Monday, 25 November 2024

W Weekly Update

16-23 դեկտեմբերի 2023թ.

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Շաբաթվա ամենաաղմկոտ իրադարձությունը դեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցն էր, որի արձագանքները շարունակվեցին մինչեւ շաբաթավերջ եւ, ինչպես երեւում է, դեռ երկար շարունակություն են ունենալու: Հարցազրույցի բովանդակությունը եւ դրանից բխող եզրահանգումներն ու գնահատականները միանգամից արժանացան թե՛ քաղաքագիտական-փորձագիտական եւ թե՛ հանրային շրջանակների կոշտ քննադատությանը: Այն բնորոշվեց որպես վարչապետի աթոռը զբաղեցնող անձի՝ նախկինում հնչեցրած կեղծ հայտարարությունների, ստահոդ դիտարկումների եւ մանիպուլյատիվ դատողությունների մի ամբողջացված կծիկ:

Տպավորություն էր, թե Փաշինյանը ժողովրդին մոլորեցնելու վերջին անհույս ճիգեր է գործադրում՝ հերթական անգամ փորձելով իրենից թոթափել պետական կառավարման բոլոր ոլորտները ձախողածի, դավաճանի, պարտվածի, ազգակործանի, մահաբերի, հողատուի, թուլամորթի, մեկ բառով՝ չմարդու խարանը: Բնութագրումների բազմերանգ «փունջ» է սա, որը 5 տարվա մեջ հատիկ-հատիկ հավաքվել է այդ անձի շուրջ՝ դառնալով նրա կենսագրության «լուսապսակը»: Սեփական անհաջողությունների մեղքը, ինչպես միշտ, հասցեագրում է «նախկիններին», Ռուսաստանին, ընդդիմությանը, սրան-նրան, բայց երբեք՝ ոչ իրեն: Հարցազրույցի շարժառիթներից մեկը, կարծես թե, նախատոնական օրով ազգին լուսավորելն էր, թե ինչու պիտի հանձնվեր Արցախը:

Իրեն հատուկ ձեռնածությունների կիրառմամբ՝ նա իրար հակադրեց ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի գոյությունը՝ պնդելով, որ ընդդիմությունն իրեն հանիրավի մեղադրում է Արցախը հանձնելու մեջ: Ըստ Փաշինյանի, ընդդիմությունը, իբր, հայտարարել է, թե «անկախ Հայաստանի գոյության իմաստը Արցախի կայացումն է եղել»: Այս աղճատված թեզի վրա էլ կառուցում է պատճառահետեւանքային կապի տրամաբանական շղթան, եւ ստացվում է, որ եթե ՀՀ-ի անկախությունը զուտ Արցախի համար էր հռչակվել, բայց հիմա չկա Արցախը, ուրեմն Հայաստանի գոյության իմաստն ինքնին վերանում է: Փաստացի նա կասկածի տակ է դնում նաեւ Հայաստանի գոյության հարցը, ինչի շրջանառումը լուրջ վտանգներով է հղի:

Հարցազրույցի մի զգալի հատված էլ նվիրված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում  արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններին, որոնց տարբեր առիթներով բազմիցս անդրադարձել է՝ սարսափելի կերպով խեղաթյուրելով բանակցային գործընթացի բովանդակությունը: Ու թեեւ փաստերն ու իրողությունները գլխիվայր շրջված ներկայացնելու համար միշտ քննադատվել է փորձագետների կողմից, շարունակում է նույն զեղծարարությունները՝ այս անգամ արդեն «Հ1»-ի տաղավարից: Լիսաբոնից մինչեւ «Մադրիդյան սկզբունքներ» ուղղակի նենգափոխեց շուրջ երեսնամյա դիվանագիտական տքնանքի արդյունքները՝ հեռուստադիտողին հավատացնելով, որ բանակցային սեղանին երբեք Արցախի խնդրի լուծման տարբերակ չի եղել:

Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը առնվազն երեք անգամ կրկնեց մի պարզ հարց՝ ակնկալելով կարճ պատասխան՝ «Արցախի հարցը լուծվա՞ծ է, թե՝ ոչ»: «Բա քիչ առաջ դա՛ էի ասում»,- տարակուսում է: Մեկ այլ հարց էլ՝ թերեւս անցանկալի, ընդհատում է, թե՝ «ես հարցն այդպես չէի ձեւակերպի…», եւ ձեւակերպում է իր ուզած ձեւով ու պատասխանում ինքն իր հարցին: Իրականում Փաշինյանը ոչ մի հարցի (անգամ՝ իր) չի պատասխանում: Ապացույցը տես՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, եւ հատկապես՝ ընդդիմադիր պատգամավորների հարցերին: Կկառչի հարց տվողի մի անմեղ բառից կամ մտքից, կպտտեցնի սար ու ձորով, կհասնի նախկիններին ու նախկինների նախկիններին, վերջում էլ երբեմն կհարցնի. «հասկացա՞ք…»

Տո՛, հեր օրհնած՝ քեզ հասկանալ լինո՞ւմ է ընդհանրապես:

 

Հայաստանը դարձյալ հրաժարվել է մասնակցել դեկտեմբերի 19-ին Մոսկվայում մեկնարկած՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԽՎ խորհրդի նիստին, որի օրակարգում ընդգրկված էին ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման եւ կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության մարտահրավերներին ու վտանգներին հակազդելու մոդելային օրենքների նախապատրաստմանը վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդել է ԱՊԱ գործակալությունը՝ շեշտելով խնդրի կարեւորությունը ՀԱՊԿ անդամ երկրների համար:

Խնդիրը, անշուշտ, կարեւոր է անվտանգային լուրջ սպառնալիքներ ունեցող ՀՀ-ի համար, որը վերջին շրջանում բոյկոտում է ռուսական հարթակներում անցկացվող միջոցառումները: Նախօրեին ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպում էր ունեցել խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավար գործընկերների հետ: Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ նամակով հայտնել էր Վոլոդինին, որ չի մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ շրջանակում անցկացվող նիստերին: Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետը եւս հրաժարվել էր մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովին:

Պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել էր դաշինքից իր դժգոհությունների մասին. Հայաստանը ՀԱՊԿ-ից պահանջել էր դատապարտել 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, սակայն կառույցն անտեսել էր այդ պահանջը։ Ի պատասխան՝ ՀՀ կառավարության ղեկավարն այս տարեսկզբին տված ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի ՀՀ-ում չեն լինի՝ պարզաբանելով, որ ՀԱՊԿ-ից դեռ գնահատականների են սպասում՝ «հասկանալու, թե որն է դաշինքի պատասխանատվության գոտին»։ Եվ չստանալով ակնկալվող գնահատականը, հաջորդ քայլով հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, ետ կանչել դաշինքում իր դեսպանին ու մինչ օրս նոր դեսպան չի նշանակել:

Իհարկե, ռազմավարական դաշնակցի անտարբեր պահվածքը ոչնչով չես արդարացնի՝ նույնիսկ Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված զբաղվածությամբ: Բայց առավել եւս արդարացում չունեն ՀՀ իշխանությունների «հակաքայլերը», որոնք այլ կերպ դժվար է ընկալել, քան ինքնավնասում: Փոխանակ գործընթացը տանելու մեղմացման՝ փորձելով դիվանագիտորեն հարթել «կնճիռը», մերոնք «կրակի վրա յուղ» են լցնում: ՌԴ-ն իր ԱԳ նախարարի շուրթերով հայտարարում է՝ «ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալը ՀՀ ղեկավարության ինքնիշխան որոշումն է»: Երեւանում կրքերն ավելի են բորբոքվում՝ հնչում են ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից անհապաղ դուրս գալու եւ անդամակցության հայտով ԵՄ դիմելու կոչեր:

Լարվածությունը պրկվում է, խառնվում են առաջին դեմքերը. «Հ1»-ի հետ վերջին հարցազրույցում Փաշինյանը վերստին հիշեցնում է՝ երբ Ադրբեջանը ներխուժել էր ՀՀ տարածք, Երեւանը դիմել էր ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին, եղել է «զրո արձագանք»: Նորից «կրակին՝ յուղ», բայց մի փոքր չափավորված: Ռուսաստանի նախագահն, իր հերթին, փորձում է ըմբռնումով մոտենալ Երեւանի դժգոհությանը՝ հայտարարելով, թե հայկական կողմի «բացակայությունները պայմանավորված են հայաստանյան գործընթացներով եւ կապված չեն այդ ինտեգրացիոն միավորումների հետ աշխատանքը չշարունակելու հետ»։

Այնուհետեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն է դեկտեմբերի 21-ին այցելում Երեւան, հանդիպում ունենում Արարատ Միրզոյանի հետ, նրան փոխանցում նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքները, քննարկում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ամենավերջում Հայաստանն ընդունում է, որ ՌԴ-ի հետ «ինտեգրացիոն կառույցներից» դուրս գալու մտադրություն «առայժմ չունեն, սակայն ՀԱՊԿ-ից ունեցած դժգոհությունները պահպանվում են»: Դատելով ամենից՝ ո՛չ ՌԴ-ն հարավկովկասյան տարածաշրջանը կլքի, ո՛չ Հայաստանը կքանդի հազար տեղով Ռուսաստանին ամուր ներհյուսված իր կապերը:

Այնպես որ, արգո տիկնայք ու պարոնայք, հանդարտվեցեք եւ, ինչպես կասեր հայտնի անձը, հանգիստ նստեք տեղներդ, տաքարյունությունն ամենավատ խորհրդատուն է:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հայաստանի եւ Իրանի ղեկավարները դեկտեմբերի 20-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել «3+3» տարածաշրջանային հարթակի վերաբերյալ: Նրանք օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Հեռախոսազրույցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր գործընկերներին ԱՊՀ երկրներից սպասում է դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը: «Հուսով եմ, որ շուտով կտեսնվենք Սանկտ Պետերբուրգում՝ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում եւ ԱՊՀ ոչ պաշտոնական հանդիպմանը»,- ասել է Պուտինը դեկտեմբերի 18-ի տեսաուղերձում, որը հասցեագրված էր Մոսկվա ժամանած ԱՊՀ կառավարությունների ղեկավարներին, որոնց թվում ՀՀ ներկայացուցիչը դարձյալ բացակայում էր:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունեությանն առնչվող հարցեր են քննարկել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը դեկտեմբերի 21-ին Երեւանում կայացած հանդիպման ժամանակ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարին տեղեկացրել է նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի եւ ԱԳ նախարարների, Պաշտպանության նախարարների եւ ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերի արդյունքների մասին: Կողմերը քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Առաջին անգամ Իրանից Հայաստան է տեղափոխվել հայ դատապարտյալ՝ պատժի մնացած մասը ՀՀ-ում կրելու նպատակով. այս մասին դեկտեմբերի 21-ին հայտնել է Արդարադատության նախարարությունը: «Հայ-իրանական համագործակցությունը կարեւոր արդյունք է տվել»,- նշված է հաղորդագրությունում: ՀՀ-ն եւ Իրանն իրավական փոխօգնության ոլորտում համագործակցում են «Դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի շրջանակներում: Մինչ օրս ՀՀ-ից ԻԻՀ մի քանի տասնյակ դատապարտյալներ են փոխանցվել իրենց քաղաքացիության երկիր, սակայն Իրանից ՀՀ քաղաքացու փոխանցում մինչեւ այսօր չէր իրականացվել:

Միջազգային գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում: Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված մրցաշարում հայաստանցի շախմատիստը երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել՝ չկրելով ոչ մի պարտություն եւ 11 հնարավորից վաստակելով 9 միավոր: Եվրոպայի չեմպիոնի կոչումը եւ ոսկե մեդալը 9.5 միավորով նվաճել է սերբ գրոսմայստեր Ալեքսեյ Սարանան, իսկ բրոնզե մեդալը՝ 9 միավորով երրորդ տեղը գրաված ռումինացի գրոսմայստեր Բոգդան-Դանիել Դեկը: Հայաստանցի մյուս շախմատիստը՝ միջազգային վարպետ Էմին Օհանյանը բավարարվել է 7 միավորով:

2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրություններում Ստեփանակերտում [հաղորդագրությունում ասվում է Խանքենդի] կքվեարկի 800-900 քաղաքացի: Այդ մասին դեկտեմբերի 20-ին Բաքվում լրագրողներին ասել է Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։ Նրա փոխանցմամբ՝ «ազատագրված տարածքներում» արդեն ստեղծվել են 26 գործող ընտրատեղամասեր: «Ազատագրված տարածքներում քվեարկելու է մոտ 23 հազար ընտրող։ Մեկ տեղամասում՝ 800-900 ընտրող։ Սա բավական լավ թիվ է»,- ասել է Փանահովը:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.