Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2024

Ազատ ամբիոն

Ա՜խ, Երեւան…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Իշխանությունները Երեւանը համարում էին «փողի վրա նստած» մայրաքաղաք։ Դրա համար ավերել են պատմական Երեւանը, որ փող «քերեն», ծառազրկել են Երեւանը, որ փող աճեցնեն տապալված ծառերի տեղը:

Նոր իշխանությունները նախկինների հանգույն Երեւանը եւս դիտարկում են որպես «փողի վրա նստած մայրաքաղաք»։ 2018թ. Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, «Նոր Հայաստանին՝ նոր տոնածառ» կարգախոսն իրագործելու համար քաղաքային բյուջեից 71 մլն դրամ հատկացրեց մայրաքաղաքի գլխավոր տոնածառի եւ տոնական լուսավորության համար։

Նոր Հայաստանն արագորեն  վերադարձավ հնին, եւ ընդամենը  չորս տարի առաջ գնված տոնածառն ու Ամանորի լուսավորությունը չգոհացրեցին Երեւանի այսօրվա քաղաքային իշխանությանը, որը որոշել է բարձրացնել խաղադրույքները՝ այս Ամանորին լուսավորությանը հատկացնելով 950 հազար դոլար։ Այդ գումարը ծախսելու համար Երեւանի ամենագեղեցիկ, գողտրիկ ճարտարապետական կառույցը՝ ՀՀ կառավարության շենքը, ենթարկվեց սադիստական վայրագությունների՝ Երեւանի սիրտը սկսեցին անխնա մեխապատել։

Իհարկե, երբ ոչինչ չես կարողանում ստեղծել. ավերելն ավելի դյուրին է։ Հայկական տարածքներն անվրդով  թշնամու հանձնելուց մինչեւ թամանյանական ճարտարապետության հանդեպ վայրագություններ ընդամենը երկու տարի էր պետք։

Ես եղել եմ աշխարհի բազմաթիվ մայրաքաղաքներում, տեսել եմ հոյակերտ կառույցներ, հրապարակներ, սակայն Երեւանի Հանրապետության Հրապարակն անկրկնելի է։ Հանրապետության Հրապարակն այնքան գեղեցիկ է, որ այն ավելորդ պաճուճանքներով պարուրելը միայն վատ ճաշակի մասին է խոսում։

Սկանդինավյան մայրաքաղաքներից մեկում՝ Կոպենհագենում, ես երեք տարի անընդմեջ Սուրբ Ծննդյան տոներին տեսել եմ նույն լուսավորությունը, նույն տոնածառը, նույն զարդարանքները, եւ դրանից անդերսենյան քաղաքն իր հեքիաթը բնավ չէր կորցնում: Համոզված եմ՝ հիմա էլ այնտեղ Ծննդյան տոների նույն զարդարանքներն են լինելու։

Երեւանն ավերել եւ ավերում են նեղ, սահմանափակ մտածելակերպով եւ երեւակայության պակաս ունեցող, մայրաքաղաքը «փողի վրա նստած» համարող, անսիրտ, անհոգի իշխանությունները։

2022-ի տարեմուտի եւ 2023-ի Ամանորի Երեւանն այս անգամ էլ զոհաբերվում է Տիգրան Ավինյանի անզուսպ ընտրարշավին։

Ա՜խ, Երեւան։

 

Նարինե Մկրտչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: