Երկուշաբթի, Ապրիլի 28, 2025

Շաբաթվա անցուդարձ

29 մարտի - 5 ապրիլի 2025թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Գյումրիում եւ Փարաքարում մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները եւ, մասնավորապես, դրանց արդյունքների շուրջ ծավալված բուռն արձագանքները ցույց տվեցին, որ ժողովուրդը վճռական «ո՛չ» է ասում ստի, մանիպուլյացիաների, էժանագին ամբոխահաճության իշխանությանը եւ տենչում է ունենալ ազգային գաղափարներով, արգասավոր ծրագրերով ու մրցունակ ռազմավարությամբ նոր իշխանություն, որը կվայելի համայն հայության վստահությունը: ՔՊ-ական 7-ամյա «տիրապետությունը» Գյումրիում եւ հատկապես Փարաքարում դրսեւորեց իր սնանկությունը՝ հստակ ցուցադրելով հայ ժողովրդի իրական վերաբերմունքը գործող իշխանության նկատմամբ:

Ավագանու արտահերթ ընտրություններով ու քվեարկության արդյունքով փաստվեց, որ տեղի ունեցածը սոսկ համայնքային նեղ նշանակության միջոցառում չէ, այլ անզիջում պայքար հանուն հայոց պետականության եւ հայ ժողովրդի արժեքային համակարգի պահպանման: Ժողովուրդն ուղղակի ջարդեց ազգային սրբությունները ոտնատակ տվող, Արցախն անվանարկող, հայոց պատմության փառավոր էջերն ու հերոսների անմար հիշատակը քամահրող ՔՊ-ական խմբակի եւ նրա թեկնածուի ողնաշարը, մերժեց զազրախոսությունը, անպատասխանատվությունը, հանձնվողական ու անարժանապատիվ վարքագիծը:

Այժմ վերադառնանք նշված համայնքներում ընտրական գործընթացների համառոտ նկարագրությանը: «Միասնություն» դաշինքի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, որը ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, Փարաքար համայնքում սահուն ու միանշանակ հաղթանակ տարավ ՔՊ-ի թեկնածու, գործող համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանի նկատմամբ՝ հավաքելով 57 տոկոս ձայն: Վերջինիս ոչինչ չէր մնում, քան սեղմել առավելության հասած ընդդիմադիր գործչի ձեռքը: Նախնական հաշվարկով՝ «Քաղպայմանագիր» կուսակցությունը ստացել էր 3 հազար 669 քվե, «Միասնություն» կուսակցությունների դաշինքն է՝ 6 հազար 508 քվե:

Գյումրիում իրավիճակը մի փոքր այլ էր. «Քաղպայմանագիր»-ը՝ ի դեմս Սարիկ Մինասյանի, անգամ վարչական ռեսուրսների ու ընտրակեղծիքների ողջ «ներկապնակի» գործադրմամբ՝ չկարողացավ հաղթահարել 50+1-ի շեմը եւ բավարարվեց ընտրողների ձայների ընդամենը 36,21 տոկոս կամ 17 հազար 183 քվե արդյունքով: Իսկ ավագանի անցած 4 ընդդիմադիր ուժերին հաջողվեց ձայների միագումար արդյունքով հատել 50 տոկոսի սահմանագիծը՝ ապահովելով 27 հազարից ավելի քվե: Եվ քանի որ նախնական արդյունքներով քաղաքական ուժերից ոչ մեկն առանձին չկարողացավ 50 տոկոսից ավելի ձայն հավաքել՝ հետեւաբար համայնքի ղեկավար ընտրելու համար քաղաքական կոալիցիաներ կազմելու կարիք զգացվեց:

Հիմա հարց է, թե ինպիսին է լինելու ավագանի անցած 5 քաղաքական միավորների (մեկ իշխանական եւ չորս ընդդիմադիր) դասավորվածությունը, ով ում հետ է միանալու եւ այլն: Անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր քառյակի ղեկավարները նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել էին, որ չեն պատրաստվում կոալիցիա կազմել ՔՊԿ-ի հետ։ Սա նշանակում է, որ ընդդիմադիր ուժերի միավորման դեպքում վերջիններիս միագումար արդյունքը կանցնի 50+1-ի սահմանագիծը, եւ Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ: Ինքնին հասկանալի է, որ դրա համար մյուս երեք ընդդիմադիրները պետք է միանան իրենց մեջ ամենաշատ քվեն (20,8 %) հավաքած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին:

Ընդդիմադիր երկու ուժերը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը եւ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանն արդեն հայտարարել են, որ կմիանան Ղուկասյանին։ «Պատրաստ եմ մեր լրիվ կազմով՝ առանց որեւէ նախապայմանի, առանց որեւէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին»,- Ֆեյսբուքում գրել է Մխիթարյանը։ Կարեն Սիմոնյանն էլ նշել է, որ իրենց յուրաքանչյուր գործողություն միտված է լինելու որպեսզի «իշխանազրկեն «Քաղաքացիական պայմանագրին»։

Այժմ «գնդակը» 15,7 % ձայն հավաքած՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության թեկնածու Մարտուն Գրիգորյանի դաշտում է, արդյոք պատրա՞ստ է միանալ Գյումրիի նախկին քաղաքապետին, որի հետ, ի դեպ, «հին հաշիվներ» ունի: Կշեռքի նժարներից մեկին անցած-գնացած ինչ-որ միջանձնային գժտություններ են, մյուսին՝ Հայաստանի ճակատագրին առնչվող կարեւոր հրամայական: Սա յուրօրինակ թեստ է «պատիվ ունեցող» ընդդիմադիր պատգամավորի համար: Հանրությունը նրա հստակ պատասխանին է սպասում:

Հ.Գ. Երբ գրում էի այս տողերը, Մարտունը դեռ չէր խախտել լռությունը, բայց առնվազն երկու անգամ կրկնել էր կարճ ու սփոփիչ մի նախադասություն. «ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենա»: Հուսանք:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Քառօրյա այցով տարածաշրջանում էր Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որը Երեւան էր ժամանել մարտի 30-ին, որտեղ հանդիպումներ էր ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շտայնմայերը շնորհավորել է Երեւանին եւ Բաքվին խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության հասնելու համար՝ նշելով, որ «փաստաթուղթը կարող է ճանապարհ բացել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար»։ Գերմանիայի նախագահն այցելել է մի շարք վայրեր, այդ թվում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի է տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապրիլի 1-ին նա Երեւանից մեկնել է Բաքու:

Շաբաթվա բոլոր օրերին, հաճախ էլ օրը մի քանի անգամ, Ադրբեջանը շարունակում էր ՀՀ-ի կողմից հրադադարը խախտելու վերաբերյալ կեղծ հաղորդագրությունների տարածումը, որոնց համբերատարորեն արձագանքում էր Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ հայտարարելով, որ Բաքվի տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Ավելին՝ ըստ հայկական կողմի հաղորդումների, այդ բոլոր օրերին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել Սյունիքի մարզի բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետեւանքով Խնածախում վնասվել է բնակելի տուն: Տեղից «Ազատության» հետ զրույցում ասել էին, որ կրակոցների ձայներն այնքան բարձր էին, որ կարծես պատուհանի տակ կրակեին: Դեպքերի ու տվյալների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու՝ ՀՀ-ի առաջարկներն Ադրբեջանը ցայսօր անտեսում է:

Ազատության հրապարակում մարտի 29-ին տեղի ունեցավ երեքհազարամյա բնօրրանից բռնի տեղահանված արցախցիների հանրահավաքը, որին հազարավոր քաղաքացիներ էին հավաքվել: Հանրահավաքն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության թեմայով էր՝ արցախցիների հավաքական վերադարձի հարցի առաջմղում, գերիների ազատ արձակում եւ սոցիալական այլ խնդիրներ: Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նստացույց է կազմակերպել հրապարակում, ձեւավորել տեղադրել վրաններ եւ շտաբ ձեւավորել: Ակցիայի մասնակիցները կառավարությանը ներկայացրին իրենց պահանջները եւ մեկ շաբաթ ժամանակ տվեցին իրենց խնդիրները լուծելու համար:

Պատգամավորական մանդատը վայր դնելու մասին է ապրիլի 1-ին հայտարարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճող): Անցած կիրակի Գյումրիում իր մասնակցությամբ միջադեպը Գաբրիելյանը համարել է «ՀՀ ԱԺ պատգամավորի վարքագծին ոչ վայել»։ Հիշեցնենք, որ Մարտի 30-ին լրագրող Կորյուն Սիմոնյանը մոտեցել էր Գյումրիում շրջող Գաբրիելյանին՝ հարցեր տալու: Լրագրողի հարցին, թե խմա՞ծ է արդյոք, պատգամավորը սեռական բնույթի հայհոյանքով պահանջել էր, որ չհրապարակի տեսանյութը: Որոշ լուրերի համաձայն՝ մանդատը վայր դնելու պահանջը Փաշինյանինն է:

Ապրիլի 26 2025
Ապրիլի 19 2025
Ապրիլի 12 2025
Մարտի 29 2025
Մարտի 22 2025
Մարտի 15 2025
Մարտի 07 2025

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: