Դոն Միգել Ռուիս, «Չորս համաձայնությունները», գիտաճանաչողական ուղեցույց, թարգմանությունը՝ Մարինե Օվեսյանի, 168 էջ, «Զանգակ», 2023թ.:
Մարդկանց մեծամասնության խնդիրն այն է, որ նրանք չեն կարողանում կառավարել հույզերը։ Հույզերն են կառավարում մարդկանց, այլ ոչ թե հակառակը։ Ազատության հասնելու առաջին քայլը գիտակցումն է։ Պետք է գիտակցենք, որ ազատ չենք, որպեսզի ազատագրվենք։ Պետք է գիտակցենք՝ ինչն է խնդիրը, որպեսզի լուծումը գտնենք։
Կյանքի որոշակի փուլերում մարդը կարիք ունի մի պահ կանգ առնելու, նայելու շուրջն ու վերաիմաստավորելու իր կյանքը։ Գուցե հիմա հենց ա՞յդ շրջանն է նաեւ քեզ համար։ Վերջերս հայերեն է թարգմանվել աշխարհահռչակ մի գիրք, որն ազատության ու երջանկության ուղեցույց է դարձել եւ օգնել է կյանքի նոր սկիզբ գտնել միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։
Մենք սովորել ենք ինչպես պահել մեզ հասարակության մեջ՝ ինչին հավատալ կամ չհավատալ, ինչն է ընդունելի, եւ ինչը՝ ոչ, որն է լավը եւ վատը, ինչն է գեղեցիկ, եւ ինչը՝ տգեղ, որն է ճիշտը, եւ որը՝ սխալը: Դոն Միգել Ռուիսի «Չորս համաձայնությունները» գիրքը առաջարկում է համաձայնություններ, որոնք կնքելու դեպքում կկոտրենք մեզ ներարկված սահմանափակող համոզմունքները եւ կհասնենք ազատության, երջանկության եւ սիրո։