«Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ քննարկվում է Կուսակցությունների մասին նոր օրենքի նախագիծը։ Սույն օրենքը պետք է որոշի այն հիմնական պահանջները, որոնք պետությունը դնում է կուսակցությունների առջեւ։ Թվում էր` այդ օրենքը պետք է շարժեր անխտիր բոլոր կուսակցությունների հետաքրքրությունը, սակայն ոչ բոլորն են մասնակցում քննարկումներին, առաջարկություններով ու առարկություններով առայժմ մամուլը չի հեղեղվել։ Այնինչ ցանկացած կայացած երկրում նման օրենքի քննարկումը, թերեւս, կդառնար հասարակական-քաղաքական կյանքի գլխավոր հարցը։ Ինչո՞ւ։
Ուզում եք հեղափոխություն իրականացրեք, ուզում եք` հեղաշրջում, ուզում եք` զինված ապստամբություն, միեւնույն է` դա ավարտվելու է կեղծված կամ չկեղծված ընտրություններով՝ ըստ Սահմանադրության պահանջի, եւ իշխանության է գալու քաղաքական ուժերից որեւէ մեկը։ Ցանկացած պարագայում երկիրը ղեկավարելու է հաղթող կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը, եւ պետության ապագան պայմանավորված է լինելու այդ կուսակցության պատկերացումներով, ներքին ժողովրդավարության չափով, ներկուսակցական վարքականոնի ու պատասխանատվության առկայությամբ կամ դրանց բացակայությամբ։ Ամեն դեպքում ընտրություններում հաղթող կուսակցությունն իր արժեքային համակարգը կամ դրա բացակայությունը, իր ժողովրդավարական կառուցվածքը կամ ավտորիտար կառավարման ձեւը տարածելու է ողջ պետական մեքենայի ու հասարակության վրա։
Ասվածից հետեւում է, որ նման օրենքն ուզածդ երկրի համար ճակատագրական է եւ, նույնիսկ, իր ազդեցությամբ կարող է համեմատվել Սահմանադրության հետ։ Անգամ վերջին տասնամյակներում հայերեն բառապաշար ներթափանցած` «պետության զավթում» արտահայտությանը միս ու արյուն տալու համար նախ պետք է զավթել որեւէ կուսակցություն, այնուհետեւ այդ կուսակցության միջոցով որեւէ ավտորիտար առաջնորդի կամ մարդկանց խմբի միջոցով զավթել պետությունը։
Վերոշարադրյալից նաեւ պարզ է դառնում, որ խնդրո առարկա օրենքի հիմնական նպատակներն են՝ թույլ չտալ նկարագրված բացասական երեւույթների հնարավորությունը եւ օրենքի միջոցով խթանել ներկուսակցական ժողովրդավարության, կուսակցության անդամների եւ, առհասարակ, հանրության կողմից պատասխանատվության ինստիտուտի ներդրումը։ Կարճ ասած` մինչեւ չլինեն առաջին հերթին շարքային կուսակցականների, ապաեւ հանրության կողմից վերահսկելի` ժողովրդավարական մեխանիզմներով գործող կուսակցություններ, մենք ոչ մի հեռանկար չենք ունենալու:
Հայաստանում, հատկապես իշխանափոխությունից հետո, հաշվի առնելով մեր ոչ հեռավոր անցյալի փորձը, Կուսակցությունների մասին նոր օրենքը պետք է հանրության ուշադրության կենտրոնում լիներ, սակայն պատկերն այլ է։ Այս վիճակը պետք է մեզ մտահոգի։ Փաստորեն` Հայաստանի քաղաքական միտքն ի զորու չէ ձեւավորել քաղաքական օրակարգ, որոշ կուսակցությունների ոչ թե երկրի ապագան է հետաքրքրում, այլ բոլորովին այլ բաներ կամ էլ, միգուցե, նման հիմնավոր օրենքը, որը կուսակցություններին կպարտադրի դառնալ իրական քաղաքական ինստիտուտներ, նրանց պետք չէ, որովհետեւ նպատակներն այլ են։
Հայաստանը խորհրդարանական կառավարման մոդելի երկիր է։ Նման երկրներում հանրային-քաղաքական կյանքի ամենակարեւոր կազմակերպությունները կուսակցություններն են։ Այսինքն` երբ կան հանրային տրամադրություններն ու վստահությունը արտահայտող քաղաքական կազմակերպություններ, ապա այդ համակարգը սկսում է գործել, եթե չկան, ապա ինչ-որ բան այն չէ:
Բրիտանիայի 19-րդ դարի նշանավոր քաղաքական դեմքերից մեկը՝ վարչապետ Բենջամին Դիզրայելին, տվել է կուսակցության յուրահատուկ մի սահմանում. Կուսակցությունը կազմակերպված հանրային կարծիք է:
Հիմա դժվար է ասել, թե հանրային ինչպիսի կազմակերպված կարծիքներ կան մեզանում եւ ովքեր են այդ կարծիքների կրողները։ Եթե այդ ամենը չկա, ապա անհասկանալի է, թե «Հայաստանի քաղաքական կյանք» ասվածն ինչ է իրենից ներկայացնում։
Ինչեւէ, ընթանում են Կուսակցությունների մասին նոր օրենքին նվիրված քննարկումներ, ինչը չափազանց կարեւոր նախաձեռնություն է՝ թեկուզ կիսադատարկ դահլիճներում ու սենյակներում։