«Ընտրված պարտություն», Հերմինե Մխիթարյան, փաստագրական հետազոտություն, Երեւան, 215 էջ, «Պրոֆիլ մեդիա» հրատարակչություն, 2022թ.:
Միջազգայնագետ Հերմինե Մխիթարյանի այս աշխատությունն անդրադարձ է 2018թ. հաջորդած տարիներին, արված ու չարված քայլերին, դիվանագիտական սխալներին ու բացթողումներին, 44-օրյա պատերազմին, դրա պատճառներին ու հետեւանքներին։ Այն արցախյան հակամարտության պատմության առանցքային փուլերից մեկի՝ արհավիրքի, կորստի ու պարտության երեք տարիների մասին է:
Գրքի նախաձեռնությունը ծնվել է 2021-ի հունիսյան արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Դա հերթական ընտրությունն էր նաեւ մեր՝ որպես հանրություն, ընտրությունն այն շարունակվող պարտության, որին արդեն ականատես ենք եղել։ Գրքում ներկայացված են 2018-2021-ի հունիս ընկած ժամանակահատվածում ՀՀ իշխանության քայլերն ու գործողությունները, որոշ դեպքերում՝ նաեւ անգործությունը, որոնք մոտեցնում էին արհավիրքը:
«Ընտրված պարտություն»-ը հեղինակի քննախույզ հայացքն է՝ ուղղված ոչ միայն գործող իշխանությունների՝ այս ընտրությանը, դա նաեւ մեր բոլորի եւ մեզանից յուրաքանչյուրի ընտրությունն էր, որը սկսվեց 2018 թվականի ապրիլ-մայիսին, վերահաստատվեց 2018-ի դեկտեմբերին եւ ամրագրվեց 2021-ի հունիսին։ «Բովանդակային առումով փորձել ենք անդրադառնալ այդ ժամանակահատվածին, ներկայացնել այն ամենը, ինչ կօգնի մտածել եւ յուրաքանչյուր ընթերցողի՝ ինքն իր մեջ գտնել հարցերի պատասխանները»,- գրքի շնորհանդեսի ժամանակ լրատվամիջոցներին փոխանցել է Մխիթարյանը։
Աշխատությունը կօգնի հետահայաց նայել տեղի ունեցածին եւ ամբողջական պատկերի օգնությամբ գնահատել կատարվածը: «Ընտրված պարտության» հասցեատերերն այդ առումով ոչ միայն մասնագիտական շրջանակներն ու լրագրողներն են, այլեւ, նախեւառաջ, պետության կառավարման օղակներում ընդգրկված անձինք: