Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Խմբագրական

Եկեղեցին եւ քաղաքականությունը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայերենում «ազգ» բառեզրը հաճախ շփոթում են «էթնոս»-ի հետ, ինչը իրավական կամ քաղաքագիտական տեքստեր պատրաստելիս բովանդակային խնդիրներ է առաջացնում:

Ժամանակակից աշխարհում «ազգ» հասկացությունն ունի քաղաքական բովանդակություն, այսինքն՝ տվյալ պետության քաղաքացիների հանրույթ, ինչպես որ ամրագրված է նաեւ մեր Սահմանադրության ու իրավական նորմերում: «Էթնոս»-ը ընդհանուր պատմության կամ, ավելի ճիշտ, ինքնության նկարագիրն է, որը պարտադիր չէ ունենա իրավական կամ քաղաքական բովանդակություն:

Հայ ժողովրդի դեպքում ինքնությունը պատմականորեն ուներ կրոնական համայնքի պատկանելության բնույթ, ինչպես, ասենք, հրեաների, եզդիների, ասորիների պարագայում, որոնք հարյուրամյակներ շարունակ ապրել են կրոնական համայնքի կարգավիճակով՝ չունենալով ինքնուրույն պետականություն: Անցումը էթնոսից ժամանակակից ազգի, որի հիմքում արդեն պիտի դրվի պետական ինքնությունը, դժվար հաղթահարելի գործընթաց է: Էթնոսին բնորոշ որոշ մնացուկներ երբեմն ժամանակների հեռվից դեռ հիշեցնում են իրենց մասին:

Այսօր, օրինակ, խորհրդարանում ներկայացված պաշտոնական ընդդիմությունը՝ գտնվելով գաղափարական ու բարոյահոգեբանական ճգնաժամի մեջ, փորձում է օգտագործել եկեղեցու խաղաքարտը՝ հոգեւորականներին խառնել քաղաքականությանը եւ տակավին պահպանվող հին կաղապարներով ազդել զանգվածների զգացմունքների վրա՝ նրանց կառավարելի դարձնելու նպատակով: Հասկանալի է, որ եկեղեցին դեռեւս հայի ինքնության կարեւոր բաղադրիչ է: Սակայն նման գործալակերպն ինստիտուցիոնալ վտանգներ է պարունակում:

Դեռեւս XVIII դարից արեւմտյան աշխարհում սկսվել է եկեղեցու ու պետության տարանջատման գործընթացը: Կրոնն այլեւս դուրս է մղվել միջանձնային, անձ-պետություն հարաբերություններից, այն այլեւս հանրային կյանքում բարոյաէթիկական  նորմերը կանոնակարգող ինստիտուտ չէ եւ, բացի դրանից, եկեղեցին չի որոշում իշխանության օրինակարգության հարցը, ինչպես առաջ: Ավելին՝ ժամանակակից արեւմտյան հասարակությունն այլեւս դժվար է անվանել քրիստոնեական. այն արդեն աշխարհիկ է, որտեղ կրոնը դուրս է մղված պետական կյանքից եւ յուրաքանչյուրի մասնավոր գործն է հանդիսանում:

Մեր քաղաքական ինստիտուտները, իրավական դաշտը, հասարակական հարաբերությունները կառուցված են հենց արեւմտյան կանոնների հիման վրա: Եվ ըստ այդ կանոնների, եկեղեցին չի կարող մտնել քաղաքական ոլորտ՝ դա ոչ միայն այդ կանոնների ու իրավական դաշտի դեմ է, այլեւ վտանգում է հենց եկեղեցուն: Ամբողջ խնդիրն այն է, որ հայերի մեծ հատվածն ապրում է դրսում, եւ եկեղեցին Սփյուռքում կարեւոր մշակութային, կազմակերպչական դերակատարություն ունի: Նման վերքաղաքական դերակատարում եկեղեցին ունի նաեւ Հայաստանում:

Եթե եկեղեցին մտնում է քաղաքականություն, որին նա, դատելով որոշ հոգեւորականների պահվածքից, դեմ չէ, ապա դրանով մեծ հարված է հասցնում իր վերքաղաքական, համահայկական առաքելությանը, ինչը վատ հետեւանքներով է հղի:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: