Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Հեղափոխությունը եւ նոր Սահմանադրությունը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Պատմությունը «եթե»-ներ չի սիրում: Սակայն, այնուամենայնիվ, հետաքրքիր կլիներ դիտարկել ապրիլին տեղի ունեցած դեպքերի արդյունքները, եթե 2015-ին տեղի չունենար սահմանադրական հանրաքվե, եւ Հայաստանի կառավարման կիսանախագահական ձեւը մնար նույնը։ Այդ դեպքում հեղափոխական զանգվածը պետք է իր պահանջը որոշակիացներ, այսինքն` պահանջեր կամ նախագահի հրաժարականը, կամ խորհրդարանի լուծարումը, կամ էլ կառավարության հրաժարականը: Պետական ինստիտուտների հրաժարականների միաժամանակյա պահանջը կլիներ ոչ իրատեսական եւ, ըստ էության, անհնարին։ Դա ավելի շուտ պետության լուծարման պահանջ կնշանակեր։

Եթե իշխանությունը, ասենք, տեղի տար ժողովրդի հուժկու ճնշմանը, ապա «հակահեղափոխական» իշխանության ճյուղերից մեկը կամ երկուսը պետք է շարունակեին կատարել իրենց գործառույթները, եւ «հեղափոխականները» ստիպված կլինեին հարաբերվել «հակահեղափոխականների» հետ ու հարմարվել նրանց։ Հասկանալի է, որ կառավարման նախկին համակարգը «հարմարեցված» չէր հեղափոխությունների համար:

Նոր Սահմանադրության պարագայում, ինչպես ցույց տվեց փորձը, դա հնարավոր էր։ Խորհրդարանական մեծամասնությունը «հանձնվեց» ժողովրդին, իսկ հաջորդ քայլում ստիպված է բարդ կոմբինացիայի արդյունքում ինքնալուծարվել։ Ամեն ինչ դրան է գնում։

Փաստորեն` նոր Սահմանադրությունը կարելի է անվանել «հեղափոխական Սահմանադրություն»։ Սակայն գործող Հիմնական օրենքի հեղափոխական ներուժը տեղի ունեցածով չի սպառվում. այն իր մեջ նոր հեղափոխությունների, հեղաշրջումների, հեղափոխական ցնցումների հնարավորություններ է պարունակում, ինչն արժե քննարկել` հասկանալու համար, թե ինչպիսի հավանական սցենարների կարող էինք ականատես դառնալ։

Նոր կառավարությունը հեղափոխական էյֆորիայի արդյունք է, նոր խորհրդարանից նույնպես կան հեղափոխական սպասելիքներ։ Նման ընտրությունները չեն կարող լինել ռացիոնալ, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ քաղաքական դաշտը փլուզված է, իսկ «կուսակցություն» հասկացությունը` վարկաբեկված։ Դա կուսակցությունների վերջին քսան տարիների պահվածքի արգասիքն է։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։

Կառավարության ցանկացած սայթաքում այդ էյֆորիան նվազեցնելու է, իսկ լուրջ սխալները եւ սպասելիքների բացակայությունը կարող են զանգվածներին հանել իրենց նախկին կուռքերի դեմ։ Այս պարագայում մենք կարիք ունենք նորից անդրադառնալու մեր նոր «հեղափոխական» Սահմանադրությանը։ Մեծ լծակներով օժտված նախագահի ինստիտուտի բացականության պայմաններում մեծանում է պատգամավորների դերակատարությունը։ Հանրային դժգոհությունների դեպքում յուրաքանչյուր կառավարություն հրաժարականից ապահովագրված է լինում ընդամենը մեկ տարի (ըստ Սահմանադրության` խորհրդարանը իրավունք չունի առաջին մեկ տարվա ընթացքում անվստահություն հայտնել կառավարությանը)։ Մեզ սպասվող հնարավոր քաղաքական եւ սոցիալական ցնցումների պատճառով կառավարությունները հայտնվում են անպաշտպան վիճակում, քանի որ հենց այդ ինստիտուտներն են դառնում նման իրավիճակների առաջին պատասխանատուն։

Սահմանադրության փոփոխության հարցը նորից հրատապ է դառնում։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: