26.11.2024

Аналитика

Իշխանական բուրգը, կարծես թե, ներսից ճաքեր է տալիս

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Հայաստանում կառավարող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության 6-րդ համագումարի օրվանից գրեթե մեկ ամիս է անցել եւ, կարելի է ասել, արդեն հանդարտվել են նրա շուրջ «տաք» հետքերով հնչեցված թերեւդեմ կարծիքները, մարել են հույզերը: Անցած ժամանակը՝ կարճ լինելով հանդերձ, թույլ կտա ավելի սթափ գնահատել համաժողովից բխող եզրահանգումները: Քանի որ արդյունքների եւ ծրագրային առաջնահերթությունների մասին շատ է խոսվել ու քննարկվել, նպատակահարմար ենք համարում դրանք շրջանցելով՝ անդրադառնալ մի կարեւոր դիտանկյան, որը դուրս է մնացել խոր եւ պատշաճ հետազոտությունից:

Խոսքը համագումարի օրակարգի հանգուցային կետերից մեկը՝ ՔՊ վարչության նոր կազմի ընտրությունը կեղծելու մասին է, որի արդյունքում ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանից ու ԱԻՆ նախարար Արմեն Փամբուկչյանից ձայներ էին «գողացվել» հօգուտ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի եւ ԱԺ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի: Կեղծարարությունը, ինչպես հայտնի է, բացահայտվել է այն բանից հետո, երբ Թորոսյանի պահանջով կատարվել էր քվեների վերահաշվարկ: Նոյեմբերի 3-ին գումարված վարչության նիստում, ճիշտ է, «սխալը» շտկվել է, բայց տեղի ունեցածը՝ որպես ամոթի ու փարիսեցիության դրոշմ, մնում է եւ տեւապես կմնա ՔՊ-ի ճակատին:

Ասում են՝ խորամանկ աղվեսը զույգ ոտքով է թակարդ ընկնում: Ընտրակեղծիքները խստիվ դատապարտող, թափանցիկության ու ժողովրդավարության մասին ձոներգեր հյուսող ՔՊ-ական «բոմոնդը» այդ օրը հանեց դիմակը՝ ցույց տալով իր իսկական դեմքը: Եթե այս մարդիկ իրենց ցանկացած թեկնածուին առաջ մղելու համար ընտրություններ են կեղծում սեփական կուսակցության ներսում, պատկերացնո՞ւմ եք՝ ինչեր կանեն (ինչպես 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ) ՏԻՄ-ի եւ, առավել եւս, համապետական ընտրություններում՝ ձեռքի տակ ունենալով Վահագն Հովակիմյանի պես ԿԸՀ զիլ նախագահ եւ տիրապետելով վարչաֆինանսական ահռելի պաշարամիջոցների:

Այդ օրը շատ չի ուշանա, եւ մենք դրա ականատեսը կլինենք 2023-ի սեպտեմբերին՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, եթե, իհարկե, ՔՊ-ն կարողանա այդ «խելքով» եւս 10 ամիս ձգել, ինչը խիստ կասկածելի է: Կուսակցության երեւելի դեմքերը փորձում են չքմեղանալ, թե պատահածի մեջ դիտավորություն չկա, պարզապես կազմակերպչական ու տեխնիկական խնդիրների պատճառով քվեաթերթիկների որոշակի անճշտություններ եղել են: Այո, անճշտություններ կարող են լինել, բայց չէ՞ որ դրանք այն «անճշտություններից» են, որոնք ազդել են ընտրության արդյունքների վրա, ուստի դիտավորության հավանականությունը գրեթե կասկածի տեղ չի թողնում:

Փոխարենը մեկ այլ կասկածի հավանականություն է մեծանում. իշխանական բուրգը, կարծես թե, սկսել է ճաքեր տալ, եւ սա սոսկ վարչության նոր կազմի կեղծ ընտրության հանգամանքով չէ պայմանավորված: Կան այդ մասին վկայող բավական ծանրակշիռ փաստարկներ, որոնք կփորձենք ներկայացնել՝ «ճաքերի» կանխավարկածը հիմնավորելու համար: Այդ տեսակետից հատկանշական է նաեւ ՔՊ կուսակցության վարչության նախագահի պաշտոնում առաջին անգամ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը: Այն, որ Փաշինյանն ի վերուստ չէր հավակնում այդ պաշտոնին, կուսակցությունում «մի գլուխ»՝ ժողովրդավարության դրսեւորում էին համարում:

Ինքը՝ Փաշինյանը դեռ 2019 թվականին այդ հանգամանքը բացատրում էր հետեւյալ կերպ. «Ես ոչ մի անգամ վարչության նախագահի թեկնածու չեմ եղել եւ հույս ունեմ, որ չեմ էլ լինի… որովհետեւ, իմ կարծիքով, հակակշիռների, փոխզսպումների ձեւավորման առումով ճիշտ մեխանիզմը դա է: Ես կարծում եմ, որ մեր կուսակցության մեջ տասնյակ մարդիկ կան, ովքեր արժանիորեն կարող են այդ կարգավիճակն ունենալ»,- համեստորեն ասել էր նա: Հիմա վարչության անդամներից Ալեն Սիմոնյանը բացատրում է, որ ակնհայտ առաջնորդ ունենալու պարագայում վարչության այլ նախագահ ընտրելն իմիտացիա է: Փաստորեն՝ խոստովանում է, որ 2018-ից այս կողմ ՔՊ-ն չորս տարի իմիտացիայով էր զբաղված:

Բայց դա չէ էականը: Կուսակցության մեջ հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմը Փաշինյանի համար այլեւս հետաքրքիր չէ. նա հիմա առաջնային է համարում ներթիմային հավակնությունները, ախորժակները զսպելու համար իր ձեռքը վերցնել սանձերը, որպեսզի վարչության ներսում նկատվող ցանկացած շարժ, նկրտում, ձեռնարկ պահի անձնական վերահսկողության ներքո: Մի՞թե չի վստահում անգամ ամենամերձավոր շրջապատին. համագումարից առաջ մամուլը գրել էր, որ նորընտիր վարչության նախագահի թեկնածուները երկուսն են` Պնախարար Սուրեն Պապիկյանը եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնող Տիգրան Ավինյանը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանական բուրգի մեջ մի քանի թեւեր են սաղմնավորվում՝ հիմնականում հնչում էին Տիգրան Ավինյանի, Ալեն Սիմոնյանի եւ Արարատ Միրզոյանի անունները: «Թեւերի» առնչությամբ մենք ոչինչ չենք կարող պնդել, քանի որ չունենք հավաստի փաստեր, իսկ ինչ վերաբերում է ներիշխանական խմորումների ու տարաձայնությունների առկայությանը՝ դա միանշանակ է: Երկու բավական խոսուն փաստարկ մատնանշվեց միայն 6-րդ համագումարի շրջանակում. ա/ վարչության կազմի ընտրության արդյունքների կեղծումը եւ բ/ վարչության նախագահի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը:

Շարունակելով դիտարկումները, կարելի է նույն համագումարի շրջանակից էլի օրինակներ բերել: Ոչ պակաս ուշագրավ է այն փաստը, որ ՔՊ-ական Արսեն Թորոսյանը լուսանկարներ էր հրապարակել, թե ինչպես են վարչության անդամի թեկնածուները համագումարին ընդառաջ հանդիպում կուսակցության մարզային պատվիրակների հետ։ Թորոսյանը անգամ սպասվող ընտրությունների հետ էր կապել իր ընտանիքի ձկնաբուծական բիզնեսի մասին ծավալուն հետաքննության անցկացումը: Սա ոչ այլ ինչ է, քան վարկաբեկիչ նյութերի տարածման «սեւ» տեխնոլոգիա: Խորհրդածությունների տեղիք են տալիս նաեւ վարչության կազմում ԱԳ նախարար Միրզոյանի չառաջադրվելը կամ, ասենք, ստացած ձայների հաշվով ՔՊ մեկ այլ «հնաբնակի»՝ ԱԺ խոսնակի զբաղեցրած 11-րդ տեղը, եւ այլն:

Նկարագրված դրվագներում արտառոց ոչինչ չկա: ՔՊ-ն, որպես դասական իշխանության կուսակցություն, գործում է վերջինիս բնորոշ կանոններով՝ հակասություններ իշխանության տարբեր խմբերի կամ թեւերի միջեւ, մրցապայքար հնարավորինս մեծաքանակ ռեսուրսների տիրապետման համար, կլանների կազմավորում, միջկլանային խժդժություններ: Այս ամենը հանգեցնում է նրան, որ իշխանության եկած քաղաքական ուժն՝ ինքը հետզհետե վերածվում է ճիշտ այնպիսի կառուցվածքի, ինչի դեմ դուրս էր եկել պայքարելու: Հայաստանում այժմ մոտավորապես նման հակասություններով գեներացվող պայթյունավտանգ իրավիճակ է, որը, սակայն, չի կարող երկար շարունակվել:

Հակասությունների, ներիշխանական խլրտումների հեւքը առանձին վերցրած կառավարող կուսակցության շրջանակներից դուրս նկատելի է նաեւ իշխանության մյուս ճյուղերում: Այդ առումով հիշատակելի են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում կառուցած շքեղ առանձնատան շուրջ Գլխավոր դատախազության եւ Հակակոռուպցիոն կոմիտեի միջեւ ծագած գժտությունները, որոնք ցայսօր շարունակվում են: Խնդիրն այն է, որ ՀՔԾ-ն (ներկայիս՝ Հակակոռուպցիոն կոմիտեն) դեռեւս 2018թ.-ին երկու տարբեր քրգործով կալանքի տակ էր դրել նշված գույքը: Սակայն անհասկանալի պատճառներով դատարանի որոշումը կասեցվել էր եւ Աբրահամյաններին հնարավորություն էր տրվել վաճառել միլիոնավոր դոլար արժեցող անհայտ ծագման գույքը, որն օրենքով պիտի բռնագանձվեր:

Դա այս տարվա սկզբներին էր: Այդ ժամանակվանից դատաիրավական համակարգի երկու առանցքային կառույցների՝ Գլխավոր դատախազության եւ Հակակոռուպցիոն կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում: Նրանք ապօրինի գույքի օտարում թույլ տալու մեղքն իրար վրա են բարդում եւ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը ենթադրում է, որ տունը վաճառելու հարցում Աբրահամյանը համաձայնության է եկել գործող իշխանությունների հետ: Այժմ գլխավոր դատախազ է փոխվել եւ, հնարավոր է, հակասությունները փոքր-ինչ մեղմացել են, բայց հարաբերությունների ընդհանուր միտումը շատ չի փոխվել:

Դատական իշխանության տարբեր ճյուղերի միջեւ տարաձայնություններն, իհարկե, Հովիկ Աբրահամյանի առանձնատան գործով չեն սահմանափակվում: Թեժ վեճեր էին ծագել նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի քրեական գործի շուրջ, երբ քննչական մարմինը համարում էր, որ ավարտվել է կոռուպցիայի համար մեղադրվող Գասպարյանի քրեական գործի քննությունը եւ կարող է ուղարկվել դատարան, մինչդեռ գործը վերահսկող դատախազը հակառակ կարծիքին էր. նա լրացուցիչ քննության անհրաժեշտություն էր տեսնում: Այսինքն` դատախազությունը չի համարում, որ Գասպարյանի մեղադրականը հաստատելու համար կան բավարար ապացույցներ, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտարարում են, թե կոռուպցիոն 6 տարբեր հոդվածներով մեղադրվող գեներալի գործի քննությունը շարունակելու մասին դատախազության որոշումն անհիմն եւ անօրինական է:

Դատախազությունն էլ «խոսքի տակ» չի մնում, ի պատասխան, փորձում է Հակակոռուպցիոն կոմիտեին ցույց տալ իր տեղը. «Նախաքննական մարմինն ունի պարտավորություն ցանկացած պարագայում իրականացնելու անաչառ քննություն»: Փաստացի՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ անգամ ստորադաս մարմինը, այս դեպքում՝ Կոմիտեն, գնահատական է տալիս վերահսկող մարմնի գործողություններին, ինչը նոնսենս է եւ, անտարակույս, ունի խորքային պատճառներ: Սա նախահեղափոխական իրավիճակին բնորոշ նախադրյալ է, երբ իշխանության ստորակարգության սանդուղքում իրար են խառնվում վերադասն ու ենթական, ավագն ու կրտսերը, չորն ու թացը:

Նման իրադրությունում հանգուցալուծումը,- նկատի ունենք խորքային պատճառների իմաստով,- չի կարող ուշանալ: Ուղղակի ուշանալու իրավունք չունի:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.