Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Շահեր եւ դաշնակիցներ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շատ երկար ժամանակ է հարկավոր, որպեսզի Հայաստանի հանրությունը կամ գոնե նրա մի մասը, հասկանա, որ միջազգային հարաբերություններում կարեւորը երկրների պետական շահն է: «Մենք չունենք մշտական դաշնակիցներ ու մշտական թշնամիներ, այլ ունենք մշտական շահեր»,- սա 19-րդ դարի անգլիացի նշանավոր պետական գործիչ եւ դիվանագետ Հենրի Փալմերսթոնի ձեւակերպումն է, որը ցայսօր չի կորցրել իր արդիականությունը:

Խորհրդային տարիներին ժողովուրդների բարեկամության մասին քարոզչությունը շատ խորն էր հայերի գիտակցության մեջ մտցրել «Հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսը, որից, ի հեճուկս Փալմերսթոնի, կարելի է գալ ճիշտ հակառակ եզրակացության, այն է՝ կան մշտական թշնամիներ ու մշտական բարեկամներ: Սակայն անկախացումից հետո հին կարգախոսները սկսել են փլուզվել, որովհետեւ Հայաստանն արդեն ոչ թե Ռուսաստանի մասն է կամ Խորհրդային Միության հանրապետություններից մեկը, այլ անկախ երկիր՝ իր որոշակի շահերով, որոնք պարտադիր չէ, որ համընկնեն, ասենք, Ռուսաստանի շահերի հետ:

Այս պարզ ճշմարտության չգիտակցումը բերում է աղճատված մտածողության, ինչը տեսնում ենք մեր այսօրվա քաղաքական ու հանրային խոսույթում: Ոմանք դեռ այն կարծիքին են, որ Ռուսաստանը հատուկ պարտավորություններ ունի Հայաստանի առջեւ՝ անգամ, եթե դրանք հակոտնյա են Ռուսաստանի շահերին, իսկ մյուս հատվածի դատողությամբ՝ քանի որ Ռուսաստանն իր շահերով է շարժվում եւ անտեսում Հայաստանի շահերը, ուրեմն մեր թշնամին է, իսկ մեր բարեկամը Ռուսաստանի մրցակից Արեւմուտքն է:

Այսպիսի մտավոր ծուղակում հայտնված մարդիկ նույն սխալն են կրկնում, բայց հակառակ նշանով. հիմա էլ կարծում են, թե Արեւմուտքն է հանձնառու պաշտպանել մեր շահերը, եւ մի գիշերում դառնում են երդվյալ արեւմտապաշտներ: Այսպիսով՝ ե՛ւ արեւմտամետները, ե՛ւ ռուսամետները նույն սխեմատիկ ձեւով են մտածում՝ մշտական թշնամի ու մշտական բարեկամ որոնելով: Իրականում երկուսն էլ աղճատված մտածողության կրող են:

Այս ամենին գումարվում է եւս մեկ արատավոր մտածողություն, որը թույլ չի տալիս հասկանալ միջազգային հարաբերությունների էությունը: Արեւմտամետները համարում են, որ կա մեկ ընդհանուր Արեւմուտք, որն այժմ հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ, իսկ հաջորդ քայլով պայքարելու է ընդդեմ Չինաստանի: Մինչդեռ այդ պայմանական Արեւմուտքը եւս տարբեր երկրներից է բաղկացած, որոնց շահերը նույնպես չեն համընկնում՝ առաջ բերելով սուր հակասություններ, երբեմն էլ՝ անհաղթահարելի միջպետական վեճեր:

Օրինակ՝ Լեհաստանն Ուկրաինային սատարող թիվ մեկ երկիրն է, բայց արդյո՞ք լեհերը կցանկանան հարեւանությամբ ունենալ հզոր Ռուսաստանի դեմ պատերազմում հաղթած Ուկրաինա՝ ուժեղ բանակով, ում հետ տարածքային վեճ ունեն, թե՞ իրենց համար ցանկալի հարեւանը պատերազմի հետեւանքով թուլացած Ուկրաինան եւ նույնքան ուժասպառված Ռուսաստանն է: Անկասկած՝ վերջինը: Ցանկացած պետության կողքին ավելի ուժեղն ու հավակնոտը մշտական սպառնալիք է: Մեկ այլ օրինակ. մի՞թե Ռուսաստանի դեմ պայքարում դաշնակիցներ հանդիսացող Բրիտանիան ու Ֆրանսիան մի կողմ են դրել իրենց դարավոր մրցակցությունը եւ այլեւս հրաժարվել են Հարավային Կովկասում սեփական ազդեցության հաստատման նկրտումներից: Իհարկե՝ ոչ:

Շահերի համադրման ու հակադրման առումով նման օրինակներ կարելի է բերել նաեւ Մեծ Բրիտանիա-Թուրքիա, Ադրբեջան-Իրան եւ այլ երկրների հարաբերություններից: Իսկ ո՞րն է մեր հիմնական մոլորությունը. միջազգային կամ միջպետական հարաբերությունների կառուցման տրամաբանությունը մեզանում միշտ խեղաթյուրվում է, որովհետեւ հիմքում դրվում են պարզունակ, չաշխատող սխեմաներ եւ դրանց շուրջ քաղաքական դաշտի ու մամուլի կողմից հրամցվող սխալ ընկալումներ եւ ժամանակավրեպ մտավարժանքներ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: