Աշոտ Աղաբաբյան, «Թակարդ», վեպ, 2018թ.
Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի հերոսը բացառիկ անհատներից է՝ մեր կողքին ապրող հետախույզ Ջոն Հանիսյանը, որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:
«Թակարդ»-ի գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի գրվում մամուլում, նա չի երեւում հեռուստաէկրաններին: Նրա եւ նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»:
Գրքի առաջաբանում բանաստեղծ Ներսես Աթաբեկյանը նշում է. «Թակարդ»-ը արկածային վեպ չէ, ոչ էլ քրեական կամ ռազմավավերագրական, թեեւ հիշյալների սիրահարները կարող են նաեւ այդ ընկալմամբ կարդալ, ու գոհությունը կատարյալ կլինի: Կարելի է նույնիսկ մեր ժամանակներում տարածված զուգահեռ պատմության գրականություն դիտել, ու դրա ընթերցողն էլ կունենա: Իսկ ես ուզում եմ հոգեբանական վեպ տեսնել եւ այդպես էլ մի շնչով կարդացել եմ: «Մի շնչով»-ը շեշտում եմ, որովհետեւ տեքստի հաղթահարման ջանքի բացակայությունը մասնակցության հնարավորություն է տալիս` թողնելով, որ ներսից բացես իրադարձությունները, հարաբերությունները, մարդկանց»: