Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Արցախյան խաղաղ կարգավորման տեսլականին նվիրված ուսումնասիրության շնորհանդես-քննարկում ՌԱՀՀԿ-ում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Խաղաղության տեսլական. ԼՂՀ հակամարտության մասին կարծիքների վերլուծություն» ուսումնասիրության շնորհանդես-քննարկումը, որին հրավիրված էին փորձագիտական մակարդակով խնդրին տիրապետող գործիչներ, քաղաքագետ-վերլուծաբաններ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական անձնակազմերի, տեղական լրատվամիջոցների եւ հանրության ներկայացուցիչներ:

Նախօրեին ուսումնասիրության նյութերը՝ հայերն եւ ռուսերեն, էլեկտրոնային փոստով ուղարկվել էին սեմինարի մասնակիցներին։ Իսկ քննարկման ընթացքում վերջիններիս բաժանվեց «Անալիտիկոն» ամսագրի հայերեն տպագիր տարբերակի հատուկ թողարկման մեկական օրինակ՝ ուսումնասիրությանը մասնակցած տարածաշրջանային փորձագետների դիտարկումներով։

Շնորհանդես-քննարկումը բացեց ՌԱՀՀԿ գլխավոր խմբագիր Գեւորգ Լալայանը՝ նշելով, որ քննարկվող հետազոտությունը կոչված է ցույց տալու պատերազմի հնարավոր այլընտրանքները, որոնք բխում են Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի հանրություններից, հակամարտության փոխակերպման ուղիները, ինչպես նաեւ այն հնարավորություններն ու մոտեցումները, «որոնք ներկա պահին չկան կողմերի եւ արտաքին միջնորդների օրակարգում»:

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ խնդրո առարկա ուսումնասիրությունն իրականացվել է Հայաստանում, Ադրբեջանում եւ Արցախում՝ «Եվրոպական գործընկերություն հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման (EPNK)» նախաձեռնության շրջանակում։ Հետազոտության արդյունքները, նրա դիտարկմամբ, հաստատում են, որ գոյություն ունեն հակամարտության հետ կապված զանազան, լայն տարածում ստացած վարկածներ։ «Միեւնույն ժամանակ նույն արդյունքները վկայում են, որ երեք հանրություններին միավորում են մի ամբողջ շարք ընդհանուր միտումներ: Իհարկե, կան նաեւ էական տարբերություններ, որոնք վերաբերում են հակամարտության շուրջ առկա խնդիրների հայեցակետերին»,- նկատեց բանախոսը:

Ամենատարբեր մարդկանց հետ խորացված հարցազրույցներից հետազոտողները, նրա խոսքով, փաստել են երեք կարեւոր առանձնահատկություն: Առաջին՝ մարդիկ սկսել են քննադատաբար մտածել, յուրովի իմաստավորել հակամարտության հետեւանքները՝ քննադատության թիրախ դարձնելով նույնիսկ պաշտոնական քարոզչությունը, հակամարտության իմաստը խեղաթուրելու, պատմությունը կեղծելու փորձերը: Երկրորդ՝ մարդիկ մերվել են հակամարտությանը, միահյուսվել նրա հետ, ինչը որոշ դեպքերում պետական մակարդակով «թշնամու կերպարի» ստեղծման, ատելության քարոզի հետեւանք է: Եվ երրորդ՝ սահմանամերձ բնակչության հանդեպ պարտքի ու պատասխանատվության զգացումը՝ մարդիկ, որոնք արժանի են ավելի զգայուն եւ ուշադիր վերաբերմունքի, որովհետեւ, հարցվածների կարծիքով, «շանթարգելի դեր են կատարում»:

Ընդդիմախոսի դիրքերից հանդես գալով՝ ՌԱՀՀԿ հետազոտական ծրագրերի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը ընդգծեց, որ հետազոտողները՝ դրականի հետ մեկտեղ, աչքաթող են արել որոշ առանցքային կատեգորիաներ: Մասնավորապես, ըստ նրա, հարցումներ անցկացնող փորձագետների ուշադրությունից վրիպել է իրավունք հասկացության կարեւորությունը: «Բայց չէ՞ որ կոնֆլիկտային հարաբերությունների հաղթահարման եւ համերաշխության տանող ցանկացած ճանապարհն անհաս կմնա, եթե հակամարտող հանրություններն ու մարդիկ ի վիճակի չեն ճանաչել միմյանց իրավունքները»,- ասաց Սարգսյանը:

Զեկուցողի դիտարկմամբ՝ շատ հաճախ քաղաքական, սոցիալ-տնտեսական ամենամեծ ցնցումները սկիզբ են առնում տվյալ հանրույթի իրավունքը չճանաչելուց: ԼՂՀ հակամարտությունը, բանախոսի համոզմամբ, դրա խոսուն վկայություններից է: «Արցախյան դիմակայությունն ակնբախորեն ցույց է տալիս, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ տարիներ շարունակ պաշտոնական մակարդակով միակողմանիորեն ճնշվում են հանրության իրավունքները,- փաստեց բանախոսը՝ հիշեցնելով նաեւ այն հետեւանքները, որոնց կարող է հանգեցնել հակամարտության կողմերից մեկին զենք կիրառելու իրավունքի արտոնումը:

Բանախոսություններին հաջորդեցին հարցուպատասխանը եւ մտքերի աշխույժ փոխանակությունը: Համազեկուցողներին ուղղված մեկ տասնյակից ավելի հարցերի տրվեցին սպառիչ պատասխաններ: Իրենց ելույթներում սեմինարի մասնակիցները բարձր գնահատեցին քննարկման դրված հետազոտության արժանիքները` միաժամանակ ներկայացնելով արցախյան թեմայի համատեքստում իրենց սեփական դիտարկումներն ու առաջարկությունները:

Փորձագետ-վերլուծաբան Հրաչյա Արզումանյանը մտահոգ է Արցախյան հիմնախնդրի կարգավորման ձգձգմամբ: Նրա դատողությամբ՝ եթե տասնամյակներ ի վեր խնդիրը չի լուծվում, նշանակում է կամ սխալ է ընտրված լուծման մարտավարությունը, կամ խնդիրը վերաձեւակերպման կարիք ունի: «Պետք է ամբողջական պատկերացում կառուցել հիմնախնդրի վերաբերյալ եւ ամբողջության մեջ էլ ձեւակերպել լուծման մոտեցումները, ճանապարհային քարտեզը»,- վստահ է Արզումանյանը: Լրագրող Դավիթ Ստեփանյանը, ով ընդգրկված է եղել International Alert-ի մեկ այլ՝ «Չլսված ձայներ» խաղաղարար ծրագրում, հատկանշական է համարել այն փաստը, որ արցախա-ադրբեջանական հակամարտությունից տուժածների մեծամասնության դժգոհության ու ատելության թիրախը ոչ թե հակառակորդն է, այլ սեփական ղեկավարությունը: «Որքան էլ տարօրինակ հնչի, նույն միտումը նկատելի է անգամ փախստականների շրջանում, որոնք տուն ու տեղ են կորցրել, ծեծուջարդ տեսել»,- իր տարակուսանքն է հայտնել նա: Խնդրի կարգավորման համատեքստում Detecktor.am կայքի գլխավոր խմբագիր Էդգար Վարդանյանը կարեւորել է տեղեկացվածության գործոնը: Այդ տեսանկյունից հանդիպումները, մարդկանց տրամադրությունների շոշափումը, նրանց հետ զրույցները կարող են որոշակի չափով լրացնել այն բացերը, որոնք հիմնականում պետական ատյանների անտարբերության հետեւանք են: «Մարդիկ սիրում են, երբ իրենց լսում են, իրենց կարծիքները՝ գնահատում: Եթե ես, օրինակ, լինեի հարցախույզ անցկացնողը, իրենց ղեկավարություններից դժգոհ այդ քաղաքացիներին անպայման կհարցնեի, թե անձամբ իրենք ինչպես կվարվեին նրանց փոխարեն»,- ելույթում նշել է Վարդանյանը: «Հայկական ընտրություն» կառույցի նախագահ, վերլուծաբան Արմեն Աղայանը «ականջ սղոցող» եզրույթով է բնորոշել հակամարտության «երեք կողմ» արտահայտությունը, որի հետ ինքը համաձայն չէ: Նրա համոզմամբ` Հայաստանը ռազմատենչ քարոզչության, ատելության, ազգային անհանդուրժողականության կոչեր երբեք չի հնչեցրել: «Օբյեկտիվ իրողությունն այն է, որ այդ ամենն ադրբեջանական կողմի «մենաշնորհն» է, նրա կենսակերպի մի մասը, «կիսատ մնացած պատերազմի» համախտանիշը»,- կարծիք է հայտնել վերլուծաբանը: «Քարվաճառի գիտակրթական կենտրոն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանեանը խաղաղության հարցում լավատեսության պատճառ չի տեսնում: Ըստ նրա, մեզ շրջապատող էթնիկ կազմավորումների մեծ մասը չի հանդուրժում մեր ֆիզիկական գոյությունն առհասարակ, էլ ուր մնաց` հոգ տանի հակամարտության լուծման կամ մեզ հետ խաղաղ դաշն կնքելու մասին: Այդուհանդերձ` Քանանեանն իրավիճակից ելք տեսնում է. այն մեր պետության ժողովրդագրական, ռազմական ու տնտեսական հզորության մեջ է: «Խաղաղությունը հնարավոր է, եթե պատերազմը հնարավոր չէ»,- դիպուկ բանաձեւել է վերլուծաբանը: Հայաստանում Արցախի ներկայացուցչության աշխատակից Աշոտ Մելյանը դրական է գնահատում «Խաղաղության տեսլականի» վերաբերյալ հակամարտող հանրություններում առկա կարծիքների ուսումնասիրությունը, որը, նրա վստահեցմամբ, շարքային մարդկանց տրամադրությունների իրական պատկերը հստակեցնելու, խնդրի լուծման մեջ նրանց ներգրավվածությունն ապահովելու նպատակ ունի: «Սա մասնակցային իրավունքի իրացման ուսանելի փորձ է նաեւ»,- ասել է արցախցի գործիչը: Փորձագետ Հայկ Բալանյանն ընդգծել է հնացած, անկարեւոր թեզերի վերանայման անհրաժեշտության միտքը` այնպիսի թեզերի, ինչպիսիք են «Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացին», «Տարածքներ` կարգավիճակի դիմաց» եւ այլն: «Մենք պետք է հղկենք մեր տեքստը ժամանակի հրամայականին համահունչ, գլխավոր նպատակին հարիր, թե ինչ ենք այսօր ուզում»,- նշել է փորձագետը` հավելելով, որ Ադրբեջանը երբեք զիջումների չի գնա, «իսկ վաղը` առավել եւս, որովհետեւ այնտեղ ատելության ոգով դաստիարակված նացիստական սերունդ է մեծանում»: «Ա1+»-ի լրագրող Սերգեյ Առաքելյանը` վերահաստատելով Բալանյանի տեսակետը, իր հերթին համոզմունք հայտնեց, որ պետության մակարդակով ֆաշիստական տրամադրություններ ու ռազմատենչ հռետորաբանություն գեներացնող երկրի երիտասարդ քաղաքացին չի կարող լինել արդարություն, իրավունք հասկացությունների եւ ժողովրդավարական այլ արժեքների կրողը: Հանրային հատվածի ներկայացուցիչ Նիկիտա Զարոբյանը` որպես գիտնական, խորհուրդ է տվել հարցումների հիմքում դնել ոչ միայն փորձագիտական, այլ նաեւ գիտական սկզբունքներ ու մեթոդաբանություն:

Շնորհանդես-քննարկմանը ներկա էին նաեւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Խաղաղության եւ զարգացման խորհրդական Նաիրա Սուլթանյանը, Եվրամիության հատուկ հանձնակատարի ներկայացուցիչ Քարին Մարմսոլերը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության ներկայացուցիչ Մարինա Արամյանը, ինչպես նաեւ ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: