Հայաստանի քաղաքական համակարգը կարելի է համարել վերջնականապես տապալված: Թե՛ գործող իշխանությունը, թե՛ խորհրդարանային ընդդիմությունը հանրության մեջ չունեն դույզն-ինչ վստահություն, եւ սխալ կլիներ ասել, թե այս ամենի հանգրվանային փուլը 2018-ի իշխանափոխությունն է: Եթե մինչ այդ ամեն ինչ կարգին լիներ, ապա չորսուկես տարվա վաղեմության իրադարձությունները, թերեւս, տեղի չունենային: Այնպես որ, 2018-ն ընդամենը քաղաքական համակարգի ձախողման հերթական ու նշանային հանգրվանն էր:
Անշուշտ, ներհասարակական բնականոն զարգացումների պարագայում քաղաքական համակարգը պետության կառավարման հանգուցային դերակատարն է՝ երբ ստեղծվում են կուսակցություններ, որոնք ազատ, արդար ընտրությունների արդյունքում ստանձնում են պետության կառավարման ղեկը: Գործելով օրենքի շրջանակում, այդ կուսակցությունները, ըստ էության, դառնում են երկրի քաղաքական համակարգի առանցքը:
Իսկ այն դեպքում, երբ կուսակցություններն, առհասարակ, հանրային հեղինակություն չունեցող, հասարակական-քաղաքական ինստիտուտներ լինելուց հեռու, պարզապես մեկ կամ մի քանի անձի շուրջ միավորված ամբոխ են՝ առանց սկզբունքների, աշխարհայացքի ու խաղի ներքին կանոնների, ապա կարող ենք վստահ արձանագրել, որ երկիրը չունի քաղաքական համակարգ, հետեւաբար եւ մատնված է տարերային քմայքներին:
Որո՞նք էին քաղաքական համակարգի կայացման հետանկախական շրջանի հիմնական խոչընդոտները.
- 1991-ից հետո կառավարող կուսակցությունները չկարողացան Արցախի հարցի մասին որեւէ հայեցակարգային մոտեցում որդեգրել, կողմնորոշվել Արցախը ճանաչելու կամ չճանաչելու հարցում, ինչը մեծապես խթանեց 2020-ի պատերազմը եւ դրա աղետալի հետեւանքները:
- Իշխանություններին չհաջողվեց անցկացնել հանրության կողմից ընդունված, վստահություն ներշնչող ընտրություններ, որոնց օրինակարգությունը կասկածի տակ չդրվեր հանրության գոնե մի հոծ զանգվածի շրջանում:
- Երկրում չէր գործում (այսօր՝ առավել եւս) արդարադատությունը, չկային ու չկան սոցիալական արդարություն, բոլորի կողմից ընդունելի խաղի կանոններ՝ այնպիսիք, որոնց պայմաններում կձեւավորվեր կառավարման կենսունակ համակարգ եւ իշխանությունից դուրս մնացած քաղաքական դերակատարները չէին գայթակղվի պոպուլիստական հովերով ու արդյունքում չէին վերածվի ապակառուցողական միավորների:
Այս ամենը հատկապես վտանգավոր է Հայաստանի նման սահմանափակ ռեսուրսներ ու շրջափակված հաղորդուղիներ, պատերազմական իրավիճակ ու սահմանին չդադարող սադրանքներ եւ զոհեր ունեցող երկրներում: Այդ պատճառով Հայաստանը դատապարտված էր եւ այժմ նույնպես դատապարտված է ունենալ սոցիալական արդարություն ապահովող գործիքակազմեր, որովհետեւ այն պայմաններում, որում ներկայումս գտնվում ենք, արդարության պահանջը գերկարեւոր նշանակություն է ստանում:
Ինչպես նշվեց, այդ ամենի պակասն էր, որ հանգեցրեց 2018-ի իշխանափոխությանը եւ դրա էլ ավելի վատթար հետեւանքներին: Ի զորու կլինե՞նք արդյոք ձեւավորելու նոր քաղաքական համակարգ՝ դժվար է միանշանակ պատասխանել, սակայն մի բան հստակ է՝ դրան այլընտրանք մենք չունենք: