Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Գաղափարախոսությունը քաղաքական հզոր զենք է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ցանկացած հասարակություն պետք է ունենա որոշակի արժեքային համակարգ եւ որոշակի նպատակ: Բարոյական ու արժեքային կոորդինատների եւ նպատակի բացակայության դեպքում լինում է այն, ինչ այսօր ունենք Հայաստանում: 2018 թվականի իր պաշտոնամուտին գործող վարչապետը հայտարարել էր, որ ինքն «իզմեր» չունի, այսինքն՝ չի ընդունում գաղափարախոսությունները։ Այդ միտքը նա, թերեւս, ժառանգել է երբեմնի ուսուցիչ, իսկ այժմ քաղաքական հակառակորդ Լեւոն Տեր-Պետրոսյանից, ով նույնպես պնդում էր, որ «գաղափարախոսությունները կեղծ կատեգորիա են»։

Իսկ ինչի՞ համար է քաղաքական գաղափարախոսությունը։ Առաջին հերթին՝ այն զանգվածներին համախմբելու համար է՝ հանուն հայտարարված քաղաքական նպատակների, սոցիալական գաղափարների եւ արժեքների, որոնք մարդկանց մղում են գործողության։ Մարդկային հանրույթը չի կարող կառուցել սոցիում՝ առանց ընդհանրական պատկերացումների ու ընդհանրական մղումների։ Հայաստանի օրինակով մենք տեսնում ենք, որ մարդիկ դարձել են միմյանց նկատմամբ հիշաչար ու չհանդուրժող, որովհետեւ նրանց միմյանց հետ արդեն ոչինչ չի կապում։ Դա գաղափարախոսությունը՝ միասնական արժեհամակարգն ու միասնական նպատակները, «կեղծ կատեգորիա» հայտարարելու հետեւանք է։

Ժամանակին այդ դերը կրոնն էր կատարում։ 18-րդ դարի Ֆրանսիական հեղափոխությունից հետո քաղաքական տեսաբանները փնտրտուքի մեջ էին, թե ինչն է գալու փոխարինելու կրոնին։ Երբ հեղափոխության հայրերից մեկին՝ Վոլտերին իր հյուրերը ստիպում են վերջնականապես պատասխանել՝ կա՞ արդյոք Աստված, թե՝ ոչ, Վոլտերը փակում է պատուհաններն ու դռները եւ շշուկով ասում, որ չկա Աստված, սակայն խնդրում է դա գաղտնի պահել, որովհետեւ եթե դրա մասին իր լաքեյն իմանա, կարող է գիշերն իրեն մորթել ու թալանել, իսկ կինն՝ անբարո կյանքով ապրել։

Վոլտերն, իհարկե, մի փոքր թատերականացված կերպով էր իր մտահոգությունը հայտնել, սակայն ենթատեքստում, իրոք, խոր միտք է դրված: Եթե այլեւս վախ չկա գերբնական ուժից, ապա ինչն է սանձելու, զսպելու մարդկանց բնազդները, իսկ առանց դրա, հնարավոր չէ հանրություն կառուցել. մարդկանց պետք է տալ հույս, նպատակ, միասնական գործողության խթան եւ վախ՝ կարգազանցության դեպքում։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո ձեւակերպվեցին քաղաքական տեսություններ՝ լիբերալիզմ, կոմունիզմ, պահպանողականություն եւ այլն: Զարգացավ սոցիալական գիտությունը, առաջացան ազգայնական ու հանրային համախմբման այլ տեսություններ, որոնք վերաճեցին հանրություններ կառուցելու գաղափարախոսությունների։ Ինչպես տեսնում ենք, «իզմերից» մարդկային հանրույթները չեն կարող խուսափել։

90-ականներին մենք ունեին միասնական գաղափար՝ դա Արցախի ազատագրման նպատակն էր, որը մեզ համախմբում էր ու, հանուն այդ նպատակի, զսպում բնազդները։ Երբ այդ գաղափարը սկսեցին խարխլել՝ դեռեւս պատերազմից շատ առաջ, պարզվեց, որ չունենք միասնական նպատակ։ Մեր թշնամի երկրում՝ Ադրբեջանում, այլ գործընթաց էր խմորվում։ Այնտեղ քարոզվում էր «թյուրքական աշխարհի» գաղափարը, որը նրանց ժողովրդի առջեւ մեծ հեռանկարներ էր բացում։ Դա Ադրբեջանում պետական քաղաքականության ու գաղափարախոսության էր վերածվել։ Հանուն մեծ նպատակի՝ նրանք պատրաստվում էին պատերազմի։ Մեր անգաղափարայնության ու նրանց գաղափարականացվածության արդյունքը տեսանք պատերազմի ժամանակ։

Ամերիկա-հրեական հայտնի տեսաբան Հաննա Արենդթը համարում էր, որ գաղափարախոսությունները ստեղծվում, կատարելագործվում ու պաշտպանվում են, առաջին հերթին, որպես քաղաքական զենք, այլ ոչ թե որպես տեսական հայեցակարգ։ Արցախյան վերջին պատերազմում մենք «զինաթափված» էինք՝ ի տարբերություն թշնամու։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: