Երկուշաբթի, Ապրիլի 28, 2025

Ազատ ամբիոն

Արցախցիների ցավին դարմանող չկա

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Երեւանի Ազատության հրապարակում մարտի 29-ին մասնակցում էինք «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» կողմից նախաձեռնված հանրահավաքին։ Բարձրաձայնված խնդիրները տարաբնույթ ելույթներով վաղուց են մտահոգում արցախցիներին եւ բոլոր նրանց, ովքեր կանգնած են հազարավոր հայրենազուրկների կողքին։

Առաջնային է դառնում Արցախ հավաքական վերադարձի իրավունքի ապահովումը, երբ արցախցիների իրավունքները ոտնահարելով՝ ՀՀ իշխանությունները խափանում են  վերադարձի բոլոր հույսերը՝ կտրկանապես մերժելով անգամ «Արցախ» բառի գործածությունը։ Գուցե հարցնենք, թե ով հանձնեց Արցախը՝ զրկելով մեզ հայրենիքից, մեր տունուտեղից։

Տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, ֆինանսական եւ բնակարանային ապահովման ծրագրերի արժանապատիվ իրականացման պահանջ  ներկայացվեց, երբ մեկուկես տարի է, ինչ բռնատեղահանվել ենք, բայց ոչ մի առաջընթաց չկա, տապալված է բնակարանային ծրագիրը, հազարավորներից ընդամենը 52 ընտանիք է բնակարանի սեփականատեր դարձել, իսկ բնակվարձի 40+10 ծրագրի ոչ արցախանպաստ փոփոխությունները հայրենազուրկներիս հասցնելու են անհուսալի վիճակի։

Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի պահանջից անհնար է խուսանավել, բայց ականատես ենք այս իշխանությունների խուսափողական վերաբերմունքին, ամենօրյա գործածական ոչինչ չասող հայտարարություններին։ Գերիների վերադարձի հարցը պետք է օրակարգ մտնի, շինծու եւ միակողմանի խաղաղության պայմանագիր չի լինում, որտեղ գերիների վերադարձի հարց չկա։

Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության պահանջը կարեւորվում է այնքանով, որ աշխարհի հայացքի ներքո, ՀՀ իշխանությունների անտարբերության քողի տակ վերացնում են Արցախի մշակութային օջախները, դարավոր հուշարձանները, խեղաթյուրում մեր հինավուրց պատմությունը:

Հազարավոր արցախցիների մասնակցությունը հանրահավաքին մի նոր թափ էր ստացել, որ վերջապես արցախցիները հանդես գան իրենց խախտված իրավունքների մասին, բարձրաձայնեն իրենց հոգու ճիչը։

Արցախցիներն այդ օրը հավաքական ուժի օրինակ ցույց տվեցին՝ իրենց առաջնահերթ պահանջները ներկայացնելով ՀՀ իշխանություններին:

 

Նատաշա Պողոսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: