Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Աղճատված պատկերացումներ. փոխել մտածողությունը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Պետական կառավարման գործում եւ, առհասարակ, ցանկացած գործունեության մեջ մարդկանց ձեռնհասության ու արդյունավետության աստիճանը կամ, այլ կերպ ասած, Օգտակար գործողության գործակիցը (ՕԳԳ) որոշվում է կոնկրետ աշխատանքի կոնկրետ արդյունքներով՝ ձեռք բերված հաջողությունների ու անհաջողությունների համակշռմամբ:

Սա, թվում է, շատ պարզ ու անժխտելի միտք է: Բայց Հայաստանում, որտեղ այդօրինակ հարցերում վերաբերմունքը մեծապես ձեւավորվում է իռացիոնալ պատկերացումներից ելնելով, ոչ բոլորն են համարժեք ընկալում վերը բերված բանաձեւը:

Որքան էլ տարօրինակ լինի՝ շատերն առաջնորդվում են սիրո եւ ատելության, բարեկամ-խնամիական կապերի պարզագույն զգացմունքներով: Նրանց համար աշխատանքի արդյունավետության կշռաչափը հիմնված է տվյալ անձի կամ հավաքական միավորի նկատմամբ անձնական համակրանքի ու հակակրանքի սկզբունքի վրա: Սա, բնականաբար, իռացիոնալ մոտեցում է եւ հայկական մտածողության հիմնական բնորոշ գիծը:

Համենայն դեպս՝ այս նոր ժամանակներում մենք այսպիսի արատավոր երեւույթների ականատեսն ենք: Արդյո՞ք հնից են գալիս այս աղճատված չափանիշները, թե՞ մեր օրերի ծնունդ են՝ կդժվարանանք կտրուկ ու միանշանակ գնահատական տալ, որովհետեւ մեր միջին սերունդը միշտ տեսել է այն, ինչ նկարագրվեց վերը:

Բայց խոսենք ներկա ժամանակներից: 2018-ից առաջ գործող կառավարությունների մասին կարծիքները տարբեր են: Եվ եթե անկեղծ լինենք, այդ կարծիքների մեծ մասը՝ այսպես ասենք, բացասական է՝ չափի մեջ: Բայց այն, ինչը սեփական աչքերով տեսնում ենք 2018-ից այս կողմ, ուղղակի աներեւակայելի է: Խոսքը մանր-մունր բացթողումների մասին չէ: Խոսքը ազգային աղետների մասին է, որոնք իշխանությունները ժամանակ առ ժամանակ անամոթաբար ներկայացնում են իբրեւ «աննախադեպ», «փայլուն» հաջողություններ:

Փորձենք շատ համառոտ ցուցակագրել, ի մի բերել իշխող ՔՊ-ական կառավարության գործունեության չորսուկես տարվա արդյունքները. ա/ տանուլ տրված պատերազմ; բ/ տանուլ տրված «խաղաղության դարաշրջան»; գ/ խոստացված բարեփոխումների ակնհայտ ձախողում; դ/ կոլապսի (կործանման եզրագծի) հասցված կառավարման համակարգ; ե/ ընդհուպ մինչեւ զրոյական սանդղակ իջեցված արտաքին քաղաքականություն; զ/ պաշտպանական եւ անվտանգային փլուզված համակարգ; է/ ներկայի անհուսություն ու ապագայի անորոշություն; ը/ ամբոխի վերածված, տրոհված հասարակություն եւ ծաղրի, արհամարհանքի առարկա դարձած ազգ: Ցուցակը, ցավոք, կարելի է շարունակել մինչեւ այբուբենի վերջին տառը:

Վերը նշվածներից անգամ մեկի առկայության պարագայում ցանկացած արժանապատիվ հասարակություն իր կառավարությանը հրաժարականի պահանջ կպարտադրեր, որին կհետեւեին դատական հետապնդումների գործընթացներ: Մեզանում, ինչպես տեսնում ենք, պատկերված խայտառակ իրադրությունում վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի հանրային գործողություններ չեն ձեռնարկվում: Եվ պատճառը ոչ միայն հանրային վստահություն ներշնչող գործիչների բացակայությունն է կամ հասարակությանը համակած խորքային ապատիան:

Պատճառը նաեւ իրավիճակի ու այդ իրավիճակը կառավարող անհատի գործունեության արժեւորման աղճատված պատկերացումներն են, որոնց հիմքում, ինչպես նշվեց, մեծ տարածում ստացած իռացիոնալ մտածողությունն է: Հետեւաբար՝ պատկերացումները փոխելու, ճիշտ հունով տանելու համար պետք է փոխել մտածողությունը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: