Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Զիջելու եւ «լավ ապրելու» տերպետրոսյանական թեզը մտավոր ծուղակ էր

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Դեռեւս 1997 թվականից Հայաստանի հասարակությունը մտավոր ծուղակի մեջ էր, որի հեղինակը ՀՀ առաջին նախագահն էր: «Ծուղակի» հիմնական բովանդակությունը հետեւյալն է. Հայաստանը՝ պահանջելով Արցախը եւ, միաժամանակ, պահանջատիրության հայտ ներկայացնելով Թուրքիային, իր հարեւանների հետ սուր բախումների մեջ է հայտնվել, եւ մենք երբեք չենք կարող բարիդրացիական հարաբերություններ հաստատել նրանց հետ, մինչեւ փոխզիջման չգնանք: Եվ, քանի որ, ըստ էության, ագրեսորն ու պահանջատերը մենք ենք, բնականաբար, առաջինը մենք պետք է գնանք զիջումների:

Բացի դրանից, ըստ Տեր-Պետրոսյանի տրամաբանության, քանի կա միջազգային հանրությունը, որը երկրների տարածքային ամբողջականության գաղափարի պահապանն է, երբեք թույլ չի տա, որպեսզի Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմից դուրս: Մյուս կողմից՝ Ադրբեջանը եւ նրա շահերի պաշտպան Թուրքիան, երբեք չեն հաշտվի այդ իրականության հետ եւ ֆինանսական ու ռազմական հզորություն ձեռք բերելով՝ իրենց խնդիրներն ուժով կլուծեն: Ավելի մանրամասն այդ թեզերը Տեր-Պետրոսյանը շարադրել է «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում:

Եթե հետադարձ մի հայացքով վերագնահատենք անցած ուղին, Տեր-Պետրոսյանի ասածները, կարծես թե, տրամաբանական են՝ ամեն ինչ հենց այդպես էլ կա. Ադրբեջանը հզորացրել է իր բանակը, ի դեմս Իսրայելի, Պակիստանի ու Մեծ Բրիտանիայի՝ ձեռք բերել դաշնակիցներ եւ նրանց օգնությամբ հաղթել պատերազմում:

Սակայն ավելի խորքային դիտարկումների դեպքում այդ տրամաբանությունը խախտվում է, առնվազն երկու պարզ հարց է առաջանում. ա/ արդյո՞ք Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ամենակենսականը Արցախի հարցն է, որը զիջելուց հետո նրանք կբավարարվեն; բ/ արդյո՞ք Ադրբեջանի վերոնշյալ դաշնակիցներին, ինչպես նաեւ Թուրքիային Արցախի հարցն է հետաքրքրում, որի համար ահռելի ռազմական, դիվանագիտական, հետախուզական ու տեխնոլոգիական օգնություն են տրամադրել եւ տրամադրում Ադրբեջանին:

Այս հարցերի պատասխանը գտնելու դեպքում կարող է բոլորովին այլ պատկեր ուրվագծվել, որտեղ Տեր-Պետրոսյանի տրամաբանությունը կփլուզվի: Զիջումներով կամ, նրա խոսքով, «փոխզիջումներով» հնարավոր չէ բարիդրացիական հարաբերություններ հաստատել:

Ադրբեջանական կայքերում հաճախ են հանդիպում Աթաթուրքի «շատ հեռատես ու իմաստուն մտքերը» (բնորոշումներն իրենցն է-խմբ.), որը Լենինից պահանջում էր Նախիջեւանն ու Սյունիքը ներառել Ադրբեջանի կազմում՝ թեկուզ ողջ Ադրբեջանը Խորհրդային Միությանը զիջելու գնով: Հետո էլ՝ 30-ականներին, Թուրքիան Իրանի հետ տարածքներ փոխանակեց Նախիջեւան-Թուրքիա սահման ունենալու համար: Այսինքն՝ Աթաթուրքը դեռ այն ժամանակ էր պլանավորել Թյուրքական աշխարհ ստեղծելու նախագիծը, որ, թեկուզ 100 տարի անց, Մեծ Թուրանի համար նախադրյալներ լինեն:

Աթաթուրքը Նախիջեւանի հարցը կարողացել էր լուծել, Սյունիքի հարցն էլ հիմա իրենք են մտադիր գլուխ բերել, եւ Չինաստանից, Սիբիրից մինչեւ Սիրիա ծավալվող Թյուրքական աշխարհի գաղափարը հայ-ադրբեջանական հաշտությամբ չի կարող տապալվել: Սակայն այստեղ խոչընդոտներ կան՝ դրանք են Իրանը, Պակիստանի ոխերիմ թշնամի Հնդկաստանը եւ Ռուսաստանը: Մյուս կողմից էլ՝ Իրանի ոխերիմ թշնամի Իսրայելը եւ Թյուրքական աշխարհից տնտեսական ու աշխարհաքաղաքական նշանակալի շահաբաժիններ ակնկալող Մեծ Բրիտանիան:

Ինչպես տեսնում ենք, Արցախն ու հայ-ադրբեջանական հարաբերությունները սրանում որեւէ էական դեր չեն կարող կատարել: Զիջելու եւ «լավ ապրելու»՝ տերպետրոսյանական թեզը, որի ծուղակի մեջ են ընկել հազարավոր մարդիկ, սնանկ դուրս եկավ: Այդ գաղափարի կրողն են նաեւ գործող վարչապետն ու փողոցից իշխանության ղեկին հայտնված՝ նրա թիմի մեծամասնությունը: Այդ ամենի վերջնարդյունքը մենք տեսնում ենք:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: