Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Քոչարյանի «պրագմատիզմը»

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

«Մենք չպետք է վախենանք Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելուց, տարածաշրջանում գործոն դառնալու հնարավոր լուծումներից մեկը Ռուսաստանի հետ միութենական պետությունն է։ Իմ նախագահության օրոք այդպիսի առաջարկ չի եղել, բայց հիմա նման գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ եւ շատ կոնկրետ հաշվարկով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի այս գործընթացի նախաձեռնողը»,- hraparak.am-ի փոխանցմամբ՝ վերջին մամլո ասուլիսում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանին պրագմատիզմի պակասի մեջ չես մեղադրի: Այդ պրագմատիզմով առաջնորդվելով էր, որ 2002-ին, Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում, «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով 100 մլն դոլար պետական պարտքի դիմաց 4 ձեռնարկություն հանձնվեց ՌԴ-ին՝ որպես սեփականություն: Դրանք էին՝ Հրազդանի ՋԷԿ-ը եւ էլեկտրոնային արդյունաբերության երեք ձեռնարկություն՝ «Մարս» գործարանը, Կառավարման ավտոմատացված համակարգերի եւ Նյութաբանության գիտահետազոտական ինստիտուտները։

Այդ պրագմատիզմով առաջնորդելով էր Քոչարյանը յուրաքանչյուր կեղծված ընտրությունից հետո մեկնում «Տիզբոն»՝ Պուտինից իր չունեցած լեգիտիմությունը գնելու, իսկ վերադառնալիս հայտարարում. «Ինքը անվերապահ աջակցություն հայտնեց ինձ»: Եվ քոչարյանական պրագմատիզմի գինը Հայաստանի ինքնիշխանությունից մասհանումն էր Ռուսաստանին:

Երկու պրագմատիկ գործիչներ՝ Պուտինը եւ Քոչարյանը, միմյանց լավ էլ հասկանում էին՝ մեկը վաճառում էր կամ նվիրում, մյուսը՝ գնում:

Քոչարյանին, այո, պրագմատիզմի պակասի մեջ չես մեղադրի, պարզապես այդ պրագմատիզմն ուղղված էր ոչ թե Հայաստանի պետականության պահպանմանը, այլ սեփական իշխանության երկարաձգմանը:

Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության հարցում Հայաստանի հանրության բախտը չի բերել: Շուրջ 25 տարի է՝ ընդդիմություն ու իշխանություն պայքարում են Հայաստանը Ռուսաստանին նվիրելու, վաճառելու, հանձնելու համար:

Միութենական պայմանագրի բելառուսական բարբաջանքն էլ երեւի պրագմատիզմի նոր հեռակարներ է բացել Քոչարյանի համար: Բայց Քոչարյանը դեռ Փաշինյանի պրագմատիզմի աստիճանը չգիտի:

Ռոբերտ Քոչարյանը ճիշտ կվարվի, եթե միութենական առաջին անձնագիրը պատվիրի իր համար: Եթե, իհարկե, Լուկաշենկոն առաջինն ինքն արդեն չի պատվիրել իր համար: Այդ անձնագրով Մոսկվա մեկնելն ավելի դյուրին կլինի Ռոբերտ Քոչարյանի համար:

 

Նարինե Մկրտչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: