Հեղափոխությունները, որպես կանոն, ուղեկցվում են զանգվածների վարակիչ ոգեւորությամբ: Ամբոխի մեջ մարդիկ տոգորվում են միմյանց նկատմամբ հավասարության, ընդհանրության եւ հարազատության զգացմունքով` դա պայքարի եղբայրություն է։ Զանգվածները միահյուսվում են համընդհանուր գաղափարով, մաքառման ոգով ու երջանիկ ապագայի երազանքներով: Իր հիմնական խնդիրը` «չարիքի իշխանության» տապալումը կյանքի կոչելուց հետո, երբ ամբոխը ցրվում է տները, գալիս է «քարերը հավաքելու» ժամանակը։ Մարդիկ սկսում են «դեբետ-կրեդիտի» հաշվարկներ անել` ի՞նչ ունեինք մինչեւ հեղափոխությունը եւ ի՞նչ ենք ստացել դրանից հետո։ Այդ ժամանակ էլ սկսում է հետհեղափոխական ֆրուստրացիան։
Ֆրուստրացիան ծագել է լատիներեն «frustratio»-ից, որը բառացի նշանակում է «խաբկանք», «սին սպասում»։ Դա շատ բարդ հոգեբանական համախտանիշ է, որն առաջանում է այն ժամանակ, երբ սպասումները չեն արդարանում։
Հոգեբանական ֆրուստրացիայի դրսեւորումներից մեկն այն է, երբ մարդկանց համակում է անբավարարվածության զգացողությունը, սակայն շարունակում են սպասել ինչ-որ բանի, բայց կոնկրետ ինչի` հաճախ չեն կարողանում ձեւակերպել։
Հոգեբանական անբավարվածությունը, մեծ ակնկալիքների փլուզումը առաջ են բերում ֆրուստացիոն ագրեսիա։ Համապատասխան գիտության մեջ «ֆրուստացիոն ագրեսիվության» մասին բավական հետաքրքիր ուսումնասիրություններ ու տեսություններ կան, որոնք մենք չենք պատրաստվում այստեղ նկարագրել, սակայն բերենք այդ տեսությունների հիմնական մեխը։ Շատ հոգեբաններ այն տեսակետին են, որ ագրեսիայի պատճառը ֆրուստրացիան է՝ խեղված սպասումները, չարդարացած հույսերը անձի վարքագծում ծնում են ագրեսիա։ Զանգվածային ֆրուստրացիան առաջացնում է զանգվածային ագրեսիա` բոլորը բոլորին թշնամի դառնալու իրավիճակ։ Երբ հանրային նպատակները ձեւակերպված չեն, սպասումները` չհիմնավորված բանական տեսություններով ու պատկերացումներով, մարդիկ սկսում են միմյանց մեջ թշնամիներ որոնել։
Դա անվանենք տարերային, չգիտակցված ագրեսիա։ Կա նաեւ խմբակային ֆրուստրացիա։ Բերենք մեր ժամանակների օրինակը։ Քաղաքական դերակատարումը կորցրած խմբավորումները սպասում են «հեղափոխական իշխանության» տապալմանը։ Դա մանտրայի պես կրկնում են, ոգեւորվում, տարածում մամուլով, սակայն «կործանման» սպասելիքների չկայացումն առաջացնում է խմբակային ֆրուստրացիա, այն է` սպասումների սին լինելու զգացողություն, որն իր հերթին ծնունդ է տալիս «խմբակային ֆրուստացիոն ագրեսիային»։
Խմբակային ֆրուստրացիայից վերադառնանք զանգվածների ֆրուստրացիային։ Հեղափոխության արդյունքներից ակնկալիքները մեծ էին` դա զանգվածային էյֆորիայի դրսեւորում էր, սակայն որքան մեծ են սպասումները, այնքան ավելի մեծ է լինում հուսախաբությունը, երբ դրանք չեն արդարանում կամ ուշանում են։
Հոգեբանության մեջ կա նաեւ մի ձեւակերպում, համաձայն որի` կյանքի հանդեպ անբավարարվածությունն արտահայտվում է տվյալ ձախողումներում մեղավորի փնտրտուքներով։ Այսինքն` մարդը, շահային խմբերը կամ ողջ հասարակությունն իր ձախողումների համար մեղավորներ է փնտրում։
Սոցցանցերի ուսումնասիրությունը ֆրուստացիոն ագրեսիայի դրսեւորումների մասին շատ հետաքրքիր բացահայտումներ կարող է անել։ Տեղեկատվական այդ համակարգերը լի են թշնամանքով, հայհոյանքով, մեղավորների որոնումներով։ «Մեղավորի» փնտրտուքով են զբաղված նաեւ շահադիտական նպատակներ հետապնդող քաղաքական խմբավորումները։ Գործող իշխանությունը մեղավոր է նշանակել «սեւերին», «սեւերը» մեղավոր են նշանակում «սպիտակներին», մի մասը մեղավոր է տեսնում արդեն աշխարհաքաղաքական կենտրոններում` խորանալով հին ու նոր դավադրության տեսությունների մեջ։ Այս ցուցակը կարելի է երկար թվարկել։ Ցանկացած հաջողություն ունի իր հեղինակը, իսկ անհաջողություններն անտեր են։
Սոցցանցերը մեր հանրության գիտակցության հայելին են։ Մենք իրար մեջ մեղավորներ ենք փնտրում, իրար կասկածում ենք, սակայն չենք կարողանում սառը դատողությամբ գնահատել անցյալն ու ստեղծված իրականությունը, եւ մեղավորներ փնտրելու փոխարեն փնտրել լուծումներ, որոնցում չկան մեղավորներ, չկա ագրեսիա, այլ կա ստեղծագործական գիտակցված սպասում։