Thursday, 18 April 2024

W Weekly Update

4-11 հունիսի

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Նախորդ շաբաթավերջին խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել էին Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում դրված էր հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը, սակայն ՔՊ-ական պատգամավորները չէին ներկայացել նիստին եւ տապալել էին այն: Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել էին Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը: Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացել էին շենքի մուտքերը եւ շարժվել դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ, ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։

Շարունակությունը՝ կից ներկայացվող մեկնաբանության մեջ:

 

Մեկնաբանությունը

Կառավարական առանձնատան մատույցներում բախվելով վահաններով ու ոստիկանական մահակներով զինված ուժայինների բազմաշերտ, անանցանելի պատին՝ ցուցարարները որոշեցին շարժվել դեպի Ազգային ժողով, սակայն ոստիկանները հրաժարվեցին բացել նաեւ ԱԺ-ի ճանապարհը, որից հետո ցուցարարների եւ նրանց միջեւ ուժգին ընդհարում տեղի ունեցավ։ Ոստիկանները՝ բիրտ ուժ գործադրելով, անգամ հարվածներ հասցնելով, բերման ենթարկեցին բազմաթիվ ցուցարարների։ Այդքանը կարծես քիչ է, նրանք առանց պատշաճ զգուշացման, կիրառեցին հատուկ միջոցներ, մասնավորապես՝ լուսաձայնային նռնակներ ու ծխարձակիչ ճայթուկներ, որոնցից բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացավ, այդ թվում՝ ոստիկաններից մի քանիսինը:

Ի դեպ, լուսաձայնային նռնակները՝ չգիտես դիտավորյալ, թե արհեստավարժության պակասի բերմամբ, արձակվել էին ոստիկանների առաջին շարքի վրա, ինչի պատճառով տուժել էր նաեւ 2-3 ոստիկան: Հակառակ Ոստիկանության տարածած հայտարարության մեջ արվող պնդումների՝ ցուցարարների կողմից ուժայինների նկատմամբ որեւէ բռնություն չի եղել: Համենայն դեպս՝ մի քանի տասնյակի հասնող տեսանյութերում նման դրվագ չկա, իսկ հակառակի մասին վկայող փաստական նյութերը բազմաթիվ են ու անհերքելի: Հետեւաբար՝ տեղին չեն զանգվածային անկարգություններ հրահրելու եւ, առավել եւս, կատարելու մեջ քաղաքացիներին մեղադրելու փորձերը:

Նախաքննությունը սադրիչներին պետք է փնտրի սեւ եւ կարմիր բերետավորների մեջ, որոնցից շատերի ոստիկան լինելու հանգամանքն անգամ կասկածահարույց է: Բերենք հետաքրքիր մի դիպված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի հոր՝ Զավեն Մկրտչյանի պատմածից, ով Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բռնության էր ենթարկվել սեւբերետավորների մի տարօրինակ խմբի կողմից։ Զավենն այդ օրը հագել էր զոհված որդու դիմապատկերով վերնաշապիկը եւ մայթի անկյունում կանգնած՝ նայում էր ոստիկանական շարքերին, որտեղից վահանակիրների մի խումբ դեպի իր կողմն էր գալիս:

«Ես նկատեցի՝ իրենք նայում են Հայկազիս աչքերին, եւ ասացի. այս տղան՝ իմ տղան, հազարավոր թուրք է սպանել: Հանկարծ իրենց հետեւից ակնթարթորեն մի սեւբերետավոր վազեց վրաս, բռնեց ձախ թեւս եւ քաշեց իրենց ոհմակի մեջ։ Երբ ընկա այդ ոհմակի մեջ, տղայիս նկարով իմ վերնաշապիկը վայրկենապես պատռեցին։ Վայրկյանում տասը հարված էի ստանում գլխիս, գլուխս իջեցրի ներքեւ, ու զգում էի՝ ինչքան հարվածներ եմ ստանում։ Ասում եմ՝ հերոսի պապա եմ, ի՞նչ եք անում, ասում են՝ հենց դրա համար էլ ծեծում ենք։ Հարվածները դադարեցին, ձեռքերս ոլորեցին, արագ տեղափոխում էին ինչ-որ տեղ»,- լրագրողներին պատմում էր զոհված զինծառայողի հայրը։

Նույն օրը նույն խաչմերուկում մեկ այլ դաժան դեպքի ականատես է եղել սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը. «Բազմաքանակ կարմիր բերետավորներ ահռելի ուժ էին կիրառում երիտասարդի նկատմամբ, որը միայնակ էր։ Դա բերման ենթարկելու գործընթաց չէր, այլ մարդուն խոշտանգելու։ Ուժգին հարվածների էին հասցնում գլխին։ Փորձեցի այդ պրոցեսը տեսագրել, հեռախոսս էին ուզում ձեռքիցս վերցնել: Երբ ներկայացա, որ իրավապաշտպան եմ, ծառայակիցներից մեկը մոտեցավ ինձ եւ ասաց. «Պատկերացնո՞ւմ եք, ինքը մեզ վրա մատ է թափ տվել»։ Հետո պարզվեց, որ բռնության ենթարկված երիտասարդը Արցախյան պատերազմում զոհվածի որդի Սերգեյ Ասատուրովն է:

Այս երկու դրվագները հատուկ ընտրված չէին: Միայն Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 3-ին նման հարյուրավոր, գուցեեւ հազարավոր դեպքեր եղան՝ վերը նկարագրված օրինակներից էլ ավելի ահավորները՝ հարձակում 6 ամսական երեխան գիրկն առած մոր վրա, անտաշ վերաբերմունք հղի կնոջ նկատմամբ եւ այլն: Երբ հանդիմանում, ամոթանք ես տալիս գութ ու խիղճ չունեցող ոստիկանին՝ որպես «ունիվերսալ» արձագանք, ոմանցից լսում ես մի անհեթեթ հիմնավորում՝ փոքր երեխան կամ հղի կինը ի՞նչ գործ ունեն այդպիսի հավաքներում: Բայց չէ՞ որ ակցիան խաղաղ է, եւ երեխաների առկայությունը միայն այդ փաստի հաստատումն է, ինչից հասարակական կարգի պահապանները պետք է ավելի զգոն եւ աչալուրջ լինեն:

Հատկանշական է, որ հատուկ միջոցների կիրառմամբ ոստիկանական բռնությունները տեղի ունեցան ԵԽ երեւանյան ներկայացուցչության գրասենյակի հարակից հատվածում, սակայն միջազգային այդ կառույցից որեւէ սաստող խոսք, քաղաքացիների առերեւույթ խոշտանգումները դատապարտող որեւէ արձագանք չեղավ: Չնայած ժողովուրդը լավ գիտի, թե որն է լինելու այդ լռության գինը, ինչպես նաեւ՝ այն գովեստներինը, որ մայիսի 20-ին «Մարիոթ»-ում՝ իրար հերթ չտալով, շռայլում էին «Ժողովրդավարության հայկական ֆորումին» ներկա եվրոպացի պաշտոնյաները, իբր, Հայաստանին ժողովրդավարություն եւ խոսքի ազատություն բերած Նիկոլ Փաշինյանի հասցեին:

Լավ, հիմա ո՞ւր մնաց «Հայաստանի միջազգային բրենդ» որակված ժողովրդավարությունը, եթե մայիսի 20-ից հետո անցած ընդամենը երեք շաբթում քաղկալանավորների թիվը մեր «ժողովրդավար» երկրում գրեթե հնգապատկվել է, խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը՝ աննախադեպ ահագնացել: Ամեն օր ապօրինաբար բերման են ենթարկվում հարյուրավոր քաղաքացիներ, բազմաթիվ ցուցարարներ ոտքերի, ձեռքերի, կողոսկրերի կոտրվածքներ են ստանում: Հիմա միջին վիճակագրական հայաստանցին ինչպե՞ս հավատա մեզանում ժողովրդավարացման գործընթացին Եվրոպայի աջակցության անկեղծությանը:

Առանձին անդրադարձի նյութ է ոստիկանության վարքագիծը՝ դաժան, անկանխատեսելի, բարոյահոգեբանական առումով անկայուն: Սա այն խարիսխն է, որի վրա իշխանությունը փորձում է փրկել իր կենսունակության վերջին փշրանքները, ինչով էլ պայմանավորված է ուժային այդ կառույցի հանրային վտանգավորությունը: Եթե հասարակական կարգի պահապանն իրեն թույլ է տալիս սառնասրտորեն, առանց աչքը թարթելու լուսաձայնային նռնակ արձակել բազմության վրա, որտեղ մանկասայլակներով երեխաներ են, տարեցներ, հղի կանայք եւ, առհասարակ, խաղաղ հայ մարդիկ՝ դրանով ամեն ինչ ասված է։

Եվ եթե դրան ավելացնենք նաեւ զենք գործածողի անձեռնհասությունը, մասնագիտական անպիտանությունը, ինչի ապացույցը ծառայակիցների վրա կրակելն ու նրանց վնասելն էր, պատկերը կամբողջանա: Մնում է խնդրել, որ սրանց հանկարծ սահմանին ծառայության չտանեն:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հունիսի 6-ին Երեւանում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը: Այն վարում էր ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նիստի շրջանակում նախատեսված էին նաեւ հանդիպումներ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ։ ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը կազմակերպում է Վեհաժողովի աշխատանքները եւ բաղկացած է անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներից: ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ղրղըզստանը:

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. հունիսի 6-ին նման հայտարարություն է տարածել ՀՀ ԳԱ ակադեմիան՝ մտահոգություն հայտնելով վերջին շրջանում Հայաստանի եւ Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ։ «Ադրբեջանի կազմում հայտնվելու պարագայում Արցախին սպասվում է արագ հայաթափում, արցախահայությանը՝ հայրենազրկում եւ ցեղասպանություն»,- ասված է հայտարարությունում։ ԳԱԱ-ն պատրաստակամություն է հայտնում ՀՀ իշխանություններին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն եւ դառնալ այն հարթակներից մեկը, որտեղ կարող են «քննարկվել համահայկական նշանակություն ունեցող հիմնահարցեր, լուծումներ եւ այլընտրանքային տարբերակներ առաջարկվել համահայկական օրակարգի ձեւավորման համար»:

Աշխատանքային այցով Երեւանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում առանձնազրույց է ունեցել հայաստանցի իր պաշտոնակցի՝ Արարատ Միրզոյանի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը: Լավրովը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ավտոմոբիլային երթուղիների համաձայնեցումը գտնվում է ավարտական փուլում եւ գործելու է պարզեցված ռեժիմով։ «Այն հաստատապես հենվելու է հայկական տարածքի ինքնիշխանությունը ճանաչելու վրա, եւ այստեղ որեւէ երկիմաստություն չի կարող լինել»,- ասել է Լավրովը: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Վարչական դատարանը մերժել է Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի։ Այս մասին հունիսի 8-ին «Ազատությանը» հայտնել է նախկին բարձրաստիճան զինվորականի փաստաբան Շուշանիկ Ստեփանյանը: Նրա խոսքով՝ իրենք վճիռը դեռ չեն ստացել, ծանոթ չեն դրա իրավական հիմքերին ու հիմնավորումներին՝ հասկանալու համար՝ բողոքարկելո՞ւ են այն, թե՝ ոչ։ Գլխավոր շտաբի նախկին պետը պաշտոնից հեռացվել էր իր եւ շուրջ 40 բարձրաստիճան զինվորականների կողմից վարչապետի հրաժարականի պահանջից հետո: Գասպարյանը դատարանում վիճարկում էր իր պաշտոնանկությունը:

Երկու օր՝ հունիսի 8-9-ը, Հայաստանում էր ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄըքԴոնալդը, ով հասցրել է հանդիպումներ ունենալ պաշտոնատար անձանց եւ ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայ գործիչների հետ։ «Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ, որի հիմքում մեր ընդհանուր արժեքներն են, այդ թվում՝ հարգանքը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ»,- ասված է հաղորդագրությունում:

17 April 2023
10 April 2023
03 April 2023
28 March 2023
22 March 2023
13 March 2023
27 February 2023

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.