Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Խմբագրական

Ինչո՞ւ Փաշինյանը շտապ մեկնեց Իրան

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մոսկովյան հանդիպումից անմիջապես հետո Հայաստանի վարչապետը մեկնեց Իրան: Պարզ է, որ նման պատահականություններ չեն լինում: Հաշվի առնելով ռուս-իրանական համագործակցության որակը, որը գնալով ավելի է խորանում՝ ձեռք բերելով ռազմավարական բնույթ, կարելի է այդ այցից հանգել եզրակացության, որ Մոսկվան ու Թեհրանը Հարավային Կովկասում վարում են համաձայնեցված քաղաքականություն:

Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունի իր տարածագոտու երեք խոշոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համար՝ տարածագոտի, որտեղ այդ երկրների շահերը ոչ միայն բախվում են: Այն միաժամանակ ընձեռում է փոխկապակցված շահերի հնարավորություն՝ ընդհուպ մինչեւ նրանց տարածքային ամբողջականության պահպանման առումով:

Եթե դիտարկենք վերջին մի քանի հարյուրամյակների պատմությունը, կպարզվի, որ այս տարածքը մշտապես եղել է ահեղ պատերազմների թատերաբեմ: Բացառություն էին, թերեւս, խորհրդային խաղաղ տարիները, երբ տարածաշրջանում հաստատվել էր կայուն «ստատուս քվո»: Այժմ այն դարձյալ խախտվել է, եւ նորից թեւակոխում ենք մրցակցության ժամանակաշրջան, որը կարող է ուղեկցվել նաեւ պատերազմներով, ինչպես մենք տեսանք 2020-ին:

Չմանրամասնելով այդ երկրների համար Կովկասի նշանակությունը, միայն հպանցիկ նշենք, որ Իրանի ադրբեջանցիների՝ հետզհետե աշխուժացող անջատողական տրամադրություները սպառնում են այդ երկրի տարածքային ամբողջականությանը, ինչը Ռուսաստանի համար նույնպես լուրջ վտանգ է ներկայացնում: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը՝ ամբողջապես անցնելով Թուրքիայի վերահսկողության տակ, կարող է Հյուսիսային Կովկասի մահմեդական բնակչության շրջանում անջատողականության  դրսեւորումներ գեներացնել:

Կովկասի նկատմամբ վերահսկողությունը, հասկանալիորեն, խիստ կարեւոր է Թուրքիայի համար՝ հաշվի առնելով նրա հարավում ու արեւելքում կենտրոնացած քրդերի գործոնը: Կովկասում ուժեղացնելով դիրքերը, Թուրքիան՝ ի դեմս Հյուսիսային Կովկասի մահմեդականների, կստանա քրդական անջատողականությունը զսպելու գործիքակազմ:

Այժմ փորձենք հասկանալ հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական դասավորվածությունը: «Շուշիի հռչակագիր» կոչվող փաստաթղթով Թուրքիան, ինչպես հայտնի է, ստանձնել է Ադրբեջանի անվտանգության պահպանման հանձնառություն, ինչը մեծացրել է վերջինիս ախորժակը եւ, մասնավորապես, Հայաստանի դեմ նախահարձակ արտաքին քաղաքականություն վարելու նկրտումները: Մանավանդ՝ ներկա իրադրության պայմաններում, երբ ուկրաինական ռազմաճակատում որոշ անհաջողությունների պատճառով Ռուսաստանի «գլուխը խառն է»:

Այդպիսով՝ Հարավային Կովկասում առաջացել է Թուրքիային հավասարակշռելու, ուժերի նոր բալանս ձեւավորելու հույժ անհրաժեշտություն, եւ այդ համատեքստում Հայաստան-Իրան հարաբերությունները ստանում են ռազմավարական բնույթ՝ հակակշռելու համար Ադրբեջան-Թուրքիա տանդեմին:

Սա է Փաշինյանի՝ Իրան այցի ռազմավարական նշանակությունը, ինչը սկսել է անհանգստացնել Արեւմուտքին կամ, ավելի ճիշտ, Միացյալ Նահանգներին, որը Ռուսաստանին եւ Իրանին մեկուսացնելու քաղաքականություն է վարում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: