Շաբաթ, Հուլիսի 25, 2026

Ազատ ամբիոն

Մերոնք եւ Պապ թագավորը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ես ուրախ եմ, որ Հայաստանում փողոցների անունները դրվում են Հայոց արքաների պատվին։ Պապ թագավորը մեր պատմության կարեւոր դեմքերից մեկն է եղել, եւ լավ է, որ Երեւանի Հանրապետության հրապարակին հարող փողոցը կոչվելու է Պապ թագավորի անվամբ։

Բայց Պապ թագավորով ոգեւորված Հայաստանի իշխանություններին տեղեկացնեմ, որ 4-րդ դարում Պապին իշխանության բերեց Հռոմեական կայսրությունը, ժամանակակից լեզվով ասած՝ Արեւմուտքը, ավելի կոնկրետ՝ Եվրոպան։ Որ ավելի հասկանալի լինի՝ Պապ թագավորը Եվրոպայի (Հռոմի) մարդն էր Հայաստանում, ու Եվրոպան (Հռոմը) ուզում էր, որ Պապ թագավորը լինի իր համար ձեռքի խաղալիք։

Այդպիսի խաղալիք Եվրոպայի (Հռոմի) ձեռքին 1-ին դարում եղել էր Հայաստանի Էրատո թագուհին՝ ծախելով մեր հողերը։ Մոտավորապես այնպես, ինչպես հիմա են անում եվրոպացիները։ Բայց Պապը խելացի հայ մարդ էր։ Որոշեց երբեմն չանել Եվրոպայի (Հռոմի) պահանջները։ Ու գիտե՞ք ինչ եղավ։ Եվրոպան (Հռոմը) սպանեց Պապ թագավորին։

Հասկանում եմ, թե մեր օրերում ինչու են իշխանիկները գլուխը կախ անում Եվրոպայի պահանջների առջեւ, տրվում թուրքերին, հրաժարվում մեր պատմական հողերից, ինչպես ժամանակին անում էր Էրատոն։ Բնականաբար, Պապ թագավորի ճակատագրին չարժանանալու համար։ Միայն թե չեմ հասկանում, թե ինչու են սրանք Պապ թագավորին այդքան պաշտում։

Երեւի դեռ չգիտեն, որ Պապը չէր սիրում Եվրոպան (Հռոմը) եւ նույնիսկ զգացել էր իր սխալը եւ ուզում էր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ իր հարաբերությունները կարգավորել, ուժեղացնել Եկեղեցու դերը, բայց Եվրոպան սպանեց նրան, որ Հայաստանը մնա իրենից կախվածության մեջ եւ թույլ։

Հիմա Պապ թագավորին պաշտելով՝ Հայաստանի իշխանությունները դե՞մ են դուրս գալիս Եվրոպային, թե՞ ուղղակի երեսանց են սովորել Պապի մասին պատմությունները։

 

Նաիրի Հոխիկյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: