Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Անորոշության ժամանակաշրջան

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

«Հին աշխարհն» իր կուսակցություններով ու մամուլով տապալվել է։ Հանրությունը կորցրել է կողմնորոշումների առանցքները, իսկ նորերը չեն ստեղծվում։ Արեւմտամետները դարձել են հյուսիսամետներ, իրավապաշտպանները ողջունում են իրավախախտումները, Ադրբեջանի հետ «արժանապատիվ» հաշտության կողմնակիցները դարձել են բազեներ, «աջերն» ու «ձախերը» խառնել են կողմնացույցի սլաքները։ Երեկվա հերոսները փոխակերպվել են հակահերոսների, իսկ մեր ժամանակի հերոսների պատվանդանը դատարկ է։

Նրանք, ովքեր տիրում էին մարդկանց մտքերին ու սրտերին, թելադրում քաղաքական դիսկուրսը, ոգեւորում կամ հիասթափեցնում մարդկանց` լռում են կամ, ավելի ճիշտ կլինի ասել, նրանց այլեւս լսող չկա։ Հույսն ու հուսալքությունը դարձել են անբաժան ընկերներ։

Հասարակական-քաղաքական կյանքի նման հանգրվանները բնութագրվում են որպես Անորոշության ժամանակաշրջաններ։ Անորոշությունն ինչ-որ բանի ավարտն է ու ինչ-որ բանի սկիզբը: Այն երկու իրականությունների բաժանարար գիծն է, որը պետք է արագ անցնել, սակայն այդ քայլը կատարելու համար պետք է ունենալ կողմնորոշիչներ, որպեսզի քայլի ուղղությունը ճիշտ ընտրվի։

Այս տարվա ապրիլյան դեպքերը ջրբաժանն էին։ Ֆիզիկական առումով հանրությունն իր քայլը կատարել է ու մերժել հինը, բայց նորը ստեղծելու համար պետք է վերարժեւորել անցյալը, տալ դրա գնահատականը եւ իմաստավորել ապագան, որպեսզի պարզ լինի, թե ինչ ենք կառուցում։

Փոխվում են Հայաստանի հարաբերությունները Հյուսիսի եւ Արեւմուտքի հետ, սակայն դեռեւս հասկանալի չէ, թե ինչն է կոնկրետ փոխվում եւ ուր են մեզ տանելու այդ փոփոխությունները։

Հայաստանում կարեւոր իրադարձություններ են կատարվում՝ ամեն օր։ Փոխվել է աշխարհում Հայաստանի ընկալումը։ Հայաստանից սպասումները մեծ են, եւ անարյուն փոխոխությունը մեծ դաս էր բոլորի համար։ Շատ երկրներում սպասում են հաջորդ քայլերին, եւ այդ քայլերն ավտորիտար երկրների հասարակությունների համար կարող են օրինակելի լինել։

Հեղափոխությունների ժամանակ ծնվում են նոր կարգախոսներ, նոր մտքեր, ձեւավորվում են նոր հարաբերություններ։ Դա գիտակցված ընտրություն էր, որի ընթացքում մեր շուրջը եւ մեզ հետ կատարվող իրադարձությունների գնահատանքը դյուրին գործ է դառնում, սակայն հետեւելով Հայաստանի մամուլին, լսելով նորահայտ քաղաքական գործիչներին, տեսնում ենք, որ այդ գնահատականները բացակայում են։

Քայլը կատարվել է, եւ «Սերժը»` մերժվել, բայց հաջորդ քայլը չի հետեւում, եւ մեզ շրջապատող աշխարհը չի հասկանում` ինչպես մեզ վերաբերվել։

Այդ առումով նոր կառավարության գլխավոր փաստաթուղթը ոչ թե սոսկ հերթական գործադիրի հերթական ծրագիր պետք է լինի, այլ` անորոշության վիճակից դուրս գալու բանաձեւ: Միգուցե այդ դեպքում հասկանալի դառնան երկրի զարգացման ուղղությունն ու նպատակները, եւ մենք կարողանանք գնահատել մեր շուրջը ծավալվող սրընթաց զարգացումները: Նմանապես` մեզ կարողանան գնահատել մեր օտարերկրացի գործընկերները։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: