26.11.2024

Еженедельный Обзор

10-17 հունիսի 2023թ.

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Անցնող շաբաթը նշանավորվեց «Հայաքվե» կոչվող քաղաքացիական նախաձեռնության աշխուժացմամբ: Նախաձեռնող խումբը հունիսի 12-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացրեց դիմում, որը հնարավորություն կտա Արցախի հարցով հավաքել պահանջվող թվով ստորագրություններ եւ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Ազգային ժողով: Քաղաքացիական ձեռնարկը հիմնված է սոցիոլոգիական հարցումների արդյունքների վրա, համաձայն որոնց՝ ՀՀ բնակչության 90 տոկոսը դեմ է Ադրբեջանի կազմում Արցախի ներառմանը:

Փաստորեն՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանության վարած քաղաքականության ու հասարակության մոտեցումների միջեւ խզում է առաջացել, ինչը նշանակում է գործող իշխանության օրինակարգության խորացող ճգնաժամ: ԿԸՀ դիմելու եւ օրենսդրական փաթեթի նախագիծ պատրաստելու գործընթացը, ինչին ձեռնամուխ է եղել «Հայաքվե» խումբը, նախատեսված է «Հանրաքվեի մասին» օրենքի 13-րդ հոդվածով: Նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանի փոխանցմամբ՝ բավական մեծ փաթեթ է ընդգրկվել ԿԸՀ ներկայացրած թղթածրարում՝ նոտարական կարգով վավերացված դիմումը, բուն օրենքի նախագիծն՝ իր հիմնավորումներով, «Հայաքվե» խմբի անդամների անձնական տվյալները եւ այլն:

Գործող օրենքը ստորագրահավաքի համար 60-օրյա ժամկետի հնարավորություն է տալիս։ Նախաձեռնողները լիահույս են, որ 10-20 օրում կհավաքեն պահանջվող՝ 50 հազար ստորագրությունները։ Ի դեպ, նախաձեռնությամբ առաջարկվում է նաեւ ՀՀ «ՔՕ»-ում երկու հոդված ավելացնել. ա/ «ՀՀ անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով», եւ բ/ «Հայոց ցեղասպանությունից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը» վերտառությամբ հոդված:

«Հայաքվեն», ըստ էության, Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծ է, որը կյանքի է կոչվելու ՀՀ քաղաքացիների կամարտահայտության միջոցով։ Չալաբյանի խոսքով՝ սա ուղիղ ժողովրդավարության օրինակ է, որը ՀՀ-ում երբեւիցե չի կիրառվել. «Մենք ուզում ենք ապացուցել ե՛ւ ժողովրդին, ե՛ւ արդեն ոչ լեգիտիմ դարձող իշխանություններին ու նրանց արտաքին հովանավորներին, որ ՀՀ-ում  բնակչությունը չի աջակցում տարվող քաղաքականությանը»,- ասել է նա՝ նշելով, որ նախաձեռնողները հիմք են ընդունել ՀՀ Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը եւ Գերագույն խորհրդի՝ 1992թ. հուլիսի 8-ի որոշումը։

Եվ այսպես՝ «Հայաքվեի» մեկնարկը տրված է, որի դրական ելքով է պայմանավորված Արցախի հայկականության պահպանումը: Իհարկե՝ չի բացառվում, որ իշխանական շրջանակները կփորձեն ամեն կերպ խոչընդոտել ստորագրահավաքի անցկացմանը: Դա թույլ չտալու լավագույն միջոցը «Հայաքվե» նախաձեռնության շուրջ համահայկական հնարավորինս կուռ համախմբումն է:

 

Մյուս առանձնահատկությունը շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում հակառակորդի նախահարձակ գործողություններն էին՝ միտված լարվածության պահպանմանը: Հունիսի 10-ին, 12-ին, ինչպես նաեւ շաբաթվա հետագա օրերին Ադրբեջանի Զինված ուժերը հրադադարի պայմանակարգը խախտել են թե՛ շփման գծի հարավարեւմտյան ուղղությամբ, թե՛ ՀՀ-ի հետ սահմանային գոտու Սոթքի, Երասխի եւ այլ հատվածներում՝ կիրառելով հրաձգային զենք եւ ականանետ: Արդեն ավանդույթի ուժ ստացած մարտավարության համաձայն՝ թշնամին գնում է սահմանային սրացումների եւ, զուգահեռաբար, պաշտոնական հաղորդագրություն տարածում, իբր, հայկական կողմի սադրանքների մասին:

Գլխիվայր շուռ տալով, խեղաթյուրելով իրականությունը, Ադրբեջանը փորձում է մի կողմից տեղեկատվական հենք ստեղծել՝ ի ցույց դնելու Երեւանի ապակառուցողական վարքագիծը, մյուս կողմից էլ՝ հող նախապատրաստել հայկական տարածքներ զինված ներթափանցման համար, ինչում քանիցս համոզվել ենք: Բոլորն, իհարկե, հասկանում են, որ հարձակվող կողմը Ադրբեջանն է, որովհետեւ Հայաստանն իր կիսաքանդ Զինված ուժերով եւ իր երկչոտ, հիվանդագին խաղաղասիրություն քարոզող ռազմաքաղաքական ղեկավարությամբ, անգամ ցանկության դեպքում, ի զորու չէ որեւէ նախահարձակ քայլի: Հասկանում են, բայց ձեն-ձուն չեն հանում՝ յուրաքանչյուրն իր շահն ունի ու իր թաքուն ակնկալիքը ածխաջրածիններով հարուստ Բաքվից:

Ռազմական շատ փորձագետներ Ադրբեջանի նմանօրինակ պահվածքում նոր զինված ագրեսիայի մտադրության նախանշաններ են տեսնում: Եվ ոչ առանց հիմքի. Ադրբեջանի Պնախարար Զաքիր Հասանովը, «Թուրան» գործակալության տեղեկացմամբ, հրահանգել է ենթականերին՝ «ցանկացած պահի պատրաստ լինել առանց հապաղման եւ վճռականորեն կանխելու հակառակորդի հնարավոր սադրանքները»։ Հասանովն այդ մասին հայտարարել է հունիսի 10-ին անցկացված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էր այդ երկրի Զինված ուժերի հրամկազմը։ Խորհրդակցությունը նվիրված էր ադրբեջանական բանակի ցամաքային ուժերի վերջին հրամանատարա-շտաբային զորավարժությունների արդյունքների ամփոփմանը։

Հատկանշական է, որ վերջին զորախաղերն ընթանում էին ԼՂՀ-ին հարող այն տարածքներում, որոնք Բաքվի վերահսկողությանն էին անցել 44-օրյա պատերազմի ընթացքում: Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանն արդեն մեկ տասնյակից ավելի զորավարժանքներ է անցկացրել՝ ՀՀ-ի զրո արդյունքի դիմաց: Վերջինս, ինչպես հայտնի է, մերժել էր համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ Իրանի եւ ՀԱՊԿ-ի առաջարկները՝ Թուրքիայի ու Ադրբեջանի զայրույթը չբորբոքելու մտավախության հիմնավորմամբ: Ի դեպ՝ ՀԱՊԿ-ի հետ զորավարժությունից հետո ՌԴ-ից բերված ամբողջ զենք-զինամթերքն ու ռազմական տեխնիկան, որը պատկառելի քանակություն էր կազմում, մնալու էր ՀՀ զինանոցում:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Մայր Աթոռի միաբանական համագումարի մասնակիցները հորդորում են իշխանություններին հետամուտ լինել արցախահայության՝ «սեփական բնօրրանում ազատ, անկախ եւ անվտանգ ապրելու իրավունքի իրացմանը», ինչպես նաեւ ՀՀ սահմանամերձ տարածքների անվտանգությանն ու անձեռնմխելիությանը: Այս մասին ասված է Գերագույն հոգեւոր խորհրդի համաժողովի մասնակիցների՝ հունիսի 12-ին տարածած հայտարարության մեջ։ «Հայտնում ենք մեր զորակցությունը արցախահայ մեր եղբայրներին ու քույրերին՝ քաջալերելով երբեք չընկրկել դժվարությունների առջեւ, շարունակել պաշտպանել ու շենացնել Արցախ աշխարհը՝ զորացյալ հույսով ու հավատքով»,- նշում են հոգեւորականները:

ԱՄՆ-ը խորապես մտահոգված է, որ Հայաստանում ամերիկյան մասնակցություն ունեցող ընկերության երկու քաղաքացիական աշխատակիցներ վիրավորվել են ադրբեջանական կրակոցներից. այս մասին հունիսի 14-ին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Ավելի վաղ ՀՀ ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ Ադրբեջանը կեսօրին մոտ՝ 11:45-ի սահմաններում, կրակ է բացել Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի ուղղությամբ, վիրավորում են ստացել գործարանի շինաշխատանքներում ներգրավված՝ Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը եւ Միրհասան Սահաջանը։ Ըստ հաղորդագրության, երկու վիրավորը բարեհաջող վիրահատվել են: Երկուսի վիճակն էլ կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հունիսի 14-ին Բաքվից Թուրքիա վերադառնալու ճանապարհին՝ զրուցելով լրագրողների հետ, բարձր է գնահատել իր երդմնակալության կապակցությամբ ՀՀ վարչապետի այցը Անկարա։ Պարոն Փաշինյանը ներկա գտնվեց մեր արարողությանը՝ հաղթահարելով իր երկրում ընդդիմությունից բխող բազմաթիվ խոչընդոտներ»,- ասել է նա: Ապա՝ պատասխանելով Նախիջեւանը Ադրբեջանին կապող «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ հարցին՝ Էրդողանն ընդգծել է, որ դրան դեմ է ոչ թե Հայաստանը, այլ՝ Իրանը։ «Այս հարցում Իրանի մոտեցումը հիասթափեցնում է մեզ եւ Ադրբեջանին։ Ես ցանկանում եմ, որ մենք կարողանանք շուտ հաղթահարել այդ խնդիրը»,- հավելել է Թուրքիայի նախագահը:

ՀՀ հսկող դատախազը հունիսի 12-ին բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ: Տվյալ վարույթի համակողմանիությունն ու անաչառությունը ապահովելու նպատակով, ըստ մամուլի, նշանակվել է ռազմագիտական փորձաքննություն: 44-օրյա պատերազմի օրերին՝ նախքան ծանր վիրավորումը, Արցախի ՊԲ-ն ղեկավարած գեներալը մեղադրվում է ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար, որոնք առաջացրել են ծանր հետեւանքներ:

Արցախի ՄԻ պաշտպանի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավորյալ խոչընդոտում է ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը Արցախ: ՄԻՊ աշխատակազմի հավաքագրած տվյալների համաձայն` անցակետի տեղադրումից ի վեր արձանագրվել է նմանատիպ առնվազն երեք դեպք՝ խոչընդոտվել է երկու կանանց եւ մեկ երեխայի մուտքը: Արձանագրված բոլոր դեպքերում, ըստ օմբուդսմենի, քաղաքացիները թեեւ ունեցել են ՀՀ հաշվառում, այնուամենայնիվ, մշտապես բնակվել են Արցախում: Տվյալ անձինք շրջափակման պայմաններում Երեւան էին մեկնել բուժման եւ այժմ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.