«Լոսից եկող կա՞», Նարե Գալստյան, Միհրան Գալստյան, սոցիոլոգիական հետազոտություն, 272 էջ, «ՆյուՄեգ», 2023թ.:
ՀՀ-ում նորից կապրի՞ առնվազն 3.5 միլիոն մարդ։ Բնակչության արտահոսքը՝ աշխատանքային, սոցիալական, կրթական այլ տիպի միգրացիան, որը հաճախ բնորոշվում է որպես արտագաղթ, անխուսափելի գործընթաց է։ Հանրապետության բնակչության բնական աճն էլ դանդաղում է տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, պատերազմի պատճառով։ Լուծումը ներգաղթն է, լավագույն տարբերակը՝ հայրենադարձությունը։ Հնարավո՞ր է հայերի զանգվածային վերադարձ Հայաստան, ինչպես դա մի քանի անգամ եղավ 20-րդ դարում։
Սոցիոլոգներ Միհրան եւ Նարե Գալստյաններն ուսումնասիրել են վերջին տասնամյակների մի բարդագույն խնդիր եւ փորձել պատասխանել մի կարեւոր հարցի՝ հայկական սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկի՝ Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) եւ դրա արվարձանների ամերիկահայերը մշտական բնակության համար կգա՞ն Հայաստան ու ի՞նչ պայմաններով։
Արվել է համապարփակ սոցիոլոգիտական հետազոտություն, գիտնականները զրուցել են հենց լոսանջելեսահայերի հետ, հարցումները շարունակել տարբեր երկրներից Հայաստան ներգաղթածների շրջանում, քննության առել հայրենադարձության բոլոր շերտերը՝ օրենսդրականից մինչեւ կառավարչական, եւ ներկայացրել իրենց եզրահանգումն ու գործնական առաջարկները։
Գիրքը տպագրության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտխորհուրդը։