Հայկ Համբարձումյան, «Ոչ մի շաբաթ առանց Հրանտ Մաթեւոսյանի», ընտրանի-նոթատետր, «Զանգակ», 160 էջ, 2020թ.
Հայ մեծ արձակագրի ծննդյան 85-ամյակին նվիրված այս ընտրանին պահպանել է արդեն հրատարակված ժողովածուների ձեւաչափը, այն է` շաբաթվա օրերն ընդգրկող, նշումների համար նախատեսված հատված եւ գրական մաս։
Գրքում ներառված են հատվածներ Հրանտ Մաթեւոսյանի գրեթե բոլոր երկերից, պատառիկներ նրա ստեղծագործական ժառանգության կարեւոր մասը կազմող հարցազրույցներից, հատվածներ էսսեներից, տարբեր հրատարակությունների առաջաբաններից ու հոդվածներից:
Ընդգրկված նյութերի ծանոթությամբ ընթերցողը կարող է հետեւել երեւելի հայի, հանճարեղ եւ մեծ մարդու կյանքի ու ստեղծագործության ընթացքին, տեսնել բնության, արվեստի ու մարդկանց հետ շփումներից ծնվող հիացմունքն ու ներշնչանքը, նաեւ հայ իրականության, կյանքի ու կենցաղի տարբեր երեւույթների պատճառած հիասթափությունները: