Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Դիմադրությունները ջարդելու ժամանակը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, եւ ես ջարդելու եմ այդ դիմադրությունը»:

Հայտարարությունը տարակերպ մեկնաբանությունների տեղիք է տվել: Ժողովրդի մի մասի ընկալմամբ` պետական համակարգում գործում են հակահեղափոխականներ, որոնք վարչապետի ձեռնարկած արմատական բարեփոխումները սաբոտաժի են ենթարկում. սա Ստալինի կառավարման օրոք «վնասարարների» դեմ մղվող պայքար է հիշեցնում։ Մյուս մասի կարծիքով` խոսքն այստեղ «հեղափոխական» կադրերի մասնագիտական սնանկության, ինչպես եւ անձնվիրաբար աշխատելու անհրաժեշտ խթանների բացակայության մասին է: Կան նաեւ որոշ դատողություններ, ըստ որոնց` վարչապետն ուղղակի քավության նոխազներ է փնտրում, որպեսզի բացթողումները նրանց վերագրի։ Միայն շատ քչերն են փորձում հասկանալ, թե արդյո՞ք «պետական համակարգում» իսկապես լուրջ բարեփոխումներ են մեկնարկել, եւ եթե` այո, ապա որտե՞ղ կարելի է գտնել այդ բարեփոխումների հայեցակարգը, դրանց գիտական հիմնավորումները եւ, վերջապես, նպատակը, թե ինչից ինչ ենք ուզում ստանալ։ Իսկ թե վերը մեջբերված հայտարարությունից եւ շրջանառվող կարծիքներից ի՞նչ ընդհանուր եզրակացության կարող է հանգել, ասենք, միջին վիճակագրական վերլուծաբանը` դժվար է ասել, քանի որ համակարգված որեւէ տեսակետ չի արտահայտվել։

Կառավարման համակարգը շատ բարդ օրգանիզմ է: Բարեփոխումների ենթարկելու միջոցով այն անխափան գործող մեխանիզմ դարձնելու համար, նախեւառաջ, հսկայածավալ գիտատար աշխատանք է պահանջվում, ինչը ենթադրում է արդյունավետ մենեջմենթ, համակարգերի, կադրային ներուժի կառավարման բազմաթիվ տեսությունների խորն իմացություն։

Սակայն դրանց հասնելուց առաջ պետք է հստակեցվի, թե ինչ «հեղափոխության» մասին է խոսքը, ով եւ ինչու է դրան դիմադրում, պետական ինչպիսի համակարգ ենք ունեցել ու ինչպիսի համակարգով ենք ցանկանում այն փոխարինել եւ, ըստ այդմ էլ որոշել կադրերի ընտրության գործիքակազմերն ու չափանիշները։ Քանի որ խոսքը պետական համակարգին է վերաբերում, ուրեմն նման բարեփոխումների իրականացումը ենթադրում է նաեւ համարժեք քաղաքականություն, պետական քարոզչություն եւ վարվող քաղաքական ուղեգծի մասին հանրային իրազեկում։

Գոյություն ունեն փակ եւ բաց համակարգեր։ Փակ համակարգերի ստեղծման համար հարկավոր են յուրայիններ եւ ոչ յուրայիններ, որոնց դեմ պայքար է ընթանում։ Բաց համակարգերը գործում են ժողովրդավարական կանոններով` ինչպես սոցիալական լիֆթերի ճկուն համակարգերի առկայությամբ, այնպես էլ կադրերի ընտրության հստակ չափորոշիչներով։

Իշխանափոխությունից հետո այն տպավորությունն է` կարծես գործ ունենք կառավարման փակ համակարգի հետ, որտեղ գծված են յուրայինների ու ոչ յուրայինների սահմանները։ Յուրայինները պետական համակարգում հայտնվել են փողոցից՝ ուղիղ իմաստով, փողոցային պայքարի արդյունքում: Ի տարբերություն միջին եւ ցածր օղակների աշխատողների` նրանք շռայլ պարգեւավճարներ են ստանում։ Դա մարդկանց ըստ տեսակների բաժանելու հետեւանքն է։ Գծված են նաեւ տարիքային պարամետրերը, հայտարարված` «նորերն» ու «հները», մինչդեռ չեն հայտարարված պետական համակարգի նոր առաջնահերթությունները, կադրերի մասնագիտական կարողությունների չափանիշները եւ, ի վերջո, փոփոխությունների նպատակներն ու հեռանկարները։

Վարչապետի խոսքից կարելի է ենթադրել, որ նկատի ունի «հին» կադրերին, որոնք դիմադրում են փոփոխություններին, եւ որոնց դիմադրությունը պատրաստվում է «ջարդել»։

Նախորդ համակարգը բնութագրվում է որպես կոռուպցիոն, այսինքն` կոռուպցիան այն շարժիչ ուժն էր, որը ցեմենտում ու աշխատեցնում էր պետական համակարգը։ Ըստ վարչապետի` այլեւս չկա համակարգայի կոռուպցիա, եւ ղեկավար կադրերը ստանում են պարգեւավճարներ, որոնք պետք է խթանեն նրանց ազնիվ ու բարեխիղճ աշխատանքը։ «Նորերը», կարծես թե, ունեն արժանապատիվ աշխատելու խթան, իսկ ի՞նչն է փոխվել համակարգում աշխատող «հների» կյանքում։ Զրկվելով ենթադրյալ կոռուպցիոն «հավելավճարներից», նրանք, բնականաբար, չունեն արժանապատիվ աշխատանքի խթաններ եւ, ըստ վարչապետի, «դիմադրում» են կամ աշխատում են ի միջի այլոց՝ համապատասխան ստացած  ոչ արժանապատիվ աշխատավարձերի։ Իրավիճակը փոխելու համար լուծումներ են պետք։ Իսկ որո՞նք են այդ լուծումները` պարզ չէ։

Այս ամենը հասկանալուց հետո` առաջին հարցը, որ ծագում է մարդու գլխում, հետեւյալն է. ուրեմն` ո՞ւմ եւ ի՞նչն է ցանկանում «ջարդել» վարչապետը, եւ արդյո՞ք «ջարդելով» հնարավոր է Նոր Հայաստան կառուցել։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: