2018-ին հանրությունը հոգնել էր այն ժամանակվա իշխանություններից եւ ցանկանում էր փոփոխություններ։ Ընտրակաշառքները (որոնցում, ի դեպ, հոծ զանգվածներ էին ներքաշված), օլիգարխները, խորհրդարանում պարբերաբար հայտնվող հակաէսթետիկ դեմքերը, կոռուպցիան ու արատավոր բազմաթիվ այլ երեւույթներ այլասերել էին քաղաքական դաշտը եւ, բնականաբար, ոչ ոքի չի կարելի մեղադրել փոփոխությունների ցանկության համար։ Տեղի ունեցավ այն, ինչը մի օր պիտի տեղի ունենար։ Սակայն մեզ այս աղետալի վիճակին հասցրած հիմնական խնդիրն այն է, թե ինչ հայեցակետերով էին եկել «փողոցի մարդիկ» եւ ինչ առաքելությամբ:
Հրապարակ նետված մի քանի թեզերը ունեին ոչ թե կառուցողական, այլ կործանարար էներգիա։ Պատահական չէ, որ հիմնական կարգախոսն ամեն ինչի «մերժումն» էր։ Բայց ամեն մերժում չէ, որ նորի, ավելի լավի ստեղծում է ենթադրում։
Եվ այսպես` «հեղափոխության» թեզերն էին․
ա/ «Մերժենք Հին Հայաստանը եւ կառուցենք Նոր Հայաստան».
բ/ «Հին սերունդն ապականված է, եւ իշխանության պետք է գա «չփչացած» նոր սերունդ».
գ/ «Մերժենք կոռումպացված Ռուսաստանն ու ԵԱՏՄ-ն եւ միանանք քաղաքակիրթ աշխարհին»:
Պարզ է, որ այն, ինչ մերժվում էր, շատերի սրտով էր` փոփոխությունների ծարավը մեծ էր, ինչն էլ օգտագործեցին իրենց հեղափոխական հայտարարած «փողոցի մարդիկ», սակայն ի՞նչ էին առաջարկում փոխարենը։ Իրականում նրանք կազմաքանդում էին անգամ լավ թե վատ` աշխատող հին մեքենան եւ տեղը ոչ մի նոր բան չէին առաջարկում։
Հիմա փորձենք դիտարկել այդ կարգախոսներն առանձին-առանձին.
- Կայացած երկրները հենվում են իրենց ազգային ավանդույթների վրա, բնականաբար, դրանք կատարելագործելով։ Օրինակ` Բրիտանիան ամենապահպանողական եւ, միեւնույն ժամանակ, առաջավոր երկրներից է։ Բրիտանացիները հպարտանում են իրենց իրավապահ համակարգի կայացվածությամբ, համալսարանների ու քոլեջների հնությամբ, նախորդ սերունդների ստեղծած արժեքներով։ Որքան հին է համալսարանը, այնքան ավելի հեղինակավոր է, որքան հին է առանձնատունը, այնքան բարձր է գինը, իսկ տներում նախկին սերունդների դիմապատկերներն են կախում։ Չի կարող լինել Նոր Բրիտանիա, որը չհենվի Հին Բրիտանիայի վրա։ Նույնը կարելի է ասել Չինաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի մասին։ Թե´ եվրոպական, թե´ արեւելյան այն երկրները, որոնք կարողանում են զարգանալ ու բարգավաճել, իրենց անցյալը չեն մերժում, այլ այն համակցում են նոր միտումների հետ ու զարգացնում։ Իրենց անցյալից, ավանդույթներից, հայրերից հրաժարվող ոչ մի երկիր չի կարողացել արդիականանալ, սակայն հակառակը տեսել ենք` դա, օրինակ, ժամանակին Կոմբոջան էր։ «Հին Հայաստան-Նոր Հայաստան» կարգախոսը ոչ մի լավ արդյունքի չէր կարող հանգեցնել։
- Հին Հայաստան-Նոր Հայաստան կեղծ թեզը մշակվել է Հայաստանից հեռու ափերում` մեզ պառակտելու եւ նախորդ սերունդներին մերժելու համար։ Գուցե մեզ հոգեբանորեն պատրաստում էին պարտության` նախօրոք մեղավորներ նշանակելով:
- «Նոր սերունդ-հին սերունդ»։ Չի կարող երկնքից հայտնվել ինչ-որ նոր սերունդ` ունենալով առաքինություններ ու հմտություններ։ Ցանկացած նոր սերունդ հնից վերցնում է լավագույնը, ավելացնում իր նորը եւ փոխանցում հաջորդներին։ 20-րդ դարում Եվրոպայում կային նաեւ ինքնամերժման մշակույթի միտումներ` նիհիլիզմ, դեկադանս, հիպիական ու պանկերի շարժումներ։ Նրանք մերժում էին իրենց հայրերի մշակույթն ու ապրելակերպը, սակայն դրանցից ոչ մեկը չդարձավ իշխող գաղափարախոսություն: Բայց Հայաստանում նման բան տեղի ունեցավ։ Այսօրվա Ազգային ժողովի ու Կառավարության «նոր սերնդին» նայելով, այս պարզ ճշմարտությունն ակնհայտ է դառնում` դրանք տգիտության, ոչ արհեստավարժության, անսկզբունքայնության, կամազրկության մարմնավորում են։
Երկրները կարող են որդեգրել տարբեր գաղափարախոսություններ, սակայն իրենց աշխարհաքաղաքական իրականությունից փախչել չեն կարող։ Միջազգային քաղաքականության մեջ գերիշխում են շահերը, այլ ոչ թե գաղափարախոսություններն ու արժեքային համակարգը։ Մասնավորապես` Հայաստանը լավ հարաբերություններ ունի իսլամական Իրանի հետ, Միացյալ Նահանգները` վահաբական Սաուդյան Արաբիայի, Բրիտանիան` ամբողջատիրական Ադրբեջանի հետ եւ այլն։ Նման օրինակները բազմաթիվ են։ Փաշինյանը փորձում էր «հայկական հեղափոխությունը» դրոշ սարքել ու դա «ծախել» Արեւմուտքին` աջակցության համար։ Մենք տեսանք, որ դա տեղի չունեցավ, անգամ «ժողովրդավար» Հայաստանի ու «ամբողջատիրական» Ադրբեջանի պատերազմի ընթացքում։ Կարեւորը շահերն են, որոնք շատ որոշակի ու առարկայական են` ի տարբերություն այդ արժեքների։
Քաղաքականության ու աշխարհաքաղաքական կանոններից անտեղյակությունը մեզ հասցրեց պարտության ոչ միայն Արցախի պատերազմում, այլ նաեւ տնտեսության, պետական ինստիտուտների կատարելագործման եւ բազում այլ ոլորտներում։
Հուսանք, որ Հայաստանի հաջորդ կառավարությունն ավելի իրատեսական ու պրագմատիկ քաղաքականություն կվարի։