Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Յուրաքանչյուր քաղաքական ուժ` ընդդեմ իր բնական շահերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Քաղաքական կառավարման արվեստի կարեւորագույն բաղադրիչներից մեկը հանրությանը զբաղեցնելու եւ ապակողմնորոշելու համար կեղծ կամ անէական օրակարգի ձեւավորումն ու շրջանառումն է։ Նման պարագաներում հարկ է լինում լրատվական դաշտը ողողել այդ օրակարգի մասին նորություններով, դիպվածներով, վերլուծություններով՝ հնարավորինս պահպանելով ինտրիգը։ Բայց որքան էլ, նույնիսկ, հանրության համար հետաքրքրական լինի տվյալ թեման` այն ի զորու է պահպանվել այնքան ժամանակ, մինչեւ մի նոր տեղեկություն կամ սկանդալային իրադարձություն կհայտնվի օրակարգում` մոռացնել տալով նախկինը։ Դա քաղաքական գործընթացի իմիտացիաներ ստեղծելու փորձված հնարք է։

Այդպիսի իրավիճակ է տիրում այսօր Հայաստանում։ Բանն այն է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ ծավալված զարգացումները ժողովրդի համար այնքան էլ ընկալելի չեն։ Նորացված փաստաթղթի վերաբերյալ մարդկանց մտքերն ու դատողությունները սկսում եւ վերջանում են նրանով, որ ընտրությունները չպիտի կեղծվեն ու պետք է արտահայտեն այս կամ այն քաղաքական ուժի հանդեպ հասարակության իրական վերաբերմունքը։

Ինչպես փորձը ցույց տվեց, ընտրակեղծիքները բացառելու համար բավարար է ընդամենը կառավարության կամքը, իսկ ընտրությունների արդար անցկացումը կապահովի ոստիկանությունը, ինչպես դա եղավ Երեւանի ավագանու ընտրության ժամանակ։ Այսքանով խնդրի մասին հանրության լայն շերտերի ընկալումների պաշարը սպառվում է։

Հիմա գանք ԱԺ խմբակցությունների վարքագծին` չնայած սա առանձին քննարկման նյութ է։ Գործող Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը` «կարված» լինելով իշխող քաղաքական կազմակերպության «հագով», այսինքն` բխելով նրա շահերից, միանգամայն ձեռնտու են օրվա իշխանությանը, տվյալ դեպքում` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Սակայն հենց այդ ուժն է հանդես գալիս ԸՕ-ի փոփոխությունների օգտին։ Եվ, առհասարակ, քաղաքական դերակատարներից յուրաքանչյուրն այս հարցում, կարծես թե, հանդես է գալիս իր շահերին հակառակ դիրքերից։ Ինչո՞ւ:

Կառավարությունը նպատակ ունի հանրությանը ցույց տալու, որ կատարում է հետհեղափոխական իր խոստումները կամ, գոնե, դրանցից մեկը: Որեւէ այլ շարժառիթ, համոզիչ պատճառ, համենայն դեպս, հրապարակայնորեն չի ներկայացվել։ Սա այն դեպքերից է, երբ իշխող ուժի համար կարեւորը ոչ թե օրենքի փոփոխության բովանդակությունն է, այլ բուն գործընթացը։

ՀՀԿ-ն, որ փաստացի ընդդիմություն է եւ Ազգային ժողով մտնելու համեստ հնարավորությունների տեր քաղաքական ուժ, թվում է` ինքը պետք է շահագրգռված լիներ այդ փոփոխություններում, սակայն ճիշտ հակառակ դիրքորոշումն է որդեգրել։ Փոփոխված օրենսգիրքը Հանրապետականի համար ԱԺ մտնելու պատուհան է բացում։ Այդ կուսակցության պահվածքի միակ ողջամիտ բացատրությունը, թերեւս, կարելի է պայմանավորել Վենետիկի հանձնաժողովի նախագահի այն տեսակետով, թե օրենսգրքի փոփոխություններից հետո կարճ ժամանակ անց ընտրությունների անցկացումը նպատակահարմար չէ, իսկ ոչ էական փոփոխությունները, նման պարագայում, պետք է կատարվեն քաղաքական գլխավոր դերակատարների փոխադարձ համաձայնությամբ։ ՀՀԿ-ն ջանում է ցույց տալ, որ այդ փոխհամաձայնությունն առկա չէ։ Այսինքն` ցանկանում է հետագայի համար խնդիրներ ստեղծել կառավարության համար, չնայած այդ պահվածքը հակասում է իր շահերին։

Հատկապես հետաքրքիր է ԲՀԿ-ի դիրքորոշումը: Վերջինս այն հիմնական կառույցն է, որը շահագրգռված է նախագծի տապալման գործում. չէ՞ որ «ռեյտինգային» կոչվող ընտրակարգի պահպանման հիմնական շահառուն ԲՀԿ-ն է: Սակայն հենց նա է նախաձեռնել տապալված փոփոխությունները եւս մեկ անգամ խորհրդարան բերելու համար ԱԺ նոր արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքը, ինչը կարող է ունենալ միայն մեկ բացատրություն՝ ծառայություն մատուցել իշխանությանը։ Սա նույնպես չի բխում ԲՀԿ-ի շահերից եւ ոչ քաղաքական վարքագծի դրսեւորում է։

Այսպիսով` գործ ունենք քաղաքական մի ֆենոմենի հետ, որտեղ ամեն մեկը հանդես է գալիս ընդդեմ իր բնական շահերի, սակայն նրանցից յուրաքանչուրը փորձում է այլ խնդիրներ լուծել, որոնք ավելի շուտ պոպուլիստական են կամ էլ գտնվում են ռացիոնալ հարթությունից անդին։ Ընտրական օրենսգրքի շուրջ ծավալված այդ զարգացումները ցույց են տալիս Հայաստանում առկա քաղաքական մթնոլորտի իրական վիճակը, որը դուրս է քաղաքական տրամաբանությունից ու առողջ դատողության ծիրից:

Քաղաքական կազմակերպությունները կոչված են մշակելու եւ հանրությանը ներկայացնելու լուրջ օրակարգեր, որոնք կպարունակեն երկրի առջեւ կանգնած կենսահույզ խնդիրների իրական լուծումներ։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: