որոշ շրջանակներից, ծանրագույն հարված են Արցախի ինքնորոշմանը եւ, ըստ այդմ, խնդիրը Ադրբեջանի ներքին հարց դիտարկելու չգիտակցված կամ, որ ավելի վատ է, գիտակցված նախաձեռնություն։
Լրջորեն խորհել է պետք: