Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2024

Ազատ ամբիոն

«Դուխով» իշխանության գալը քիչ է, պետք է «դուխ» ունենալ թշնամուց չվախենալու

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Յուվալ Նոյ Հարարին իր «XXI դարի 21 դասերը» համաշխարհային բեսթսելլերում ուշագրավ դիտարկում է անում, ըստ որի՝ պատերազմը չափազանց ամուր կապեր է ստեղծում երկրների միջեւ։ Ըստ հեղինակի, պատերազմն ավելի է նպաստում գաղափարների, տեխնոլոգիաների եւ մարդկանց սփռմանը, քան՝ առեւտուրը։

Հարարին հիշատակում է համաշխարհային երկու պատերազմների ժամանակ  պետությունների միավորումների ձեւավորումները եւ այդ միավորումների թուլացումն ու փլուզումը խաղաղության տարիներին։ Ըստ Հարարաիի, հարաբերական խաղաղության տարիներին Հին եւ Նոր աշխարհները հեռացան միմյանցից եւ միավորվեցին համաշխարհային պատերազմների ժամանակ եւ Սառը պատերազմի ընթացքում։

Հարարարիի դիտարկումը միանգամայն արդարացված է, եթե այն տարածենք վերջին տարիների երկու՝ ռուս-ուկրաինական եւ 2020թ. Արցախյան պատերազմների վրա։ Այսպես։ Ռուս-ուկրաինական պատերազմը միավորեց միմյանց հետ մրցակցող եւ քաղաքական հակասություններ ունեցող Միացյալ Նահագներին եւ Եվրամիությանը։ Ղարաբաղյան պատերազմը նպաստեց ռուս-ադրբեջանաթուրքական դավադիր դաշինքի ձեւավորմանը։

Հայաստանը ցանկացած քաղաքական օրինաչափությունից դուրս մնաց. պատերազմը մեզ միայնակ թողեց մի կողմից՝ դաշնակիցներ գտնելու, մյուս կողմից՝ ընդհանուր թշնամու կերպար կերտելու եւ նրա դեմ  նաեւ այդ դաշնակիցների հետ պայքարելու անկարողության պատճառով, երրորդ կողմից՝ մեր թշնամուն աջակցող պետությանը՝ Ռուսաստանին մեր անվտանգությունը հանձնելու կարճամտության եւ այլ պատճառներով։

Միաժամանակ Հայաստանը եւ հայ ժողովուրդը համընդհանուր քաղաքական օրինաչափություններից դուրս են գտնվել նաեւ ղարաբաղյան Շարժման եւ ղարաբաղյան առաջին՝ հաղթանակած պատերազմի ընթացքում։

Հայաստանի դեպքում միայն մեկ օրինաչափությունն է աշխատում. հայ ժողովուրդը հաղթում է ոգու եւ քաղաքական մտքի շնորհիվ եւ պարտվում է կարճամիտ իշխանության եւ ոգին սպանելու պատճառով։

Այնպես որ, «դուխով» իշխանության գալը քիչ է, «դուխով» իշխանություն պահելը տխուր է, պետք է «դուխ» ունենալ թշնամիներից եւ պատերազմից չվախենալու եւ դաշնակիցներ փնտրելու:

 

Նարինե Մկրտչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: