Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ խաղակեսը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

2008 թվականի աշնանը Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններ՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի «քավորությամբ»։ Հաջորդ տարվա հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարները ստորագրեցին երկու արձանագրություն. 1) «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին», 2) «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին»։

Այդ օրերին Երեւանում անցկացվում էր ֆուտբոլի Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների ընկերական հանդիպում, որին ներկա էին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանդիպումն ուղեկցվեց մի քանի աղմկոտ իրադարձություններով. ֆուտբոլային խաղից առաջ Ծիծեռնակաբերդում անջատվեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի լույսերը, որպեսզի Թուրքիայի նախագահը չտեսնի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակառույցը, իսկ մեր հավաքականի զինանշանի վրայից անհետացավ Արարատ լեռան պատկերը։

Պարզ էր, որ դա հայկական կողմի «զիջումն» էր եւ ամենայն հավանականությամբ՝ թուրքական կողմի պահանջով։ Հուշահամալիրի լույսերի անջատումը խորհրդանշորեն ընկալվում էր այնպես, որ Թուրքիան շարունակում է ժխտել Ցեղասպանությունը եւ պատրաստ չէ անգամ առերեսվել Ծիծեռնակաբերդի հեռվում վառվող լույսերի հետ, իսկ զինանշանին պատկերված Արարատը նրանց դիտանկյունից՝ տարածքային պահանջի ակնարկ է։ Այս խորհրդանիշը նույնպես «զիջվեց» մեր կողմից։

Եվ չնայած հայկական կողմը պնդում էր, որ պատրաստ է հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների, խոստումը պահել չստացվեց: Ֆուտբոլային հանդիպման ժամանակ՝ անջատելով Եղեռնի հուշահամալիրի լույսերը եւ հավաքականի զինանշանի վրայից հանելով Արարատի արտապատկերը, մերոնք, ըստ էության, կատարեցին թուրքական նախապայմանները՝ թեկուզ խորհրդանշական եղանակով։ Հայաստանի պարտությամբ ավարտված հանդիպումից հետո հայ-թուրքական բանակցությունը կամ բանակցությունների փորձը պատմության մեջ մտավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումով։

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան կտրուկ փոխեց դիրքորոշումը եւ հրաժարվեց «ողջամիտ ժամկետներում» եւ առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունից։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ցյուրիխյան արձանագրությունների վավերացումը պայմանավորվեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ադրբեջանանպաստ կարգավորմամբ։ Հանուն արդարության՝ պետք է նշել, որ Թուրքիան այդ ողջ ընթացքում ադրբեջանական ճնշումների տակ էր։ Այդ երկրում հայ-թուրքական բանակցությունները դիտվում էին որպես Թուրքիայի կողմից դավաճանություն «փոքր եղբոր» նկատմամբ: Արդյունքում Թուրքիան ընկրկեց, եւ բանակցությունները ձախողվեցին։

44-օրյա պատերազմից հետո, կարծես թե, վերսկսվեց «ֆուտբոլային դիվանագիտության» երկրորդ խաղակեսը՝ այս անգամ արդեն նոր իրավիճակում։ Արցախի խնդրի հետ կապված պահանջ Թուրքիան այլեւս չունի, սակայն, ինչպես տեսնում ենք, առաջ է եկել նոր պահանջ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տեսքով։ Հենց որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումներից հետո հայտարարվեց երկաթուղու հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ձեռք բերված համաձայնության մասին, ինչը նշանակում է, որ երկաթուղու միջոցով «թյուրքական աշխարհի» կապն ապահովված է, անմիջապես բարձրաձայնվեց հայ-թուրքական պաշտոնական բանակցությունների թեման: Եվ նորից պաշտոնական Անկարան մեջտեղ բերեց բոլոր քայլերն «ազիզ եղբոր» հետ համաձայնեցնելու, նրա կարծիքը հաշվի առնելու պարտադիր պայմանը, ինչն ամենանցանկալին է հայկական կողմի համար:

Որո՞նք են լինելու թուրքական հաջորդ նախապայմանները. չէ՞ որ 2009-ին առաջ քաշված հիմնական պահանջը, որն առնչվում էր Լեռնային Ղարաբաղի վերադարձին, արդեն հանված է: Միգուցե Ցեղասպանությունից ու պահանջատիրությունից հրաժարո՞ւմը… Այն, որ նախապայմաններ այդ երկիրն ունի, կասկածից դուրս է, այլապես պատերազմից հյուծված, փոքրիկ ու անորոշությունների մշուշում խարխափող Հայաստանի հետ մերձենալու պահանջ նրա մոտ չէր առաջանա: Հայոց տառապանքը մեծ փորձ ունի:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: