«Հրեշտակներ եւ դեւեր», Դեն Բրաուն, արկածային վեպ, անգլերենից թարգմանությունը՝ Արամ Արսենյանի, 528 էջ, «Զանգակ», 2023թ.:
Գիրքն արկածային ստեղծագործություն է՝ թրիլերի, ինտելեկտուալ դեդեկտիվ պատմության տարրերով։ Դեպքերը հիմնականում տեղի են ունենում Հռոմում՝ մեկ օրվա ընթացքում: Դեն Բրաունի վիպաշարի հերոս Ռոբըրթ Լանգդընը նորից առաքելություն ունի։ Այս անգամ վտանգված է Պապի պաշտոնական նստավայր Վատիկան քաղաքը, որը սպառնում են վերացնել սպանված գիտնականի ստեղծած հականյութով:
Եվ այսպես՝ Հռոմ, Պապի անժամանակ մահ, հետհաշվարկով գործարկվող, անկասելի ռումբ, վտանգված Վատիկան, ընդամենը 24 ժամ՝ քաղաքը փրկելու, առեղծվածային առեւանգումներ ու Հարվարդի համալսարանից Շվեյցարական գվարդիային օգնելու կանչված կրոնական խորհրդանշանագետ Լանգդըն։
Երբ մասնագետը գալիս է վերծանելու առեղծվածային խորհրդանիշը, որը խարանված է սպանված ֆիզիկոսի կրծքին, հայտնաբերում է աներեւակայելի ապացույցներ հնագույն գաղտնի «Լուսավորյալների եղբայրության» վերածննդի մասին։ Դա ամենահզոր ընդհատակյա կազմակերպությունն է երբեւէ եղածներից, որը նպատակ է ունեցել վրեժխնդիր լինելու Կաթոլիկ եկեղեցուց։
Լանգդընի ամենավատ մտավախությունները հաստատվում են Վատիկանի սուրբ կոնկլավի նախօրեին, երբ «Լուսավորյալների» սուրհանդակը հայտարարում է, որ անկասելի ժամային ռումբը թաքցված է Վատիկանի հենց սրտում: Այստեղից էլ սկսվում է Վատիկանը փրկելու որոնումների շղթան։ Վեպի հետագա զարգացումները լարում են ընթերցողի ուշադրությունն ու գլուխկոտրուկներ լուծելու նոր մարտահրավերներ նետում։