Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Շաբաթվա անցուդարձ

27 հունվար - 3 փետրվարի 2024թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Հունվարի 28-ին լրացավ Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարին: Հայության ամենավառ ու սիրված տոներից մեկը երեք տարի պաշտոնական մակարդակով չնշելուց հետո ՀՀ կառավարության, ԱԺ-ի իշխանական ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք այդ օրն առավոտյան այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին նահատակների հիշատակին ու արագ հեռացան: «Եռաբլուրը» փակ էր լրագրողների ու քաղաքացիների համար, մեծ թվով ոստիկաններ էին ծառայություն իրականացնում զինվորական պանթեոնի եւ նրա տարածքի շուրջը: Ավելի ուշ տեղի ունեցավ բանակի 32-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որտեղ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը:

Ելույթը, ինչպես որ նրա ցանկացած հրապարակային խոսք, մեծ աղմուկ հանեց, քանի որ հագեցած էր Զինված ուժերի մասին վիճահարույց, հակասական դատողություններով ու աչառու եզրահանգումներով: Այլ կերպ չէր էլ կարող լինել, երբ բանակի մասին խոսում է մինչեւանգամ պարտադիր զինծառայություն չանցած անձը, ինչպես կասեր ժողովուրդը՝ «բանակից ծլկածը»: Զինված ուժերի բարեփոխումների, բանակի մարտունակության բարձրացման անհրաժեշտության մասին խոսում է բանակը քանդած եւ արհեստավարժ, հայրենասեր զինվորականներին կալանքի տակ պահող գերագույն գլխավոր կոչեցյալը, որի զորապետների մի մասն էլ Բաքվի բանտերում են: Մասամբ՝ իր մեղքով:

Ի՞նչ է մտածում Փաշինյանը: Ասում է՝ Ադրբեջանին մի շարք առաջարկներ է ուղարկել՝ սահմանների երկուստեք ապառազմականացում, չհարձակման մասին պայմանագրի կնքում, սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմի ստեղծում, զորքերի հայելային հետքաշում եւ այլն: Հետո՞: Պարզվում է՝ Բաքվից խորհուրդ են տվել թողնել «կռուտիտներն» ու դատարկ խոսքերի փոխարեն գործով ապացուցել հայկական կողմի հավատարմությունը խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին եւ արագացնել այն: Թուրքիան, իր հերթին, նույնն է պահանջում՝ սպառնալով, որ հակառակ դեպքում Հայաստանը նոր «44-օրյակ» կստանա:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը չէր կարող շրջանցել ու չշրջանցեց «նախկիններին»: Նա նշեց, որ «անվտանգության համակարգերի, դրանց գործունակության բանաձեւերի մասին արմատացած պատկերացումներն աղետալի խաղ խաղացին մեր գլխին»: Հավելեց, որ ՀՀ-ի համար չկա այլ տարբերակ, քան անվտանգային մոտեցումների դիվերսիֆիկացումը. «Մենք գնում ենք այդ ճանապարհով՝ նոր եւ ժամանակակից սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերման ճանապարհով, եւ վերջին տարիներին կառավարությունը մի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել»,- ասել է նա:

Ամիսներ առաջ գանգատվում էր, որ ՀԱՊԿ-ին անդամակցելու պատճառով մեզ ոչ ոք զենք չի վաճառում, հիմա հակառակ պնդումն է անում: Դե, արի բան հասկացիր: Մյուս ճանապարհը, որով Փաշինյանը պատրաստվում է մեզ առաջնորդել եւ, իբր, ապահով տեղ հասցնել, բանակը բարեփոխելն է, ուժեղ ու մարտունակ բանակ ունենալը, որը, նրա խոսքով, յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է: «Ուժեղ եւ մարտունակ բանակը ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունն ապահովող կարեւորագույն գործոններից է, բայց ոչ միակը»,- ասում է նա: Ասում է, բայց խոսքն անկեղծություն չի ներշնչում՝ մանավանդ երբ թեման բանակի բարեփոխման մասին է:

Հետպատերազմյան ավելի քան երեք տարվա ընթացքում միանգամայն հնարավոր էր բանակը ոտքի կանգնեցնել, սակայն Ալիեւի ահից ոչինչ չարվեց՝ թեկուզ սովորական մի զորավարժանք: Փոխարենը կայացած, մարտունակ կառույցը քանդվեց, իսկ քաջարի զորավարները փակվեցին բանտերում: Այսօր շինծու գործերով անազատության մեջ են Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը՝ արդեն 17 ամիս, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը՝ 10 ամիս, եւ այլք: Վերջինս 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանի հրաժարականը պահանջած չորս տասնյակի չափ բարձրաստիճան զինվորականներից է։ Սրանով ամեն ինչ ասված է:

 

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով նրա կալանքը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապօրինաբար կալանավորված Ռուբեն Վարդանյանի պաշտպանը բողոքարկել է իր պաշտպանյալի կալանքը եւս չորս ամսով երկարաձգելու դատարանի որոշումը։ Միջազգային մամուլի փոխանցմամբ՝ Վարդանյանի նկատմամբ վերաբերմունքը Բաքվում մի փոքր այլ է, քանի որ նրան ազատ արձակելու գործով բավական ազդեցիկ խմբեր են զբաղվում:

Արցախի նախկին պետնախարարը 2023-ի սեպտեմբերի 27-ին ԼՂՀ-ից դուրս գալու փորձի ժամանակ Հակարիի կամրջի անցակետում ձերբակալվել էր ադրբեջանական սահմանապահ զորակազմի կողմից, ապաեւ՝ 4 ամսով կալանավորվել։ Նա մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման», «ապօրինի զինված կազմավորումների ստեղծմանը եւ գործունեությանը մասնակցելու», «Ադրբեջանի պետական սահմանն անօրինաբար հատելու» հոդվածներով։ Բաքվի դատարանը բավարարել էր նաեւ Արցախի նախկին երեք նախագահների, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ խոսնակ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լեւոն Մնացականյանի ու Դավիթ Մանուկյանի կալանքը եւս 4 ամսով երկարաձգելու միջնորդությունները:

Բաքուն Արցախի նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, ինչպես նաեւ բարձրաստիճան զինվորականներին ահաբեկչական գործողությունների հետ կապված ծանր մեղադրանքներ է առաջադրել: «Անջատականները, որոնք երկար տարիներ Ադրբեջանի եւ ադրբեջանական ժողովրդի դեմ հանցագործություններ են կատարել, ձերբակալվել են տեղական հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում»,- հունվարի 26-ին՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում, հայտարարել է այդ երկրի գլխավոր դատախազ Քեմրան Ալիեւը՝ հավելելով, որ նրանց վճիռները կայացվելու են ադրբեջանական դատարաններում:

Ակնհայտ է, որ այս որոշումներն ավելի վաղ արդեն կայացված են եղել Ադրբեջանի նախագահի աշխատակազմում, եւ հիմա դատարանները դրանք վավերացնում են ըստ նախապես գծված դիպաշարի: «Ազատության» հետ զրույցում ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ այն, ինչ հնչեցնում է Ադրբեջանի գլխավոր դատախազը, սպասելի էր՝ առանց դատական ակտեր կայացնելու, ազատ արձակման հարց չեն քննարկելու. «Շատ կանխատեսելի էր, որ նրանք ի սկզբանե ձերբակալվել են այդ քաղաքական թատրոնի մաս դառնալու նպատակով, ինչը ներքաղաքական զարգացումներում չափազանց կարեւոր է իշխանությունը պահպանելու տեսանկյունից»,- ասել է իրավապաշտպանը:

Ադրբեջանի գլխավոր դատախազն իր խոսքում խոստովանել է, որ իրենց «սեւ ցուցակից» 300 հոգի՝ մեծամասամբ հայեր, հետախուզման մեջ են, եւ նրանց բոլորին դեռ հասնելու են: Օրեր առաջ Իլհամ Ալիեւն ափսոսանք էր հայտնել, որ Բաքվի բանտերում իր համար շատ կարեւոր երկու գործիչ բացակայում են, որպեսզի գոհունակությունը կատարյալ լիներ: Ինքն անուն չնշեց, բայց գրեթե վստահ եմ, որ նկատի ուներ Հայաստանի 2-րդ եւ 3-րդ նախագահներին, որոնցից ամենաշատն է տուժել:

 

Դպրոցական դասագրքերի հարցը շաբաթվա ամենաքննարկվողներից էր: Հունվարի 29-ին ԿԳՄՍ նախարարության դիմաց «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման անդամները բողոքի ցույց էին կազմակերպել եւ պահանջում էին նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը: Նրանք 72 ժամ էին տվել նախարարին՝ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի խոտանման որոշումը հրապարակելու համար: Նախաձեռնության անդամները ներկայացրել էին, թե ինչ խնդրահարույց հատվածներ կան մեր դասագրքերում, եւ խոսքը միայն պատմության դասագրքի մասին չէր:

Զավեշտը հասել է նրան, որ Լոռու չքնաղագեղ Դսեղ գյուղում ծնված Թումանյանին Հայ գրականության նոր ձեռնարկում «ծնվեցրել» են Համամլուում (Սպիտակ): Չգիտեմ՝ ում գաղափարն է, բայց ով էլ որ է՝ չի կարող հայ լինել: Եվ դա արել են զուտ մի նպատակով՝ որպեսզի Մեծն լոռեցու «ֆեյք» ծննդավայրը հնչի Ալիեւի ունկին հաճո «Համամլու» ադրբեջաներեն արտասանությամբ: Ճիշտ Գորիս-Կապան մայրուղու 25 կիլոմետրանոց այն հատվածի հանգույն, որը, իբր, անցնում էր ադրբեջանապատկան տարածքով եւ, հետեւաբար, պետք է վերադարձվեր, ինչը եւ արվեց: Այն ժամանակ՝ որպես ապացույց, Փաշինյանն առաջին անգամ ԱԺ-ում հնչեցեց Էյվազլի եւ Չայզամի բնակավայրերը, որոնց միջով էլ, իբր, անցնում էր ճանապարհը:

Բայց զավեշտն այսքանով չի ավարտվում: Մեր հանճարեղ պատմավիպասանը՝ Րաֆֆին, ընդհանրապես, դուրս է մնացել 5-րդ դասարանի գրականության դասագրքից եւ դրա փոխարեն թարգմանաբար հայ գրականության մեջ են մտցվել թուրք-ադրբեջանական գրողներ: Ո՞ր ստահակի ձեռքն է նման ապազգային զեղծարարություններ գործում: Դասագրքի հեղինա՞կը… ո՛չ, նա ընդամենը կույր գործիք է, որն իր սեւ գործն է արել՝ բնականաբար բարձր հոնորարով: Իսկ պատասխանատուն ԿԳՄՍ նախարարն է եւ նրան վերեւից հրահանգող հայտնի անձը: Հետեւությունները թողնվում են ընթերցողին:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Բանակի օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը հունվարի 28-ին ՀՀ նախագահի, խորհրդարանի ղեկավարի եւ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու՝ հայտնում են Կառավարությունից։ Գործադիրի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին եւ ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: «Եռաբլուր»-ի տարածքն այդ օրը, սակայն, փակ է եղել լրագրողների համար։ Թե ինչու, լրագրողները հետաքրքրվել են ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից։ Մյուսներն արագ հեռացել էին։

Հայաստանը պաշտոնապես միանում է Միջազգային քրեական դատարանին. ՀՀ-ի համար փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հռոմի կանոնադրությունը։ Հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը միայն իշխող «Քաղպայմանագրի» 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը, եւ նախագահ Խաչատուրյանն այն ստորագրեց հոկտեմբերի 14-ին, որից հետո  ՀՀ ԱԳ նախարարն այդ մասին տեղեկացրեց քրեական դատարանին: Ազգային ժողովի քվեարկությունից մոտ երկու ժամ անց Կրեմլը հայտարարել էր, որ Հռոմի ստատուտի վավերացումը ճիշտ քայլ չէ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։

Սահմանագծման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովներ հերթական նիստն են անցկացրել հայ-ադրբեջանական սահմանի՝ Իջեւան-Ղազախ հատվածում: Այս մասին հունվարի 31-ին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ դարձյալ առանց մանրամասների: Սակայն տարեսկզբին Ալիեւի հայտարարությունից դատելով՝ օրակարգում եղել է Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցը: Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովները մինչ այժմ 6 հանդիպում են անցկացրել:

Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր են քննարկել վարչապետ Փաշինյանը եւ ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին հունվարի 29-ին Երեւանում կայացած հանդիպմանը: Քննարկված հարցերը վերաբերել են քաղաքական, տնտեսական կապերին, էներգետիկայի, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում փոխգործակցությանն ու համատեղ նախագծերի իրականացմանը: Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը առնչվող հարցերի շուրջ: Վարչապետն ընդգծել է տվյալ հարցի վերաբերյալ Հայաստանի առանցքային մոտեցումները:

Իրավապահները հունվարի 31-ին Էկոնոմիկայի նախարարության իր աշխատասենյակից տարել են նախօրեին աշխատանքից ազատված՝ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանին, որը կասկածվում է նախարարությունում բացահայտված կոռուպցիոն սկանդալի մեջ: Այս տեղեկությունը հաստատել է Քննչական կոմիտեի մամլո քարտուղարը։ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ եւ օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»,- մասնավորապես ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում:

Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունն ու իր բնակչությանը. հունվարի 29-ին այսպիսի հայտարարություն է արել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Դեսպանը նաեւ ընդգծել է, որ Ֆրանսիան ստանձնում է իր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ եւ ռազմավարական մտերմություն է զարգացնում երկու երկրների միջեւ:

Նոյեմբերի 30 2024
Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: