Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Երբ իրեն զգալ է տալիս միավորող գաղափարի պակասը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

1991-ին կազմավորված իշխանությունը, որը գերազանցապես բաղկացած էր երեւանյան գիտահետազոտական ինստիտուտների աշխատակիցներից ու խորհրդային այլախոհներից, չուներ կառավարման փորձ եւ պետության հիմնէության մասին պատկերացումներ: Ճիշտ այսօրվա նման: Սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, քաղաքական քաոսը, ապաեւ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը այդ ամենի մասին մտածելու ժամանակ չէին էլ թողնում: Որոշումները կայացվում էին պահի թելադրանքով, հապճեպ, սխալ եւ անսխալ քայլերի հաջորդականությամբ՝ ինչպես որ ստացվեր:

Դա հատուկ էր ոչ միայն Հայաստանին, այլեւ խորհրդային նախկին բոլոր երկրներին: Պետք է հաշվի առնել նաեւ, որ այդ երկրները տարբեր քաղաքակրթական արժեքների կրողներ էին: Օրինակ՝ Կենտրոնական Ասիայի եւ Ադրբեջանի հանրապետությունները շատ քիչ ընդհանրություններ ունեին Մերձբալթյան երկրների հետ: Հայաստանն ու Վրաստանը ունեին որոշակի ընդհանրություններ Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բելառուսի հետ, իսկ Մոլդովայի քաղաքակրթական պատկանելությանը անգամ հիմա դժվար է գնահատական տալ:

Չնայած այս ամենին, ՀՀ-ում իշխանության էին եկել լիբերալ (ազատական) ուժերը կամ նրանք, ովքեր իրենց այդպիսին էին ճանաչում: Գործիչներ, որոնց համար ազատ շուկան եւ եվրոպական ուղին «կախարդական փայտիկ» էր: Պատահական չէր Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի բնորոշումը, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է: Ասենք, ինչ գաղափարախոսության մասին կարելի էր խոսել, երբ բոլոր գաղափարախոսությունները պարտվել էին, մնացել էր մեկը՝ ազատականությունն իր ազատ շուկայով, գլոբալիստական նախագծով, որը մեզ խոստանում էր երջանիկ ապագա՝ որոշ դժվարություններով անցնելուց հետո:

Սակայն կյանքը ցույց տվեց, որ առջեւում ոչ թե խաղաղ ու երջանիկ ժամանակներ են սպասվում, այլ ծանրագույն աշխարհաքաղաքական հակամարտություններ: Ռուս-ուկրաինական պատերազմը դրա ցայտուն օրինակն է: Համաշխարհային գերիշխանության համար մղվող պայքարում փոքր երկրներն օբյեկտների դեր են կատարում, որոնք մեծ շուկաների ձեւավորման ու նոր, աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող հաղորդակցությունների բացման ու փակման գործիքներ են:

Նման պայմաններում փոքր ազգերի համար խնդիրներ են առաջանում հատկապես այն առումով, թե իրենք հակամարտող ճամբարների որ կողմում են եւ արդյո՞ք կարող են իրենց թույլ տալ մեծ գիշատիչների պայքարում լինել կողմ ու չտուժել դրանից: Պետք է ավելացնել, որ այս կամ այն կողմում լինելը երբեմն ենթադրում է քաղաքակրթական ընտրություն: Այստեղ է, որ ազգային գաղափարախոսությունների խնդիր է առաջանում, եւ ուզենք-չուզենք, բացի աշխարհաքաղաքական ընտրությունից, ստիպված ենք քաղաքակրթական ընտրություն եւս կատարել:

Սա կարեւոր է նաեւ նրանով, որ նման խառնակ ժամանակներում իրենց ազգային շահը պաշտպանել կարող են բացառապես համախմբվելու ունակ ազգերը, իսկ համախմբումը, որպես կանոն, տեղի է ունենում միավորող գաղափարի շուրջ կամ, որ նույնն է, տվյալ ժողովրդի արժեքային համակարգի միջոցով: Դա էլ հենց մեզնից աղետալիորեն երես թեքած ազգային գաղափարախոսություն է, որտեղ «ազգային» բառի տակ պետք է հասկանալ ոչ թե էթնիկական պատկանելություն, այլ՝ պետական քաղաքացիություն:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: