Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2024

Շաբաթվա անցուդարձ

11-18 մայիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Շաբաթվա ընթացքում հանրության, ԶԼՄ-ների եւ սոցցանցերի ուշադրության սեւեռուն կենտրոն էին դարձել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքները, որոնք Երեւանում սկսվեցին մայիսի 9-ին եւ շարունակվում են ցայսօր: Հանրահավաքների ու անհնազանդության ակցիաների առանցքում վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրաժարականի պահանջն է, որը, միաժամանակ, պետության ու ժողովրդի առջեւ ծառացած հարցերի հարցն է: Սակայն այդ անձն իրենով փակել է հայությանը սպառնացող գոյութենական մարտահրավերներին դիմակայելու հնարավորության բոլոր մուտքերը:

Պատկերավոր ասած՝ Փաշինյանը ճամփամիջին ընկած մի ժեռ, կապտաջիղ քար է՝ իր «կտորտանքներով», որոնց շատ արագ պետք է հեռացնել՝ ճանապարհը բացելու եւ բնականոն երթեւեկն ու մարդկանց ազատ տեղաշարժը ապահովելու համար: Այժմ՝ ի դեմս համազգայինի վերածվող Շարժման, ստեղծվել է «քարահեռացման» ու երկրի վտանգված շնչառության վերականգնման հնարավորություն, ինչը նախեւառաջ պայմանավորված է Սրբազանի անձով եւ այն հանգամանքով, որ պայքարի ներկա փուլը տարբերվում է հետպատերազմյան մյուս բոլոր շարժումներից, որոնք ղեկավարվում էին կուսակցական գործիչների ու կուսխմբերի, ինչպես նաեւ վեց տարի շարունակ իշխանության ջանքերով արատավորված «նախկինների» կողմից:

Ակնհայտ է, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդը բավական խարիզմատիկ կերպար է, ունի հանրային ճանաչում եւ կարողանում է համերաշխությամբ, անկեղծությամբ ու սիրով համախմբել հասարակության ամենազանազան շերտերին, հակադիր հայացքների տեր անձանց, ոգեշնչել նրանց եւ տանել իր հետեւից: Դրա ցայտուն վկայությունը Երեւանում, մասամբ՝ նաեւ մարզերում ամենօրյա ռեժիմով անցկացվող բազմահազարանոց հանրահավաքներն ու անհնազանդության գործողություններն են, որոնց թափը չի մարում՝ չնայած ցուցարարների եւ, մասնավորապես, Սրբազանի դեմ օր օրի սաստկացող քարոզչական արշավներին ու ոստիկանական վայրագություններին: Այս թեմային կփորձենք հաջորդիվ անդրադառնալ:

Իսկ հիմա գանք այն հիմնական ուղերձներին, որոնք առկա են Բագրատ Սրբազանի հրապարակային խոսքում: Թիվ մեկ ուղերձը հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում սահմանազատման անվան ներքո Ադրբեջանին միակողմանիորեն արվող զիջումների եւ, ընդհանրապես, ՀՀ ղեկավարության հանձնվողական քաղաքականության դեմն առնելու հրամայականի մասին է: Հանրությանն ու արտաքին դերակատարներին ուղղված կարեւոր ուղերձ էր Սրբազանի այն հայտարարությունը, թե խոսք չի կարող լինել բանակցությունից, սահմանազատումից, խաղաղության համաձայնագրից հրաժարվելու մասին: Հարցն, ըստ նրա, գործընթացները հավասարակշռված, փոխշահավետության դաշտ բերելուն է վերաբերում:

Ի դեպ, խաղաղության եւ բանակցային տրամաբանության հիշատակումը էական ազդակ է նաեւ Ադրբեջանին առ այն, որ ՀՀ նոր կազմավորվելիք կառավարությունը ռեւանշիստական որեւէ հակում, այդպիսի որեւէ մտադրություն չի ունենալու, ինչպես այդ երկիրը հաճախակի պիտակավորում է: Անցած կիրակնօրյա հանրահավաքի հարթակից ուշագրավ ազդակներ ստացան նաեւ պետական համակարգի ծառայողները: Նրանց բաց տեքստով ասվեց, որ կարող են չանհանգստանալ աշխատանքը կորցնելուց, իրենցից ընդամենը պահանջվում է դուրս չգալ օրենքի շրջանակներից: Իսկ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները, Սրբազանի խոսքով, քաղաքական համաներման մեծ շանս կունենան, եթե որոշեն «հանձնել» Փաշինյանին:

Իրականում այս օրերին Փաշինյանի վիճակն ավելի բարվոք չէ, քան լինել «հանձնված»: ՔՊ-ի շարքերում խուճապ է սկսել, վախն ընկել է իրեն «ժողովրդավար» համարող առաջնորդի սիրտը: Եվ դա պարզորոշ երեւաց հատկապես մայիսի 15-ին, երբ օպերայի դահլիճում հետմիջօրեին միջազգային ֆորում էր անցկացվում՝ աշխարհի ավելի քան 70 երկրներից ժամանած պատվիրակների մասնակցությամբ: Տեսնել էր պետք օպերայի շենքի՝ ներառյալ Ազատության հրապարակի շուրջբոլորը կուտակված աննախադեպ մեծաթիվ ոստիկանական ուժերը՝ հանդերձավորված սաղավարտներով, վահաններով, փշալարերով, արցունքաբեր գազով, շենքի տանիքին «բոլթի տվող» դիպուկահարներով:

Ինչ է, թե՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այդ օրը երեկոյան հանրահավաք էր նախատեսել Ազատության հրապարակում: Ֆորումում անկապ մի բանախոսություն կարդալու համար Փաշինյանը կաթվածահար էր արել մայրաքաղաքի երթեւեկությունը, օպերայի շրջակայքում եւ հրապարակին հարող փողոցներում կենտրոնացրել անթիվ-անհաշիվ ոստիկանական ուժեր: Ժողովուրդն ասում է՝ «վախը փիս բան է»: Չէ, երեւում է՝ սրանց հեռացման ժամանակը մոտենում է:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Մայիսի 16-ին Կիրանցի բնակիչները վերսկսեցին բողոքի ակցիաները՝ փակելով գյուղ մտնող հենց այն հատվածը, որն անցած ամիս շաբաթներ շարունակ փակ էր մնացել։ Այդտեղ հիմա մեծ ավտոշարասյուն է, կան կուտակումներ։ Բնակիչներն իրենց խաբված են զգում եւ հիասթափված են Երեւանի ու Բաքվի՝ մայիսի 15-ի համաձայնությունից: Ճանապարհը փակած քաղաքացիները պարզաբանումներ են պահանջում ՔՊ-ի պատասխանատուներից, որոնք, ըստ նրանց, դեռ ամիսներ առաջ հավաստիացրել են, որ սահմանազատման գործընթացը տեղի կունենա հօգուտ կիրանցեցիների, բայց նախօրեին ստորագրված արձանագրությունն իրենց համար ընդունելի չէ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 12-ի հանրահավաքին հայտարարեց, որ հանդիպել է «Պատիվ ունեմ» խմբակցությունից դեռեւս 2021 -ին դուրս եկած անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ։ Վերջինս, ըստ սրբազանի, «որոշակի մտածումներով չի մերժել» միանալ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին։ «Ենթադրում եմ, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը։ Մնացել է կարեւոր երկու հարցերի լուծում՝ վարչապետի թեկնածուի եւ պակասող 18 պատգամավորի աջակցության հարցը։ Առաջիկա օրերին մենք պետք է լուծենք նաեւ այս հարցը»,- ասել է Տավուշի թեմի առաջնորդը։

Բաքվի դատարանը մայիսի 15-ին եւս հինգ ամսով երկարաձգել է Արցախի նախկին պաշտոնյաների կալանքի ժամկետները։ Report.az-ի փոխանցմամբ՝ խոսքը Արցախի նախկին երեք նախագահների, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Արկադի Վարդանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանի, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի եւ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի մասին է։ Ադրբեջանական գերության մեջ են 23 հայ զինծառայող եւ քաղաքացիական անձ։ 44-օրյա պատերազմից հետո եւս 32 գերիների բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է:

Ռուսաստանի իրավապահները ձերբակալել են Հայաստանի կողմից հետախուզվող Տիգրան Ուրիխանյանին։ Հայաստանի ՆԳՆ լրատվական ծառայությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ ձերբակալման մասին իրենց ռուսական կողմն է տեղեկացրել։ Ուրիխանյանին արտահանձնելու մասին իրավապահները դեռեւս մանրամասներ չեն հաղորդում։ Նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահը մեղադրվում է ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերեւույթ հրապարակային կոչ հնչեցնելու համար։ Նա հետախուզվող նախկին ոստիկան, «Դոկ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի թիմի կազմում ընտրվել էր Երեւանի ավագանի, բայց հետո հրաժարվել մանդատից:

«Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում»,- մայիսի 14-ին հայտարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։ «Ի դեմս սահմանապահների՝ մեր ներկայությունը Հայաստանում մնում է»,- Դաշնային խորհրդում իր թեկնածության շուրջ քննարկումների ժամանակ ասել է նա։ Ռուս պաշտոնյան վերահաստատել է՝ մեր սահմանապահները կշարունակեն իրենց ծառայությունը հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններին։

«Ազգային ժողովրդավարական բեւեռ»-ի խորհրդի անդամներ Արա Պապյանը եւ Գարեգին Չուգասզյանը մայիսի 11-ին հանդիպում են ունեցել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ՝ հայտնում են «Բեւեռ»-ից։ Ըստ հաղորդագրության՝ նրանք քննարկել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքի եւ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: «Բեւեռն» ավելի վաղ տարբեր ակցիաներ է իրականացրել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։

Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024
Սեպտեմբերի 22 2024
Սեպտեմբերի 14 2024
Օգոստոսի 31 2024
Օգոստոսի 24 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: