Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Կենսունա՞կ կլինի արդյոք նոր խորհրդարանը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Դեկտեմբերի սկզբին մեզանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սակայն համարյա բոլորը հասկանում են, որ Հայաստանն այդ ընտրություններին պատրաստ չէ։

Ապրիլյան իշխանափոխությունից հետո քաղաքական համակարգը կաթվածահար վիճակում հայտնվեց, իսկ քաղաքական դաշտը՝ քայքայված։ Այն հանգամանքը, որ ընտրություններն այս անգամ անցնելու են առանց ընտրակեղծիքների՝ փոխում է ընտրությունների եւ իշխանության գեներացման ողջ տրամաբանությունը։ Եթե առաջ կուսակցությունների ցուցակներում տեղեր էին զբաղեցնում ֆինանսներ բերողներն ու տեղական հեղինակությունները, որպեսզի ապահովեն անհրաժեշտ թվով ձայներ եւ ռեսուրսներ, ապա նոր պայմաններում որոշիչ է դառնում հանրության վրա ունեցած ազդեցությունը։ Կուսակցությունները պետք է կարողանան համոզել մարդկանց, որ գան ընտրատեղամասեր եւ քվեարկեն իրենց  օգտին։ Ահա սա է նախորդ ընտրություններից սկզբունքային տարբերությունը, որին գործող կուսակցությունները հիմնականում անպատրաստ են։

Մինչապրիլյան զարգացումները գլխավոր քաղաքական գաղափարն «իշխանափոխությունն» էր, իսկ քաղաքական դաշտը բաժանված էր «չարի» եւ «բարու» միջեւ։ Իշխանափոխությունից հետո հանրային տրամադրությունները փոխվել են, մարդիկ ցանկանում են ավելի լուրջ խոսակցություն լսել՝ արդեն ծրագրային դրույթներ եւ աշխարհայացքային  արժեքների առաջարկներ։ Սա նոր քաղաքական գործընթացներ ու նոր տրամաբանություն է ենթադրում։

Կուսակցությունների կոչումն է՝ լինել միջնորդ իշխանության եւ հասարակության միջեւ, այսինքն՝ նրանց համար ապահովել հաղորդակցություն, պատրաստել կադրային բազա կառավարող օղակների համար, ինչպես նաեւ ներկայացնել երկրի ապագայի վերաբերյալ հանրության մի որոշակի շերտի պատկերացումները։ Սրանք այն կարեւոր գործառույթներն են, որոնց համար կոչված են կուսակցությունները։

Դեկտեմբերին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին արդեն կանխատեսումներ են արվում, որոնք այնքան էլ բազմազան չեն։ Իշխանափոխություն իրականացրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթում է ընտրություններում, եւ եւս երկու կուսակցություն կատարում են ընդդիմության դերը։ Թե նման խորհրդարանի աշխատանքներին հետեւելը որքանով հետաքրքիր կլինի ընտրողների համար՝ դժվար է ասել, սակայն հանգամանքը, որ նման խորհրդարանն այսօրվանից արդեն ոչ կենսունակ է պատկերանում շատերին՝ ինքնին լուրջ խնդիր է։

Խորհրդարանի դերն է նաեւ՝ դառնալ հանրային քննարկումների հարթակ։ Երբ այդ հարթակը չի կայանում՝ գործընթացներն այլ հարթակներում են տեղի ունենում, իսկ դա արդեն բացասական երեւույթներով է հղի։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: