Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Ազատ ամբիոն

Իշխանափոխության ժամանակը եկել է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մերօրյա Հայաստանը, բոլոր իմաստներով, շատ նման է 1988-91թթ. Հայաստանին: Այն տարիներին ԽՍՀՄ-ը գրեթե չկար, սակայն Հայաստանում դեռեւս առկա էր հզոր գործակալական ցանց: Թվում էր, թե ցանցում ներգրավված անձինք հզոր կապեր ունեն Մոսկվայում: Սակայն, դա միայն պատրանք էր: Երբ գործը հասնում էր «կապերն» օգտագործելուն, պարզվում էր, որ ամեն ինչ փուչ է:

Գործակալների գործունեության միակ տրամաբանական հիմքը ժողովրդի հիշողությունն էր՝ էժան երշիկն ու «թուրքերը ձեզ կուտեն»-ը: Այլ լուրջ գաղափարներ եւ «վերեւների հետ կապեր» հետխորհրդային Հայաստանի գործակալները չունեին:

Ինչ-որ պահի, ինչ-որ մեկին պետք էր մի բան փոխել: Շարժման առաջնորդները կարճ ժամանակով հայտնվեցին բանտում: Իսկ պարադոքսն այն է, որ կալանավայրից ազատվելուց հետո միայն վերջիններս կարողացան անխոչընդոտ գործունեություն ծավալել: Հենց այդ ժամանակ «անսպասելիորեն» վերացան «էժան երշիկի» եւ «թուրքերը ձեզ կուտեն»-ի քարոզիչները:

Իշխանության եկան Ղարաբաղյան շարժման առաջնորդները: Ինչ-որ մեկը բավարարվեց, քանզի կարողացավ «էժան երշիկի» ու «թուրքերը ձեզ կուտեն»-ի հնաոճ քարոզիչներին փոխարինել նորերով, ավելին՝ իշխանության բերել նորերին: Արդյունքում Հայաստանը՝ ունենալով մեծ հնարավորություններ, Լիտվա, Լատվիա կամ Էստոնիա չդարձավ:

Նույնը՝ այժմ: Չերկարացնեմ: Ռուսաստանը մարում է: Հայաստանում առկա է գերհզոր գործակալական ցանց: Ցանցի անդամներից որեւէ մեկը որեւէ կապ «վերեւների» հետ չունի: Միայն պատրանք՝ քիմիա, Կադիրով, Ռուստամ Մուրադով, Կոնստանտին Զատուլին եւ այլն: Միայն «էժան երշիկը» չկա: «Թուրքերը մեզ կուտեն»-ը մնացել է: Ավելացել է «դավաճան իշխանություն»-ը: Այժմյան պարադոքսն այն է, որ Պուտինի հետ «քիմիա ունեցողները», Կադիրովի ընկերներն ու մնացածներն «ունիսոնի» մեջ են «դավաճան իշխանության» հետ:

1988-91թթ. Հայաստանի եւ հիմիկվա Հայաստանի տարբերությունը հենց դրա մեջ է: Եթե նախկինում կար ինչ-որ մեկը, որին ինչ-որ բան էր հարկավոր Հայաստանում, ապա այժմ այդ ինչ-որ մեկը չկա: Կամ նա ամեն ինչ արդեն ստացել է, կամ՝ Հայաստանն այլեւս որեւէ մեկին պետք չէ:

Կարծում եմ, որ իրական իշխանափոխության լավ ժամանակահատված է: Սակայն սովորական ակցիաներով ոչինչ չի ստացվի նույն այն պատճառով, որ, ի տարբերություն 1988-91թթ.-ի, «դավաճան իշխանության» եւ գործակալական ցանցի միջեւ առկա է «ունիսոն»՝ համահնչակցություն: Այս դեպքում պահանջվում են միայն կրեատիվ լուծումներ:

 

Կարեն Հեքիմյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: