1994 թվականին կրած ջախջախիչ պարտությունից եւ տարածքներ կորցնելուց հետո Ադրբեջանը շատ հստակ ուղեգիծ էր որդեգրել՝ արտաքին քաղաքականության հիմքում դնելով տարածքային ամբողջականության իրավունքի գաղափարը: Եվ պատահական չէր, որ միջազգային բոլոր հանդիպումների ժամանակ արծարծում էր Հայաստանի կողմից իր տարածքի 20%-ի «բռնազավթման» հարցը, իսկ տարբեր երկրների ղեկավարներից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հրապարակային հավաստիքներ էր «հավաքում» եւ լայնորեն տարածում մամուլով ու դիվանագիտական խողովակներով:
Դա միջազգայնորեն իր իրավունքի ճանաչմանն ուղղված քաղաքականություն էր: Պահելով իրավունքը եւ զինվելով՝ սպասում էր աշխարհաքաղաքական հնարավորության հարմար պահի, որը եկավ 2020-ի աշնանը եւ հանգեցրեց 44-օրյա պատերազմի: Այստեղ պետք է նկատել նաեւ Հայաստանի այդ ժամանակվա ղեկավարության կոպտագույն սխալները: Պատերազմից առաջ հայտարարելով, թե «բանակցում է՝ ինչ ուզում է», Փաշինյանն իր վրա վերցրեց հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը:
Արդյունքներն այսօր ակներեւ են, եւ իզուր է նա փորձում պատասխանատվության բեռն իր վրայից գցել կամ ձախողումների համար մեղադրել «նախկիններին» եւ իրենից բացի՝ ում ասես: Բայց մտադիր չենք հիմա խորանալ արտաքին քաղաքականության ոլորտում նախկինների ու ներկաների թույլ տված սխալների մեջ, որոնց քանիցս անդրադարձել ենք: Իհարկե, ճիշտ կլիներ, եթե նախկին իշխանությունները ճանաչեին Արցախի ինքնորոշման իրավունքը՝ հենվելով միջազգային իրավունքի եւ, առաջին հերթին, Կոսովոյի նախադեպի ու ՄԱԿ-ի դատարանի որոշման վրա: Ադրբեջանը, սակայն, կարողացավ ոչ միայն պահել, այլեւ իրացնել պատերազմ սկսելու իր իրավունքը, եւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:
Այս ամենը պետք էր՝ հասկանալու համար Ադրբեջանի այսօրվա քաղաքականության տրամաբանությունը: Այդ երկիրը ջանում է Հայաստանին զրկել այն իրավունքից, որի զորության մեջ համոզվել է սեփական փորձով, դրա համար շտապում է Հայաստանից կորզել մի փաստաթուղթ, որտեղ Հայաստանը հրաժարվում է Արցախից եւ տրամադրում է իր վերահսկողությունից դուրս միջանցք, որը պետք է դառնա թյուրքական աշխարհի միավորման ցամաքային ուղին:
Ադրբեջանում լավ են հասկանում, որ միջազգային կարգը խարխլված վիճակում է, եւ մոտ ապագայում նոր աշխարհակարգի կանոններ են հաստատվելու, իրադրությունը կարող է փոխվել ոչ ի նպաստ Ադրբեջանի, ինչի համար անհրաժեշտ է հենց հիմա ստանալ այդ ստորագրությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի համար բացված հնարավորությունների պատուհանը: Խոսքն, այսպես կոչված, Խաղաղության պայմանագրի մասին է: Եվ, կարծես թե, ՀՀ գործող իշխանությունը պատրաստվում է կատարել իր երկրորդ բախտորոշ սխալը՝ ստորագրել նման փաստաթղթի տակ:
Այս պահին, ցանկացած եղանակով, Հայաստանը պետք է խուսափի նման փաստաթուղթ ստորագրելուց, հակառակ դեպքում սխալը կարող է ճակատագրական լինել Հայաստանի համար: Ժամանակն Ադրբեջանի օգտին չի աշխատում, եւ մեծ է հավանականությունը, որ գարնանից աշխարհում կսկսվեն նոր զարգացումներ, ինչն առանձին խոսակցության թեմա է: