Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Խմբագրական

Փղերը եւ մկները

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Արդեն բոլորի համար հասկանալի է, որ Ուկրաինայում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմ է ընթանում, որը կարող է կանգ առնել, երբ կողմերը համաձայնության գան: Թե ինչի շուրջ պիտի լինեն համաձայնության պայմանները, տարբեր կարծիքներ են հնչում, սակայն միանշանակ է, որ գլխավորն այստեղ Ուկրաինայի խնդիրը չէ. այն Արեւմուտքի համար ունի բարոյական նշանակություն, բայց ոչ՝ բովանդակային:

Քաղաքականությունն ու բարոյականությունը անհամատեղելի հասկացություններ են: Ուկրաինայի հարցում Արեւմուտքին անհրաժեշտ է այնպիսի պայմանավորվածություն, որը նրան թույլ կտա փրկել «դեմքը», սակայն առանց Ռուսաստանին նվաստացնելու, ինչը վերջինիս կարող է ծայրահեղ միջոցի մղել: Գաղտնիք չէ, որ եթե ընդամենը մեկ շաբաթ Ուկրաինան զրկվի ռազմական ու նյութական օգնություններից, նրա կապիտուլյացիան երաշխավորված է եւ, ըստ այդմ, պետք է ենթարկվի ԱՄՆ «դատավճռին»: Հիմա գխավոր խնդիրն այդ «դատավճռի» բանաձեւը գտնելն է:

Սա՝ մեծ քաղաքականության մասով: Բայց հիմա մեզ ամենաշատը հետաքրքրում է, թե համաշխարհային այդ մեծ մրցակցությունն ինչպես կարող է անդրադառնալ Հայաստանի իրավիճակի վրա: Թվում է՝ պետք է հասկանալի լինի, որ երբ փղերը մենամարտում են, մկները պետք է հեռու մնան մենամարտի դաշտից՝ ոտնատակ չընկնելու համար: Սակայն, երեւում է, դա ոչ բոլոր «մկներին» է հասու:

Հայաստանում կան լրատվամիջոցներ եւ փորձագիտական շրջանակներ, որոնք դարձել են այս մեծ մրցամարտի կողմեր եւ իրենց կարեւոր մասնակիցներ են երեւակայում՝ հօգուտ այս կամ այն կողմի: Սակայն որեւէ օգուտ այդ մարդկանցից չկա: Ավելին՝ անգիտակցաբար, թե դիտավորությամբ աղճատում են իրականությունը եւ հանրության շրջանում թյուր պատկերացումներ ձեւավորում աշխարհաքաղաքական գլոբալ գործընթացների վերաբերյալ:

Արդյունքում հանրությանը կեղծ հույսեր ու վախեր են ներշնչում: Կարող է հարց ծագել՝ իսկ ո՞րն է իմաստը, ինչո՞վ է պայմանավորված իշխանական քարոզչամիջոցների ու փորձագիտական շրջանակների նման գործելակերպը: Պատասխանենք միանգամից՝ հասարակությունը «սեւ-սպիտակի» բաժանելու տրամաբանությամբ, ինչը գործող իշխանության աշխարհայացքի անկապտելի մասն է: 2018-ին գալով իշխանության, նրանք հասարակությունը բաժանեցին հատվածների, իսկ այժմ դիպաշարի հաջորդ արարն է. նույն տրամաբանությունը փորձում են պրոյեկտել աշխարհի կտրվածքով՝ աշխարհի մի մասը սեւ է, մյուսը՝ սպիտակ: Եվ այդ «սեւ-սպիտակի» հակասությունների մեջ են փորձում «խցկել» իրենց ձախողումները: Սա ինքնարդարացման հնարք է:

Ամենասկզբից ձախողելով ներքին քաղաքականությունն ու ոչինչ չկարողանալով ստեղծել, ապաեւ մահեր, ավերներ ու պարտություններ թողնելով հետեւից, այդ ամենի մեջ մեղադրում էին նախկիններին, հիմա «սեւ-սպիտակի» բաժանման շարունակությունն է: Ձախողելով նաեւ արտաքին քաղաքականությունը, նոր մեղավորներ են նշանակում. ա/ ի դեմս Մոսկվայի, որ չկարողացավ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Արցախի խնդիրը չներառել, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մեջ, բ/ ի դեմս ՀԱՊԿ-ի, որ Հայաստանը տարածքներ է կորցնում ու չի փորձում արդյունավետ դիմադրություն կազմակերպել, հայտարարել ռազմական դրություն եւ գ/ ի դեմս աշխարհի, որ մեզ օգնության չի հասնում:

Մեղավոր են բոլորը, բացի ՀՀ կառավարությունից: Ստացվում է՝ ինչպես վատ պարողին խանգարող ամորձիների մասին հայտնի անեկդոտում: Միայն թե «վատ պարողին» խանգարող ամորձիների դերում այս անգամ հանդես են գալիս. մի դեպքում՝ Մոսկվան, մյուս դեպքում՝ ՀԱՊԿ-ը, երրորդ դեպքում՝ աշխարհը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: